...

Եթե չեք գողացել, ինչո՞ւ եք վերադարձնում

Եթե չեք գողացել, ինչո՞ւ եք վերադարձնում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց գրություն՝ ստացված Մանվել Գրիգորյանից:

Գրության մեջ նշվում է, որ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում: 

«ՉԻ». Մանվել Գրիգորյանը միայնակ չէ: Նրանից առաջ ներկայացված մեղադրանքի վնասը փոխհատուցել են Սաշիկ Սարգսյանը, Վովա Գասպարյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանը և այլոք: Բայց դա չի խանգարում, որ Մանվել Գրիգորյանի և թվարկած մյուս դեպքերի վերաբերյալ մեղադրյալների փաստաբանները և նրանց սպասարկող մեդիան շարունակեն պնդել, թե կա քաղաքական հետապնդում, և նրանք չեն ընդունում մեղադրանքը:

Հարց է առաջանում՝ եթե չեն ընդունում, ինչո՞ւ են միլիարդավոր դրամներ վճարում բյուջե: Իհարկե, ամենազավեշտալին Աշոտյանի վարորդի հետ տեղի ունեցածն էր: Վճարեցին պետությանը հասցված վնասը և քննչական մարմինը գտավ, որ մեղադրյալը կարող է մինչև դատաքննությունը մնալ ազատության մեջ, և մինչ վարորդը կհասներ տուն, Աշոտյանը ստատուս գրեց, թե տեսեք՝ քննչական մարմինը տեղի տվեց և իր խոսքերով «զադնի դրեց»:

Թեպետ Աշոտյանին մեղադրել չի կարելի, իրենց իշխանության ժամանակ իրենց ուրիշ բան են սովորեցրել: Նախ վնասի վրա հաշիվ կմիացնեին, հետո կասեին՝ դա ում հաշվին փոխանցեն, իսկ վերջում կգցեին և կդատապարտեին: Անցած 20 տարում հայկական արդարադատությունը բազում նման դեպքերի է ականատես եղել:

Իսկ Մանվել Գրիգորյանի փաստաբաններին խորհուրդ է տրվում շոու-ասուլիսներ կազմակերպելու փոխարեն, օգնել Գրիգորյանին, որ ավելի շուտ հանձնի պետությունից յուրացված գույքը: Հայկական ներկայիս ֆեմիդան, աշխարհի ամենաարդար և հեշտ հուզվող դատարանն է, հաստատ հաշվի կառնի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1325 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ