...

Վերադառնալ այն կետին, որտեղ սխալվել ենք

Վերադառնալ այն կետին, որտեղ սխալվել ենք

Այո, Հայաստանում հրդեհ է, և հունիսի 20-ին հրդեհի մարման աշխատանքները սկսելու հնարավորություն կա։ Բայց էմոցիոնալ ֆոնը չափազանց ուժեղ է, և ամենօրյա լրատվական հոսքերն ավելի են մեծացնում առաջիկա ընտրությունների էմոցիոնալ բաղադրիչը՝ երկրորդ պլան մղելով իրավիճակը սթափ գնահատելու անհրաժեշտությունը։ Եվ սա հասկանալի է։ Անգամ հրդեհի պայմաններում գլխավոր հրկիզողը շարունակում է բենզինի դույլը ձեռքին հիստերիկ գոռգոռոցներով այսկողմ-այնկողմ վազվզել, և էմոցիաներով առաջնորդվողները, բնականաբար, նախապատվությունը տալու են ոչ թե նրան, ով լավագույնս կմարի հրդեհը, այլ նրան, ով ամենադաժան ձևով «կծեծի» հրկիզողին։ Մինչդեռ իրավիճակն այնպիսին է, որ բացարձակ առաջնահերթությունը հրդեհը մարելն է, իսկ մեղավորներին պատժել կարելի է նաև դրանից հետո։

Ու քանի որ մինչև հունիսի 20-ը դեռ բավական ժամանակ կա, մինչ այդ կարևոր է հասկանալ, թե ինչու այնուամենայնիվ Հայաստանը հայտնվեց այս իրավիճակում, որն էր հիմնական սխալը, և որ պահից Հայաստանը սկսեց շարժվել սխալ ուղղությամբ։ Պարզ ասած՝ արդյո՞ք Հայաստանը ճիշտ ուղղությամբ էր շարժվում մինչև 2018-ը և միայն քայլող պատուհասների հաղթանակից հետո շեղվեց ճիշտ ուղուց, կամ գուցե ճիշտ ուղղությամբ էինք շարժվում մինչև 2008-ը և միայն Սերժ Սարգսյանի գալո՞վ սկսեցինք շարժվել սխալ ուղղությամբ, թե՞ այնուամենայնիվ սխալ ճանապարհի առաջին քայլը 1998-ից հետո ենք արել։ Սա հասկանալն իսկապես կարևոր է, որովհետև եթե ինչ-որ ճամփաբաժանում սխալ ուղղությամբ ենք գնացել ու հայտնվել անդունդում, պիտի վերադառնալ ու ընտրել ճիշտ ուղղությունը, հետևաբար՝ առաջնայինը սխալի մեկնակետը գտնելն է։

Սկսենք 2018-ից։ Արդյո՞ք դրանից առաջ ամեն ինչ ճիշտ էինք անում։ Իր իշխանության տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը փորձեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, բայց ոչինչ չստացվեց։ Հետո փորձեց եվրաինտեգրումը համատեղել ԵԱՏՄ-ի հետ ինտեգրմամբ ու դարձյալ ձախողվեց։ Հետո ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ուժերի բալանսն էականորեն փոխվել է Ադրբեջանի օգտին, բայց անգամ լրջագույն զիջումների գնով ղարաբաղյան խնդիրը լուծել չկարողացավ (կամ չցանկացավ)՝ Ադրբեջանն արդեն ավելին էր ուզում։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ քայլերն անում էր բավականին ապաշնորհ ձևով, ընդ որում՝ երկրի ներսում առանձնապես աջակցություն չունենալով, բայց նաև այնպես չէ, որ իր փոխարեն մեկ ուրիշի նույն քայլերը նույն իրավիճակում էականորեն այլ արդյունքներ կունենային։ Այսինքն՝ հիմնական սխալն ավելի վաղ էր տեղի ունեցել՝ մինչև 2008-ը, և նա, իշխանության գալով, ընդամենը շարունակեց սխալ ընթացքը։

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել 2008-ից առաջ՝ Քոչարյանի նախագահության տասը տարիներին։ Տեղի էր ունեցել այն, որ Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան խնդիրը կարգավորելու փոխարեն ընտրել էին ժամանակ ձգելու և ստատուս-քվոն պահպանելու ճանապարհը՝ համարելով, որ Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում։ Հարյուր տարի զարգանալ, իհարկե, չստացվեց։ Անգամ տասը տարի չստացվեց, որովհետև արդյունքը եղավ այն, որ ռազմավարական ենթակառուցվածքները վաճառվեցին, լուրջ գումարներ մտան երկիր, բայց դրանք վերածվեցին ընդամենը «Հյուսիսային պողոտաների» ու ռեստորանների, ձևավորվեցին օլիգարխներ, որոնց վրա էլ կառուցվեց պետական կառավարման համակարգը, իսկ այդ ընթացքում ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ձևական բնույթ էին կրում։ Քոչարյանին դրանք պետք չէին, որովհետև ավելորդ գլխացավանքների մեջ չէր ուզում ընկնել (ինքը համարում էր, որ մենք այդ հարցը լուծել ենք), իսկ Ադրբեջանին պետք չէին, որովհետև նրանք հասկացել էին, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ 

Այլ կերպ ասած՝ սխալը տեղի է ունեցել 1998-ին։ Ավելի ճիշտ՝ 1997-ի վերջին, երբ ռազմաքաղաքական էլիտան որոշեց կարգավորելու փոխարեն սառեցնել հակամարտությունը։ Իսկ սա նշանակում է, որ ուզած-չուզած պիտի վերադառնանք սխալի մեկնակետին ու այնտեղից շարժվենք ճիշտ ուղղությամբ։ Հասկանալի է, որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ուժերի հարաբերակցությունն ու տարածաշրջանային իրողությունները՝ նույնպես, բայց հիմնական երկընտրանքը նույնն է՝ առաջնորդվել առողջ տրամաբանությա՞մբ, թե՞ արկածախնդրության տանող էմոցիաներով։ Այս երկընտրանքի առջև ենք կանգնած եղել 1997-ին ու սխալ ընտրություն ենք կատարել։ Գուցե գոնե հիմա՞ փորձենք ուղղել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ