...

Ամեն մի մեղադրյալի փախուստն ու ազատության մեջ հայտնվելը քոչարյանականներն իրենց հաղթանակն են համարում

Ամեն մի մեղադրյալի փախուստն ու ազատության մեջ հայտնվելը քոչարյանականներն իրենց հաղթանակն են համարում

Մեղադրյալ Քոչարյանի աջակիցներն արդեն անթաքույց հայտարարում են, որ ի հեճուկս վարչապետի՝ ունեն Ազգային անվտանգության ծառայություն, ի հեճուկս վարչապետի՝ ունեն ոստիկանություն, ի հեճուկս վարչապետի՝ ստացել են սահմանադրական դատարան, որը հիմա գործադիրից հաստատ անկախ է գործում, ի հեճուկս վարչապետի՝ կան արժանապատիվ և օրինապաշտ դատավորներ։ 

Առաջին հայացքից դժվար է չհամաձայնել, բայց միայն առաջին հայացքից։ Հանրությունը մերժել է նախկին կոռումպացված համակարգը, և Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ազատ, արդար ընտրություններով, հետևաբար իրավական համակարգը ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի չի գործում, գործում է՝ ի հեճուկս պետության ու հասարակության, և Նիկոլ Փաշինյանի պարտությունը պետության ու հասարակության պարտությունն է։ Իհարկե, այս ամենը, ինչը ոգևորում է հակահեղափոխականներին, Նիկոլ Փաշինյանի թավիշի հետևանքն է, և միակ պատասխանատուն ինքն է, ինչքան էլ հայտարարի, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Իշխանության է եկել հեղափոխության շնորհիվ և հեղափոխության պահանջները չի կատարում։ 

Հեղափոխության հիմնական պահանջը համակարգային փոփոխությունն է։ Հեղափոխությունը չի ասում, որ նախկինների կադրերի փոխարեն պիտի լինեն ներկաների բյուրեղային կադրեր։ Հեղափոխությունը էվոլյուցիա չի սիրում, այս մասին Հայաստան 24.com-ը բազմիցս նշել է։ Հեղափոխությունից  անցել է 19 ամիս, նույնիսկ էվոլուցիոն ճանապարհով փոփոխություն չի անում։ Հետևանքն ակնհայտ է, ծանրագույն մեղադրանք է առաջադրվում՝ երեխաների վաճառք, մեղադրյալներն ազատություն են վայելում և, եթե ցանկություն ունենան, կարող են նաև երկրից դուրս գալ։ Մի երկու օր առաջ նախկին դատավոր Սամվել Ուզունյանը, որ մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ, լքել է Հայաստանը, և այս պահին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, դատավորին առանց կողմնակի աջակցության չէր հաջողվի Հայաստանի սահմանը հատել։ Հետհեղափոխական Հայաստանում ծանրագույն մեղադրանք առաջադրված մեղադրյալներին բռնել-բաց թողնելը և հետո հետախուզում հայտարարելը դարձել է սովորական բան։ Մտահոգիչ է։ ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, իշխող կուսակցությունը ՍԴ ճգնաժամից առավել կարևոր ի՞նչ ուներ, որ մինչև այսօր ՍԴ-ի խնդիրը չի լուծել, և հարվածը չուշացավ։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանի ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր իր որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից»։
Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին:

Ջավահիր Այվազյան

Հ.Գ. Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը: Հրայր Թովմասյանի այս որոշումը եկավ հաստատելու, որ իսկապես ՍԴ դատարանը նախկինների շահերին է ծառայում, մանկավաճառության մեջ կասկածվողները ազատության մեջ են, սա էլ ապացուցում է, որ դատարանները նույնպես սպասարկում են նախկինների շահերը։ Իսկ Սամվել Ուզունյանի փախուստն ո՞վ է կազմակերպել։ Եթե մեղադրյալները կարող են անարգել սահմանը հատել, այդ դեպքում որտե՞ղ են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ մեղադրյալ Քոչարյանի աջակիցների պնդումները պատահական չեն։ Ամեն մի մեղադրյալի փախուստն ու ազատության մեջ հայտնվելն իրենց հաղթանակն են համարում։ 

Նիկոլ Փաշինյանը պետք է լուրջ վերաբերվի և ձեռնարկի համակարգային փոփոխություններ։ Իսկ այն մանր-մունր հաջողությունները՝ ճանապարհաշինություն, բանակի սննդի կարգավորում, թոշակների չնչին բարձրացում, նախարարների աշխատավարձերի բարձրացում, սրանք հեղափոխական չեն, ավելի շատ սրանք նման են նախընտրական խոստումների, որ ցանկացած կուսակցության նախընտրական ծրագրում լինում է։ Դժվար է ասել, թե նման խոստումներով Նիկոլ Փաշինյանը իշխանություն կունենար, իշխանության է եկել, որ համակարգը փոխի։ Իհարկե, իրենք հրաշալի գիտեն, որ եթե Քոչարյանի անվան հետ կապվի նույնիսկ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժը, ապա անմիջապես վարկանիշը ձգտելու է զրոյի։ Եթե, ինչպես իրենք են ասում, իրավական համակարգը իրենցն է, ապա հեղափոխության պարտությունը տեխնիկայի հարց է դառնում։ Դասականը կասեր՝ տառապանքս փորձ ունի։

«Չորրորդ իշխանություն», 15, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ