Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
Աստղագուշակ
16.11.2019 / 22:00
17.11.2019   20:00
373

Ծառուկյանի մասով հեղափոխության օրակարգը տապալվել է

Հեղափոխության պատճառներից էր նաև հասարակության ոտնահարված արժանապատվությունը: Դրա ամենացցուն սիմվոլներից էր կիսագրագետ, հանցավոր անցյալով ֆեոդալների ներկայությունը երկրի գլխավոր օրենսդիր մարմնում: Մարդիկ իրենց վիրավորված էին զգում, որ նման անցյալով և ինտելեկտով մարդիկ պետք է որոշեն իրենց ապագան, գրեն օրենքներ, որոնցով իրենք և իրենց երեխաները պետք է ապրեն: Հատուկ վրդովմունք և մեծ տարածում էին գտնում այն տեսանյութերը, որոնցում Թոխմախի Մհերը, Շմայսը, Մանվելը, Սամվել Ալեքսանյանը և մյուսները վիրավորում էին լրագրողներին՝ դրանով ևս մեկ անգամ ցուցադրելով իրենց վերաբերմունքը հասարակության հանդեպ:

Անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները շատ մեծ տոկոսով լուծեցին այդ խնդիրը՝ Դեմիրճյան 19-ից դուրս թողնելով վերոհիշյալ անձանց և նրանց նմաններին: Բայց խնդիրը ամբողջովին չլուծվեց: Գտնվեց մեկը, որ հեղափոխությանը ջուր բերելու, ինչպես նաև ժամանակին Քոչարյանի գործուն աջակցությամբ կուսակցություն գրանցելու շնորհիվ նորից սողոսկեց խորհրդարան: Իհարկե, կռահեցիք, թե ում մասին է խոսքը:

Երեկ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ փայլատակեց իր անտակտ վարքով և տիեզերական անտեղյակությամբ: Պարզվեց, որ նա չգիտի՝ Հայաստանի լրագրողների հիմնական դարբնոցը, որքան էլ տարօրինակ է՝ ԵՊՀ-ն է: Նա անկեղծորեն զարմացավ, որ ԵՊՀ ավարտածը կարող է լրագրող աշխատել: Իսկ Ծառուկյանի հունից դուրս գալը ուղիղ կապ ուներ հեղափոխության պատճառներից մեկի հետ: Հեղափոխության ժամանակ հստակ օրակարգերից մեկը՝ քաղաքականության և բիզնեսի տարանջատումն էր: Մեծամասնությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության մասով հեղափոխության օրակարգը աներկբա ձախողվել է: Նոր իշխանությունը չկարողացավ այնպես անել, որ միմիայն սեփական գործարար շահերի սպասարկման համար կուսակցություն հիմնադրած անձնավորությունը չհայտնվի խորհրդարանում: Եվ եթե այդ առումով կա որոշակի արդարացում, թե խորհրդարանի նախկին կազմը չէր քվեարկի այդպիսի օրենսդրական կարգավորումների օգտին, ապա անցած մեկ տարվա անգործության և քայլեր չձեռնարկելու համար պատասխանատու է միմիայն գործող իշխանությունը:

Մեկ տարին պահանջվածից առավել քան շատ ժամանակ էր, որ խորհրդարանն ընդուներ նոր Ընտրական Օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, բիզնեսի և քաղաքականության տարանջատման հստակ օրենսդրական ամրագրումներ և մեխանիզմներ:

Ծառուկյանի և նրա կուսակցության ներկայությունը խորհրդարանում, այդ խմբակցության առանձին անդամների անտակտ դրսևորումները, ինչպես նաև մոտ ապագայում հակահեղափոխական ուժերի խորհրդարանական պատվար դառնալու ակնհայտ հեռանկարը գործող իշխանության խղճին են և նրա քաղաքական կամքի բացահայտ բացակայության ցցուն օրինակ:

Արիս Վաղարշակյան



 Պիտակներ

         Գագիկ ծառուկյան

Գովազդ