Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով»:
«ՉԻ». Տարօրինակ է։ Հանրապետության ամեն 3-րդ քաղաքացին վարկառու է, բայց 290 հազարից քաղաքացուց մեր շուրջը չհատնաբերեցինք գոնե մեկ մարդու, որը հաստատեր վարչապետի հայտարարած փաստը։
Ուսումնասիրելով Հայաստանում գործող շուրջ մեկուկես տասնյակ բանկերի հայտարարությունները՝ արձանագրեցինք, որ վարկային արձակուրդ, որպես այդպիսին, Հայաստանում, կարելի է ասել՝ չկա։ 15 բանկ, կարծես մեկը մյուսից արտատպելով, հայտարարել է, որ վճարման ուշացումների համար (տրվում է 1-ից 2 ամիս ժամանակահատված) չեն կիրառվի տույժեր և տուգանքներ, տվյալ ժամկետում ուշացումները չեն համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում կամ ժամկետանց, բայց, մեջբերենք՝ «այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում ենք կատարել վարկերի հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»:
Իսկ «վճարման ուշացում» և «վարկային արձակուրդ» հասկացությունները, մեղմ ասած, նույն բանը չեն։
Թեև 5 բանկ «մեղմացուցիչ» պայմաններ էլ են առաջարկել՝ 2 ամսվա չվճարած գումարները վերաբախշել հաջորդ 6 ամիսների վրա, ինչը նույնպես «վարկային արձակուրդ» չէ, այլ վարկային բեռի ծանրացում է։ Մի 2 բանկ էլ նույն տրամաբանության համատեքստում հայտարարել են, որ անհատական մոտեցում կցուցաբերեն հաճախորդների նկատմամբ։
Հիմա հարց. ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը նման գրառում կատարել։ Պոպուլի՞զմ է, չի՞ տիրապետում իրավիճակին, թե՞ «հետաձգում» բառը խառնելով «արձակուրդ» բառի հետ մանուպուլյացիայի է դիմել։
Ի օգուտ վարչապետի, հավելենք, որ Հայաստանում գործող միայն մեկ բանկ է հաճախորդների համար հայտարարել «վարկային արձակուրդ»՝ իր հայտարարությունում հստակ գրառելով, որ «վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 2-5 և ավելի ամսով»։
Համենայն դեպս, պարտադիր ինքնամեկուսացված քաղաքացուն իսկապես պետք է «վարկային արձակուրդ», թեկուզ դա 1-2 տոկոս «անբարեխիղճներին» էլ հասնի։