...

Խոստովանեցին, որ Տեր-Պետրոսյանը չէր վրիպել

Խոստովանեցին, որ Տեր-Պետրոսյանը չէր վրիպել

Ռոբերտ Քոչարյանն այսօր Արագածոտնի մարզում մանրամասներ է պատմել 2020թ. պատերազմի ավարտից հետո ներքաղաքական գործընթացներում իր ներգրավվածության մասին: 

«Եթե փորձում ենք խորհրդարանով ընտրել ժամանակավոր վարչապետ, ապա ասեմ, որ ես վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կարող էր ձայն տալ։ Նրանք ինձանից վախենում են և, ի դեպ, ճիշտ են անում։ Որպես Շարժման ղեկավար, պետք էր առաջադրել այնպիսի մարդու, ում նրանք բանտում չեն պահել, որի վրա արհեստական քրեական գործեր չեն կարել։ Ընդամենը պետք էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից 20-25 պատգամավոր դուրս գային, միանային ընդդիմությանը և ընտրեին ժամանակավոր վարչապետ։ Մենք կխուսափեինք այս թեժ քաղաքական իրավիճակում անցկացվող ընտրություններից և դրանք կկազմակերպեինք մեկ տարի անց՝ ավելի հանդարտ մթնոլորտում։ Հիմնական նպատակը սա էր։ Բայց այդ 20-25 հոգին դուրս չեկան, ժողովրդի կողմից էլ չեղավ այդ պոռթկումը, բոլորը շոկային վիճակում էին։ Բավարար զանգված չհավաքվեց, և շարժումը որոշակի դժվարությունների առաջ կանգնեց։ Կրկնում եմ՝ ես այն վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կընտրեր վարչապետ։ Իմ՝ փողոց դուրս չգալու պատճառը դա էր»:

«ՉԻ». Պետք է ասենք, որ զարմանալիորեն անկեղծ է ասել Ռոբերտ Քոչարյանը: Վերջը խոստովանեց, որ պատերազմից հետո «Հայրենիքի փրկության շարժում» ասածը իր պրոյեկտն է եղել, որի միակ նպատակը եղել է իրեն վարչապետ դարձնելը: Իհարկե, մենք սա գիտեինք, հասկանում էինք, որ Վազգեն Մանուկյանն ընդամենը շիրմա է, շղարշ, գործիք, որին օգտագործելով, Քոչարյանը մտադիր էր իշխանության գալ: Երբ Վազգեն Մանուկյանը հայտարարում էր, որ Նիկոլին հեռացնելուց հետո ընդամենը մեկ տարով է վարչապետ լինելու, դա էլ էր պարզ, մեկ տարին նրա համար է, որպեսզի բոլոր լծակները հավաքի, անհրաժեշտ հող նախապատրաստի՝ Քոչարյանի ճանապարհը բացելու համար: 

Եթե Քոչարյանն ինքն է խոստովանում, որ հանրության համար ամենաանընդունելի դեմքերից մեկն է, ապա հասկանալի է, թե ինչու «Հայրենիքի փրկության շարժումը» տապալվեց: 
Բայց մենք այլ բան հիշեցնենք. մայիսի 5-ին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր այդքան աղմուկ հանած հոդվածով, որտեղ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին առաջարկել էր դաշինք կազմել: 

Հոդվածում Առաջին նախագահը գրել էր. «Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»:

Նույն օրը Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն արձագանքեց՝ հայտարարելով. «Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել»:

Փաստորեն, վրիպում չէր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1189 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ