...

Երկրում մոլեգնում է հակաիրավական տեռորը

Երկրում մոլեգնում է հակաիրավական տեռորը

ՈՒ ՏԵՍ, ՈՐԴԻՍ, ՌԵՊԼԻԿ ՈՐՊԵՍ

Գլուխ ջարդելը՝ պետական քաղաքականություն

Հայաստանին այսօր իրավական համակարգ պետք չէ: Հայաստանին պետք չէ մի ամբողջ իրավական համակարգ պահել ու դեռ ամեն տարվա բյուջեով էլ այդ համակարգի համար հատուկ կետով փող նախատեսել: Հայաստանում այսօր բոլոր կարգի իրավական հարցերը լուծվում են գլուխ կամ բերան ջարդելով:

Ու որպեսզի ասվածն անպատասխանատու չհնչի և հերթական անգամ չգրգռի պետական քարոզչամեքենայի նուրբ լարերը, դիմենք բացառապես կոնկրետ օրինակներին: Ու հերթական անգամ՝ «Պապլավոկի» դեպքին. մարդը երկրի նախագահի, զորքերի գլխավոր հրամանատարի ետևից ռեպլիկ է թողնում և, իրավական երկրում դա ընդամենը պետք է պատժվեր որպես մանր խուլիգանություն ու հասարակական կարգի խանգարում, որը քրօրենսգրքով նախատեսում է ընդամենը վարչական տուգանք կամ՝ 15 սուտկա: Բայց՝ ի՞նչ արեցին վիրավորյալի թիկնապահները՝ նրանք մարդուն սպանեցին: Ո՞րն է այստեղից հետևությունը՝ մեզ իրավական համակարգ պետք չէ, քանզի բոլոր հարցերը կարելի է լուծել խիստ օպերատիվ և առանց ավելորդ ծախսերի:

Ու ամենավտանգավորն այն է, որ հանրապետության նախագահը, անդրադառնալով «Պապլավոկի» «քաշքշուկին», ոչ մի անգամ չի նշում, թե հարցը պետք էր լուծել այլ դաշտում: Այսինքն՝ նա չի էլ ենթադրում, որ կարելի էր բավարարվել միայն իրեն «բարևողին» վարչական տույժի ենթարկելով: Այսինքն՝ նա միանգամայն օրինական է համարում հարցը գլուխ ջարդելով լուծելը:

Եվ եթե երկրի նախագահն է հարցերը լուծում գլուխ ջարդելու հարթության վրա, վերջինիս հենարան դաշնակցական բոսերը, որոնք հայտնի են հարցերը տեռորով լուծելու իրենց թուլությամբ, բնական է, որ պիտի առաջարկեն հարցերը լուծել ոչ միայն գլուխ, այլև բերան ջարդելով: Համենայնդեպս, կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, ազգի ուսանողության հետ հանդիպելով, վերջիններիս հետ կիսվեց հարցեր լուծելու դաշնակցական ավանդույթով՝ «Ես ոչ թե կաշառք տվողի, այլ կաշառք վերցնողի բերանը կջարդեի»,- ուսանողներին ՀՅԴ հնամենի ավանդույթներն ու ներկայիս պետական քաղաքականությունն է բացատրում ընկեր Վահանը: Մինչդեռ, թե՛ կաշառք տվողի և թե՛ վերցնողի համար մի ժամանակ, կարծես թե, գործում էր իրավական համակարգը: Բայց դա մի ժամանակ էր, երբ գլուխ ջարդելը պետական քաղաքականություն չէր:

Հոկտեմբերի 27-ի հարցերը ևս ռազմական ոստիկանության քաջարի պետը որոշել էր լուծել գլուխ ջարդելով, եթե, իհարկե, ինչ-որ մեկին կասկածեր: Իսկ եթե Վլադիմիր Գասպարյանը հանկարծ կասկածեց՝ հո չի՞ թողնելու, որ դատ ու դատաստան լինի, հո՞ չի թողնելու, որ ինչ-որ մի զինվորական դատախազություն կազմակերպիչներ գտնելով զբաղվի, կամ էլ՝ զոհերի միամիտ հարազատները միտինգ անեն: Ինչպես հայտարարել է ռազմական ոստիկանության պետը՝ «առաջին գլուխ ջարդողը ես եմ լինելու»: Եվ զարմանալին այն է, որ Վլադիմիր Գասպարյանի սույն հայտարարությունից հետո որևէ մեկը չկանգնեց ու չհարցրեց՝ «Պարոն Գասպարյան, իրավապահ համակարգն ինչի՞ համար է, որ դու գլուխ պիտի ջարդես»: Փոխարենը, բոլորին հետաքրքրում էր մի հարց՝ Վովա Գասպարյանը լա՞վ ժուչոկ է, թե՞ վատ:

Դե, քանի որ երկրի նախագահն ու իշխող կուսակցություն դաշնակցությունը նախընտրում են հարցերը լուծել գլուխ ու բերան ջարդելով, կամ շատ ավելի օպերատիվ՝ սպանությամբ, բնական է, որ պետական քաղաքականության նույն ծիրի մեջ պետք է տեղավորվեն նաև երկրի ռազմական և պաշտպանական մյուս կառույցները ևս: Անցած շաբաթ Բագրատաշենի շուկայում ԱԱՆ աշխատակիցները դուբինկաներով ծեծել են ժողովրդին ու դա էլ քիչ համարելով՝ կրակ են բացել ժողովրդի վրա: Առայժմ, սակայն, երևի ԱԱ նախարար Կարլոս Պետրոսյանի հումանիստ բնավորությունից ելնելով, կրակել են օդ: Բայց որևէ երաշխիք չկա, որ վաղը նույն այդ տղաները ոչ թե օդ կկրակեն, այլ կոնկրետ թիրախների: Որովհետև երկրում մոլեգնում է բեսպրեդելը, որովհետև բոլոր հարցերն այս երկրում լուծվում են սամասուդով:

Ու արդեն նույնիսկ զարմանալի էլ չի, որ ԱԱ նախարարության լրատվական ծառայության ղեկավար ոմն Մանուկյան, Բագրատաշենի ջարդի առիթով ընդամենն ասում է. «Ժողովուրդը հարձակվել է ԱԱՆ աշխատակիցների վրա, նրանք էլ կրակել ու գնացել են»: Այսինքն՝ ի՞նչ է եղել որ. իրար ծեծել են, դե, տղաներն էլ մի քիչ կրակել ու գնացել են:

Բայց ոմն Մանուկյանը մեղավոր չէ: Մեղավոր չէ, որ չի հասկանում՝ եթե անգամ, իր պնդմամբ, կանայք են հարձակվել ԱԱՆ «սրբերի» վրա, ապա իրավապահ մարմինների՛ գործը պիտի լիներ պարզելը, թե ինչո՞ւ են կանայք կատաղել, ոչ թե ԱԱՆ տղաները պիտի սամասուդով զբաղվեին: Իսկ երբ ժողովրդի վրա կրակ են բացում՝ դա արդեն երկրում տարվող տեռորի քաղաքականության անմիջական արձագանքն ու հետևանքն է:

Ու երբ նախագահին հակակրելի մամուլը խոսում է երկրում վախի և սարսափի մթնոլորտի մասին, Ռոբերտ Քոչարյանը նստում է մի քանի պետականամետ լրագրողի դիմաց ու նրանց հարցնում, թե վախենալո՞ւ է արդյոք ինքը: Եթե մի ամբողջ երկրի ղեկավարը չի հասկանում, որ խոսքն իր վախենալու ականջների մասին չէ, այլ երկրում մոլեգնող՝ գլուխ և բերան ջարդելու քաղաքականության, որը հովանավորվում է անձամբ իր կողմից, այս երկիրը հաստատ ապագա չունի, քանի դեռ բռնազավթված է գլուխ ջարդելը պետական քաղաքականություն դարձրած մարդկանց կողմից:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 295, նոյեմբերի 13, 2001 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ