...

Նենգափոխողների արդյունքը

Նենգափոխողների արդյունքը

Հասկացությունների նենգափոխումը հասարակության վրա ազդելու հին և ստուգված միջոց է։

Ահա այդպես 1990-ականների առաջին կեսից կամաց-կամաց հայ հանրությանը ներարկվեց մի տխմար թեզ, թե իբր ՀՀ առաջին իշխանությունը պրագմատիկ էր՝ բառիս վատ իմաստով, իսկ 98-ի հեղաշրջմամբ երկրի ղեկը ստանձնածները՝ ոչմիթիզականները՝ ռոմանտիկ ազգային՝ բառիս լավ իմաստով։ Այսինքն՝ Արցախյան առաջին և հաղթական պատերազմի տարիներին երկիրը ղեկավարողները ազգային երազանքը՝ պահանջատիրությունը, երկրորդ պլան էին մղել, ավելին՝ 97-ին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր արժանապատիվ խաղաղություն, ուրեմն ապազգային պրագմատիկներ էին, իսկ ծովից ծով Հայաստանի կամ Վիլսոնի քարտեզն անհարկի թափահարողները՝ ազգային ռոմանտիկներ, որովհետև ոչ մի թիզ չէին զիջելու։ Վերջիններիս գումարե՛ք նաև Նիկոլ Փաշինյանին, որը ոչ վաղ անցյալում պնդում էր, թե հնարավոր նվաճումներն իրեն չեն հետաքրքրում, ինքը անհնարինի կողմնակիցն է, Արցախը Հայաստան է, և վերջ, սեփական կետ ու նման բաներ։

Հիմա տեսնենք, թե ովքեր էին իսկական պրագմատիկները։ Նախ բացատրենք այս «տերմինը»՝ նկատի առնելով հենց մեր հանրության բնույթը, քանի որ սրա փիլիսոփայական ըմբռնումը չափազանց խրթին է քաղաքական դաշտը արոտավայր դարձրածների համար։ Ուրեմն պրագմատիկը ռեալ նպատակ ունի, գնահատում է շոշափելի արդյունքը։ Մի՞թե սա վատ բան է։ Իհարկե, ո՛չ։ Ընդգծենք, որ քաղաքական պրագմատիկների գործունեության արդյունքը հայկական երկու պետություններն էին, հայկական բանակը, 90-ականների հաղթանակը։ Իսկ կենցաղային պրագմատիկների համար արդյունքի գնահատումն այլ է, նրանց համար կարևորը սեփական բարեկեցությունն է, փառքը, անսահմանափակ իշխանությունը։

Այստեղ՝ պաուզա։

1998-ից իշխանության եկած ռոմանտիկ ազգայինները կամ ոչմիթիզականները և հայդատականները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ռոմանտիկ և ազգային էին քաղաքական ասպարեզում, ավելի ճիշտ հռետորաբանության մեջ, իսկ իրական կյանքում լա՛վ էլ՝ պրագմատիկ, բայց կենցաղային պրագմատիկ, որովհետև և՛ սեփական բարեկեցության հարցը լուծեցին, և՛ փառքի, և՛ անսահմանափակ իշխանության։ Բայց Հայաստանն ու Արցախը ռոմանտիկ-ռոմանտիկ փուռը տվեցին։ 

Եվ շարունակում են նույն ոգով։ Քաղաքական պրագմատիզմը ոչնչացրել են։ Բայց հո պարապ չե՞ն մնալու, ռուսամետ-արևմտամետը կա ու կա, կենցաղային պրագմատիզմը ծաղկում է։ Իհարկե, լավ կյանքից չէ։ Իհարկե, սա ամոթալի վիճակ է, որովհետև 90-ականների «կռիվը» գոնե ներհայկական էր, իսկ օտարամետ խոսույթը վկայում է, որ ներպետական պատում (նարատիվ) այլևս չունենք։ Եվ չունենք, որովհետև 2020-ի պատերազմը ջնջեց, վերացրեց 90-ականների նվաճումները՝ անկախությունը և հաղթանակը։

Ինչո՞ւ ենք սա գրում․ ուղղակի մեկ անգամ էլ ենք հիշեցնում՝ ով ով է և ինչ արդյունքի է հասել։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ