Հայաստանը շատ մեծ ջրբաժանի առջև է կանգնած: Քաղաքական ուժերը շարունակում են միմյանց մեղադրել և չընդունել սեփական սխալները:
Բայց վերջին 2.5 տարում հատկապես շատ ենք լսել մի մեղադրանքի մասին՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է: Քոչարյանական և սարգսյանական մեդիաներն ու նրանց հետ առնչություն ունեցող քաղաքական գործիչներն այս թեզն այնքան հաճախ էին շրջանառում, որ երբեմն կարելի էր տպավորություն ստանալ՝ անկեղծորեն հավատում են իրենց ասածին:
Այս թեզի հիմնավորման համար որպես փաստարկ բերվում էր նաև այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գործող կառավարությանը չէր ենթարկում կոշտ քննադատության, իսկ նրա շատ համակիրներ կա՛մ լոյալ էին, կա՛մ պաշտպանում էին Փաշինյանին:
Եվ այստեղ է առաջին նախագահի թիմի և նրա հաջորդների կողմնակիցների մեծ տարբերությունը: Առաջին նախագահը և նրա թիմը չէին կարող և ցանկություն էլ չունեին քննադատելու նոր կառավարությանը 2018 թվականի մայիսի 8-ից սկսած: Շատ պարզ պատճառով. չունեին նախատրամադրվածություն հենց առաջին օրվանից քննադատել մի կառավարության, որը դեռ չէր էլ սկսել գործել: Բայց, օրինակ, հենց այդ թիմն էր քննադատում Փաշինյանի շատ նշանակումներ, քանի որ ակնհայտ էր՝ պաշտոնների էին նշանակվում մարդիկ, որոնք նախ չունեին պրոֆեսիոնալ հմտություններ, և հետո՝ սերտ կապեր ունեին նախորդ կոռումպացված ռեժիմի հետ:
Այլ էին մյուս ճամբարի գործունեության դրդապատճառները: Իշխանություն էին կորցրել, ըստ այդմ՝ հարստանալու շարունակական հնարավորությունը և փոխարենը վտանգ կար, որ կարող են արդարադատության առջև կանգնել:
Առաջին նախագահի թիմը սկսեց քննադատել կառավարությանը, երբ ակնհայտ դարձան ոչ թե փոքր վրիպումները, այլ ռազմավարական բնույթի սխալները, որոնք ի վերջո բերեցին մեծ պարտության: Հենց այս թիմն առաջինը քննադատեց Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» ամբոխահաճո հայտարարությունը՝ օբյեկտիվորեն հիմնավորելով, որ սեփական վարկանիշը բարձրացնելու դիմաց կարող ենք ստանալ մեծ բարդություններ:
Հաջորդ օրինակը. այսօր հրապարակում գոռացողներից ոչ մեկը չասաց, որ Սևրի պայմանագրի մասին անիմաստ հոխորտանքների ժամանակը չէ: Փոխարենը պնդում էին, թե դավաճանություն կլինի ամենաբարձր մակարդակով դրա մասին չհիշատակելը: Իսկ Փաշինյանին թվում էր, թե ամենաճիշտ տարբերակն այն է, որ անի այն, ինչի մեջ իրեն մեղադրում են՝ դրանով նախկիններին զրկելով խաղաքարտերից:
Ըստ այդմ, հայտնի ուժերը հիմա ինչ-որ բան պահանջելուց առաջ, ճիշտ կանեն խոստովանեն՝ հանրությանը 2.5 տարի գցել են թյուրիմացության մեջ: Առնվազն 2013 թվականից Նիկոլ Փաշինյանը որևէ առնչություն չունի առաջին նախագահի և նրա քաղաքական ժառանգության հետ: