Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախկիններից որոշների չափ խելք, հայրենասիրություն ու նվիրում ունեցեք»:
«ՉԻ». Կարելի է լինել ցինիկ, շատ ցինիկ և Արփինե Հովհաննիսյան:
Տիկինը գրեթե նկարագրել է իդեալական իշխանության առաքինությունները, որոնք հնարավորություն կտան ցանկացած իշխանության մշտապես վայելել ժողովրդի աջակցությունը և համակրանքը: Մնում է հասկանալ՝ եթե իմացել են դեղատոմսը, ինչո՞ւ են 180 աստիճան հակառակը արել: Իսկ հակառակը անելու ապացույցը տոտալ մերժումն էր:
Իհարկե, Արփինե Հովհաննիսյանի ամբարտավանությունը իրեն թույլ կտա հայտարարելու, որ ժողովուրդն էր անխելք՝ չհասկացավ և չգնահատեց նախկինների խելքը, հայրենասիրությունը և նվիրումը:
Միաժամանակ, առաքինություններից երկուսի՝ խելքի ու նվիրումի վերաբերյալ սերը, այնուամենայնիվ դրսևորվել է նախկինների մոտ՝ պարզապես դրա խեղված տարբերակով: Այո, խելք էր պետք, որպեսզի մի ամբողջ ժողովուրդ գնար և չընտրեր ձեզ, բայց ընտրությունների արդյունքները այլ բանի մասին վկայեին: Այն մեխանիզմները, որ դրված էին ընտրությունների կեղծման հիմքում, իսկապես մտավոր ընդունակություններ էին պահանջում: Օրինակ՝ գողացված փողերը օրինականացնելու, լվանալու մեխանիզմները նույնպես խելք էին պահանջում:
Նվիրում չէ, բա ի՞նչ է. ՀՀԿ խորհրդի 90 տոկոսը մեղադրվում է յուրացման, թալանի, ապօրինի գույք ձեռք բերելու և այլ հանցագործությունների մեջ: Հիմա այդ մարդկանց նվիրումն էլ այդպիսի նվիրում էր: Անմնացորդ նվիրում փողին, ամեն գնով, ամեն տեղ, ամեն րոպե մի բան թռցնել պետությունից ու ժողովրդից:
Նախկին իշխանություններին չտրվեց քաղաքական գնահատական, դրա պատճառով էլ այսօր վայելում ենք հանրապետականների փոքրիկ գեբելսիկների այսօրինակ այլանդակությունները: