...

Այդպիսի դատավորներով հերթը չի հասնի հերթական ընտրություններին

Այդպիսի դատավորներով հերթը չի հասնի հերթական ընտրություններին

«- Լավ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս ստացվեց, որ կառավարությունն առաջադրեց մի մարդու թեկնածություն, որի հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների վերաբերյալ վճիռներ դակողն է եղել, կամ` ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի ժամանակներում դատական համակարգի ամենակարկառուն ներկայացուցչի առաջադրումը, ինչպիսին Խունդկարյանն է։ Իշխանությունը ՍԴ անդամներին «մերժեց» նախկին լինելու համար, բայց իր թեկնածուներն էլ անբասիր անցյալով հեղափոխականներ չեն։

- Երբ քաղաքական իշխանությունը փնտրեր անբասիր անցյալով մարդ, ընդհանրապես հավանական է, որ չէր էլ գտնի։ Նման նպատակ մեր առջև չէինք դրել, դա կլիներ սխալ։ Հիմա էլ մեր ընտրությունը պետք է անենք՝ հասկանալով, որ կարող ենք նույնիսկ սխալվել։ Եթե կսխալվենք, հանրությունն այլևս թող մեզ ձայն չտա»։

Սա հատված էր ԱԺ պատգամավոր, «Իմ Քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Ամեն դեպքում անկեղծության համար երախտիքի խոսք ասենք պարոն Ուլիխանյանին: Կարող էր չէր խորամանկություն անել, ասել, որ փնտրել են, բայց չեն գտել: Մարդն ուղիղ և շիտակ ասում է՝ չենք փնտրել, որովհետև հնարավոր է՝ չգտնեինք:

Այսինքն, ըստ պատգամավորի, Հայաստանում բոլորը, ովքեր կարող են հավակնել ՍԴ դատավորի կարգավիճակին, իրենց արատավորել են նախկին ռեժիմի հետ համագործակցությամբ: Մինչդեռ իրականությունը մի քիչ այլ է: Կան տասնյակ բարձրակարգ իրավաբաններ և իրավապաշտպաններ, որոնք 20 տարուց ավել անհավասար պայքար են մղել ռեժիմի ապօրինությունների դեմ: Կան իրավաբաններ, որոնք հրաժարվել են պետական կարիերայից և միայն դասախոսել են՝ չցանկանալով իրենց անունը կապել հանցագործ և սեփական ժողովրդի արյունը թափած ռեժիմի հետ:

Կառավարությունը կարող էր սխալվել, եթե իսկապես անբասիր կենսագրությամբ մեկին կարգեր ՍԴ դատավոր, իսկ վերջինս արդեն նոր կարգավիճակում չդիմանար գայթակղությանը և հանուն նյութական շահի՝ դավաճաներ իր նախկին համոզմունքներին: Իսկ Ավետիսյանին կամ Խունդկարյանին ՍԴ դատավոր կարգելը նույնն է, ինչ իմանաս, որ սխալ ճանապարհով ես գնում, բայց, միևնույնն է, շարունակես գնալ:

Եթե վաղը Ավետիսյանը կամ Խունդկարյանը իրենց պահեն, ինչպես Գյուլումյանը կամ Թոխյանը, ի՞նչ է ասելու իշխանությունը. կներեք, մենք հավատացինք նրանց անկեղծ խոսքին, իսկ նրանք ուխտադրուժ կերպով դրժեցին ազնիվ պիոներականը:

Պետք էր գտնել այնպիսի մարդկանց, որոնք իրենց հետագծով էին ապացուցել նվիրվածությունը ժողովրդավարությանն ու գենետիկ անհամատեղելիություն ունեն Քոչարյանի և Սարգսյանի տեսակների հետ:

Ինչ վերաբերում է ձայն չտալուն. այսպիսի դատավորներով հնարավոր է բանը չհասնի հերթական ընտրություններին: Նրանցից հեռու չէ որոշում ընդունել և 2018 թվականի հեղափոխությունը ճանաչել իբրև իշխանության յուրացում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ