...

Խոսող ձուկը

Խոսող ձուկը

Լինում են, չեն լինում` մի մարդ ու կնիկ են լինում: Էս մարդը մի օր զանգում է 550-551 ու Ջերմուկի կարմրախայտ պատվիրում: «Ինչ կլինի, ինձ մի պատվիրի, ասում է ձուկը: Ժամանակը կգա` ես էլ քեզ լավություն կանեմ»: «Լավ», մտածում է մարդը: Այդ պահին նրան է մոտենում մի քաջ վոյին. «Տեսնում եմ, որ տնտեսական աճը քեզ վրա չի ազդել, առ քեզ մի կով տամ, գնացեք ապրեք: Բայց իմացեք հա~, ուղիղ մի տարի հետո գալու եմ ու հարցեր եմ տալու: Եթե չպատասխանեցիք` անզգույշ քաշքշելու եմ»: Ասում է, կովը տալիս, թողնում-գնում: 

Մի տարին անցնում է: Երեկոյան էս մարդն ու կնիկը տխուր-տրտում սպասում են վոյինին: Հանկարծ դուռը ծեծում են. «Օտարական մարդ եմ, թողեք գիշերը մնամ ձեր տանը»,- ասում է մի անծանոթ: «Էս երևի 100 հազար զբոսաշրջիկներից կլինի»,- մտածում է մարդը, բայց բարձրաձայն ասում է. «Հյուրն աստծունն է, միայն թե վոյինը գալու է մեզ կլիզմա անի»: «Ոչինչ, ասում է անծանոթը, ես նրա պատասխանը կտամ»: 

Քիչ անց դուռը նորից ծեծում են: «Եկա՛լ եմ»,- լսվում է մի նյարդացած ձայն:

«Ես էլ եմ եկել»,- ասում է անծանոթը:

«Որտեղի՞ց ես եկել»:

«Ծովի այն կողմից»:

«Ինչո՞վ ես եկել»:

«Հայկական ավիաուղիների սամալյոտը նստել եմ, սաղ-սալամաթ տեղ հասել»:

«Ուրեմն ծովը պզտիկ էր»:

«Ի՞նչ պզտիկ, դաշնակի երազած Հայաստանից մի քսան անգամ մեծ կլինի»:

«Ուրեմն դաշնակը կախակայված է»:

«Ի՞նչ կախակայված, հիսուն հատ Ստամբուլ տաս` կես ժամում կդարձնի արյան ծով»:

«Ուրեմն Ստամբուլը փոքր քաղաք է»:

«Ի՞նչ փոքր, Սադոյանի տղու հարսանիքի հյուրերը մեջը չեն տեղավորվի»:

«Ուրեմն հարսանիքը մեծ է եղել»:

«Ի՞նչ մեծ, Անդրանիկ Մարգարյանը երկու րոպեում սաղ ուտելիքները կուտեր»:

«Ուրեմն Անդրանիկ Մարգարյանը լավ ախորժակ ունի»:

«Ի՞նչ ախորժակ, ապրում է իր համեստ աշխատավարձով, դեռ մի բան էլ խնայում է»:

«Ուրեմն աշխատավարձը մեծ է»: «Ի՞նչ մեծ, պետավտոտեսչության աշխատողին տաս` չի վերցնի»:

«Ուրեմն ազնիվ է»: «Ի՞նչ ազնիվ, առաջիկա ընտրություններին իր ձայնը տալու է Քոչարյանին»: 

Էստեղ վոյինը պապանձվում - մնում է: Զգում է, որ ներսում մի ուժ կա, որին ինքը հաղթել չի կարող: Թողնում, հեռանում է: Մարդն ու կնիկն էլ էն անծանոթին շնորհակալություն են հայտնում ու խնդրում, որ գոնե անունն ասի: «Ես էն Ջերմուկի կարմրախայտն եմ, որին ուզում էիք պատվիրել»,- պատասխանում է անծանոթն ու անհետանում: 

«Չորրորդ իշխանություն», No 251 (ինտերնետային No411), դեկտեմբերի 3, 2002 թ., երեքշաբթի

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   24770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ