Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   08:30
1017

Հաց բերողի մահվան հարցը լուրջ հետևանքներ է ունենալու

Երեկ մենք անդրադարձել էինք Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանումներին:

Վերջինս հայտարարել է, որ Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, և իր համար անակնկալ է եղել, որ Արթուր Սարգսյանը նորից ձերբակալվեց և կրկին կալանավորվեց: Արդեն կալանավայրում Արթուր Սարգսյանի վիճակն էլ ավելի ծանրացավ, և շուտով նա մահացավ:

Նշել էինք նաև, որ Գևորգ Կոստանյանի այս՝ մեծ հաշվով, խոստովանությունից հետո նոր հարցեր են առաջանում, որոնք պետք է ուղղել այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Վերջինս առ այսօր էլ համարվում է Արթուր Սարգսյանի մահվան պատասխանատուներից մեկը:

Եվ ահա այսօր Արփինե Հովհաննիսյանը որոշել է բացել փակագծերը և «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին ներկայացնել մանրամասներ, որոնք պակաս ուշագրավ չեն: Թեպետ Արփինե Հովհաննիսյանի պատմածը ծավալուն է, բայց այն արժե գրեթե ամբողջությամբ ներկայացնել. «Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք: Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաև ՄԱՀՎԱՆԸ:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

• Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, (քրեակատարողական հիմնարկ ու եվրոպական դատարան ներկայացվելուց հետո) երբ փաստաբանները դիմել էին նաև ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով անընդհատ կապի մեջ եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։

Այսինքն` անհապաղ կերպով կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Լսելով բժիշկների տեսակետը Արթուրի անբուժելի հիվանդության մասին, հավաստիանալով, որ մտահոգությունները տեղին են, այդ հարցի կապակցությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ այն ժամանակ ԵՎՍ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրել իրավիճակը:

Ինչու իրեն` քանզի նա է նախաքննության և հետաքննության օրինականության հսկողության համար (կարդալ՝ այս դեպքում կալանքի) թիվ մեկ պատասխանատու անձը երկրում: Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ողջամտությունն ու տրամաբանությունն էլ թույլ կտան չհերքել «VIBER»-ով տեղի ունեցած խոսակցությունը: Զանգահարողը եղել եմ ես։ Այսպիսով` ես և Գևորգը անշեղորեն և արագությամբ կատարել ենք այն ինչ պարտավոր էինք անել այդ պահին, այդ փուլում` մեր իրավասության շրջանակներում:

• Այս ամենից հետո 2016 թվականի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց և նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ:

• Նույն օրը նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին, քանզի դա օրենքի պահանջն էր:

• 2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին ու որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում և ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։
ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ

2017 թվականի հունվարի 31-ի փորձաքննությունից հետո, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շուրջ, հարգելի տիկնայք և պարոնայք, պետք է մտածեք՝ ակնկալելով պատասխանատու անձանցից պատասխաններ։

• 2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության:

ՀԱՐՑ՝ ինչու՞, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:

• 2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հակառակ առաջին փորձաքննության ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:

• 2017 թվականի փետրվարին 8-ին` այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:

ՀԱՐՑ՝ ինչո՞ւ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են ( արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞։

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել եմ հեռուստացույցից, արդարադատության նախարարը ի պաշտոնե կապ չունի քննիչի, դատախազի, փորձագետի ու մնացած դերակատարների հետ: Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, իսկ արդարադատության նախարարը ունի զրո իրավասություն:

Ռուստամ Բադասյանից հարցրեք` արդյոք ինքը կարող է ասել մեկին ձերբակալեն կամ կալանավորեն, թե ոչ ինքը առհասարակ կապ ունի այդ պրոցեսների հետ թե ոչ, քան ուղղակի քրակատարողական հիմնարկում պահելու պարտականությունը այդ որոշումների դեպքում։

• 2017 թվականի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը, քննիչի որոշման պատճառով չկարողանալով տեսակցել Արթուր Սարգսյանի հետ, հանդիպել են այլևս գեներալ Արթուր Դավթյանի հետ և նրա հետ քննարկել Արթուր Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Ճիշտ կարդացիք` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ հետ են հանդիպել ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, քանզի հարցը Արթուր Դավթյանի իրավասության տիրույթում էր։

(Մեկնաբանությունում տես՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի լայվը դատախազության մուտքի մոտ։
Մեկնաբանությունում տես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Քուանշ» վերտառությունը կրող հայտնի ելույթը խորհրդարանում, որտեղ նա թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», որոնց համար հավանաբար շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում)։

Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը, որ պարզեր պատգամավորները ունեն հեղինակություն թե ոչ, որ կալանքը փոխարիներ: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը և ԻՆՉՈ՞Ւ, ո՞ւմ ցուցումով, ո՞վ և ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է թե ոչ ու պատժել մեղավորներին: Ի դեպ, բացառությամբ որոշ փաստերի, այս ամենը հայտնի է եղել Նիկոլ Փաշինյանին, ուստի մեղմ ասած զարմանալի է, որ նա երբ պատգամավոր էր հիշում էր բոլորի պատասխանատվության տիրույթները, իսկ այժմ կարծես չի հիշում:

Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։

  1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)
  2. Հսկող դատախազ և նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)
  3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երևան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)
  4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):

Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին՝ այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաները ունեցել են առաջխաղացում կամ պարգևատրվել են հենց նոր իշխանությունների օրոք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պաշտոնյաները այլեւս որեւէ կերպ պատասխանատու չեն Արթուր Սարգսյանի հետ կապված որեւէ դրվագի համար, թե՞…..»:

Դե ինչ, Արփինե Հովհաննիսյանի այս ծավալուն հրապարակման վերաբերյալ առաջին եզրահանգումը, որ պետք է անել, այն է, որ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ նոր հետաքննություն պետք է անցկացվի: Երեկ էինք դա նշել, հիմա դրանում ավելի ենք համոզված: Որքան հասկացանք, թե՛ Գևորգ Կոստանյանը, թե՛ Արփինե Հովհաննիսյանը ոչ միայն դեմ չեն լինի, այլ նույնիսկ պատրաստ են մանրամասներ հաղորդել այս դեպքի վերաբերյալ: Այսինքն՝ պատրաստ կլինեն օգնել նոր նախաքննությանը: Իսկ այն անհրաժեշտ է, որովհետև, եթե Արփինե Հովհաննիսյանը և Գևորգ Կոստանյանը ճիշտ են ասում, ապա սա իրավական շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ. ստացվում է, որ Հաց Բերողի դեպքը սպանություն է: Այո, եթե հայտնի էր, որ Արթուր Սարգսյանը ծանր հիվանդ է, ու դրանից հետո նրան նորից կալանավորել են ու նա զրկված լինելով անհրաժեշտ բուժօգնություն ստանալու պայմաններից՝ մահացել է, ապա նպատակաուղղված մարդուն մահվան են հասցրել: 

Եթե Արփինե Հովհանիսյանն ու Գևորգ Կոստանյանը ճիշտ չեն ասում, փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել ուրիշների վրա, միևնույն է, այս դեպքը սպանություն է, որովհետև կա մի փաստ, որը ոչ ոք չի ժխտում. դա կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու և դրա հիման վրա Արթուր Սարգսյանին նորից կալանավորելու փաստն է: Շան գլուխն այստեղ է թաղված: Եթե այս ամենի համար պատասխանատուները այն անձինք են, ում անունները տվել է Արփինե Հովհաննիսյանը՝ Արթուր Դավթյանը, Արթուր Մկրտչյանը, Արգամ Հովհաննիսյանը, քննիչներ, ԱԱԾ-ականներ... մեզ համար կապ չունի, թե՝ ովքեր, ուրեմն, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: 

Այս ամենը, իհարկե, տեսական բնույթ է կրում. բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է նոր քննություն սկսել, թեկուզ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, բայց Արթուր Սարգսյանի մահվան իրական պատասխանատուները պետք է պատժվեն: Ուզում է՝ հազար անգամ հեղափոխական լինեն, գործող պաշտոնյա լինեն, մեզ համար դա կարևոր չէ: Գործին առնչվող բոլոր անձինք այստեղ են, իրենց տեղերում են, անհրաժեշտ բոլոր փաստերը կան, վկաները կան, բոլոր նախադրյալները կան՝ ճշմարտությունը վեր հանելու համար: Սպասում ենք իշխանությունների արձագանքին:



 Պիտակներ

         Արթուր Սարգսյան, Գևորգ Կոստանյան, Արփինե Հովհաննիսյան, Արթուր Դավթյան

Գովազդ