...

Ուշագրավ իրադարձություններ, որոնք նախորդել են Գեորգի Կուտոյանի մահվանը

Ուշագրավ իրադարձություններ, որոնք նախորդել են Գեորգի Կուտոյանի մահվանը

Մաս երկրորդ

«ՉԻ»-ն շարունակում է ներկայացնել այն ուշագրավ իրադարձությունները, որոնք նախորդել են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվանը (Մաս առաջին): 

«Հոկտեմբերի 27»-ի գործով զարգացումներ

Արտերկիր ուսանելու մեկնած Գեորգի Կուտոյանը, ըստ Քննչական կոմիտեի, ՀՀ էր վերադարձել դեկտեմբերի 9-ին: Այդ ամսին, նկատենք, մի շարք հիշարժան իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ԱԱԾ-ին: Նախ` «Հոկտեմբերի 27-ի» 20-րդ տարելիցին ընդառաջ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր Կենտրոն ՔԿՀ-ում հանդիպել ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ, որը հայտնել էր, թե պատրաստ է կարևոր տեղեկություններ հայտնել այս ոճրագործության վերաբերյալ: «Եթե «Հոկտեմբերի 27-ի» գործով նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է շարունակենք մեր գործողությունները»,- լրագրողներին ասել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Մարտիրոսյանը` շեշտելով` եթե Բաբաջանյանը փոխանցի ԱԱԾ-ին իր ունեցած տեղեկությունները, ապա այդ ժամանակ էլ իրենք քայլեր կձեռնարկեն: «Մենք ոչ մի խնդրի առաջ չենք կանգնի»,- ասել էր Մարտիրոսյանը: Իր հերթին պատգամավորը նշել էր, որ այն տեղեկությունները, որոնք ստացել է Հունանյանից, նոր հանգամանքներ են, և եթե դրանց արժանահավատությունը հաստատվի, ապա դրանք կարող են հիմք հանդիսանալ գործի վերաբացման համար: 

Այս դեպքից որոշ ժամանակ անց` դեկտեմբերին, «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով հարուցված քրեական գործը կարճելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը վերացրեց ու այն ուղարկեց ԱԱԾ քննչական դեպարտամենտ`ամբողջ ծավալով ու բազմակողմանի քննության: 15 տարվա վաղեմության կարճված գործը, հիշեցնենք, վերաբերում է ահաբեկչության հնարավոր օժանդակողներին, դրդիչներին, ինչպես նաև հանցագործությունը կանխելու հնարավորություն ունեցած պաշտոնատար անձանց հայտնաբերմանը: Թեև ԱԱԾ-ն ցայսօր այս գործի քննության ընթացքի վերաբերյալ որևէ բան չի հայտնել, սակայն գործի շուրջ նման զարգացումը բեկումնային կարելի է համարել, ինչպես որ բեկումնային էր «Մարտի 1»-ի «քնեցված» գործի «արթնացումը» հեղափոխությունից հետո: Սրանք այն հանցագործություններն են, որոնք տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և որպես «փոխանցիկ գործեր»` ժառանգվել Սերժ Սարգսյանի նախագահության շրջանին: Հայտնի է, որ այդ ընթացքում որևէ բացահայտում այս գործերով տեղի չի ունեցել: 

Դեկտեմբերի երկրորդ կեսին պարզվեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, որը դեռ ամիսներ առաջ խրոխտ հայտարարել էր, թե պատրաստ է լինել վեթթինգի ենթարկվող առաջին դատավորը, լքել է երկիրը: Նրա ուղեբեռի մեջ, ի դեպ, փամփուշտ էր հայտնաբերվել: Դատավորին մինչ այդ մեղադրանք էր առաջադրվել 51 հազար դոլար կաշառք վերցնելու գործով: Շատերն այս փախուստը կապում են հիշյալ գործի շուրջ սպասվելիք հնարավոր զարգացումների հետ: 

Նկատենք, որ Կուտոյանի մահվան օրը մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Նաիրի Հունանյանը դիմում-նամակ է գրել Փաշինյանին: Այս լուրը հաստատեցին կառավարությունում։ Ահաբեկիչը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, «ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել և աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»»։ 

Կուտոյանը «անցումային» ԱԱԾ տնօրեն էր

Թե վերոթվարկյալ իրադարձությունները որքանով կարող են կապված լինել կամ չլինել Կուտոյանի մահվան հետ` պետք է պարզի նախաքննությունը: Իսկ մինչ այդ մի քանի արձանագրում. Կուտոյանը Քոչարյանի և Սարգսյանի` միմյանց հաջորդած ռեժիմների «փոխանցումային» ԱԱԾ տնօրենն էր և «անցումային» ԱԱԾ տնօրենը, երբ իշխանությունը Սերժ Սարգսյանից անցավ Նիկոլ Փաշինյանի թիմին: Իսկ Սերժ Սարգսյանը ՀՀ ներքին գործերի և ԱԱ նախարար էր, երբ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27-ը», որից կարճ ժամանակ անց նա պաշտոնանկ եղավ: Նրան այդ պաշտոնում փոխարինեց Կարլոս Պետրոսյանը, որին Քոչարյանն աշխատանքից ազատեց 2004-ին: Մինչև 2016 թվականը` շուրջ 12 տարի, ծառայությունը ղեկավարում էր Գորիկ Հակոբյանը, այնուհետ` Կուտոյանը: Երիտասարդ իրավաբանը հանրությանը հայտնի դարձավ 2011-ին, երբ նա Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նշանակվեց ՀՀ նախագահի օգնական, 2013-ին էլ նախագահի հրամանագրով ԱԱԾ ապագա ղեկավարը ընդգրկվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում: Երբ Կուտոյանը նշանակվեց իր վերջին պաշտոնում, մի շարք ԶԼՄ-ներ գրեցին, որ ԱԱԾ տնօրենը Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերներից է: Նախքան ԱԱԾ տնօրեն նշանակվելը քաղաքացիական անձ, երբևիցե հատուկ ծառայությունների և ուժային կառույցների հետ առնչություն չունեցած Կուտոյանը 2016թ. փետրվարի 3-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ: Այդ 9-օրյա նշանակումը լուծում էր կարևոր հարց. նա ստացավ արդարադատության առաջին աստիճանի խորհրդականի կոչում, որը համարժեք է գնդապետին: Իսկ որևէ անձ չէր կարող կարող ԱԱԾ տնօրեն նշանակվել, եթե չուներ գնդապետի ուսադիրներ: Ս. Սարգսյանը, ԱԱԾ նոր տնօրենին ներկայացնելով կառույցի ղեկավար կազմին, ասել էր, որ Կուտոյանը սկզբունքային է, հետևողական, աշխատասեր, իր ու իր ենթակաների նկատմամբ` խստապահանջ: 

Բայց հանկարծ, հեղափոխությունից մոտ մեկ տարի անց, հայտնի է դառնում, որ ԱԱԾ-ում կարևոր նշանակության փաստաթղթեր են ոչնչացվել, որոնց մի մասը հնարավոր է եղել վերականգնել և ներառել Մարտի 1-ի գործում: Իսկ թե ինչ բովանդակություն ունեն այն փաստաթղթերը, որոնք դեռևս վերականգնված չեն, կամ, հնարավոր է արդյոք դրանք վերականգնել` դեռևս պարզ չէ, սակայն չի բացառվում, որ դրանք վերաբերեն «Հոկտեմբերի 27-ի» գործի անջատված մասին, որի շուրջ քննությամբ, փաստորեն, այժմ հենց Կուտոյանի ղեկավարած պետական կառույցն է զբաղվելու: Սա ընդամենը ենթադրություն է, սակայն այս ամենի համատեքստում հարց է առաջանում. եթե ԱԱԾ-ում որևէ փաստաթուղթ ոչնչացնելու հրահանգ է տրվում, սակայն ոչնչացված փաստաթղթերը հնարավոր է լինում վերականգնել, նշանակում է` հրահանգը կատարվել է, մեղմ ասած` փնթի, ինչը աններելի է ԱԱԾ-ի նման կառույցի դեպքում: Այն կառույցի, որի վերջին տնօրենը, կրկնենք, հեղափոխությունից առաջ Կուտոյանն էր:  

Իրար նմանվող ինքնասպանություններ 

Նկատենք, որ Կուտոյանի մահվանից ամիսներ առաջ նույն եղանակով` հրազենի գործադրմամբ, կյանքին վերջ էր տվել նախկին ռեժիմի օրոք տարբեր բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Հայկ Հարությունյանը: Դիակի կողքին հայտնաբերվել էր ПМС տեսակի ատրճանակ և պարկուճ: ՔԿ-ն հայտնեց, թե «քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ. Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ»: Կուտոյանի դեպքում էլ նախաքննական մարմինը հայտնեց, թե «տվյալներ են ստացվել այն մասին, որ ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին»: Թե՛ Հ. Հարությունյանի, թե՛ Կուտոյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:  

Նկատենք, սակայն, որ ի տարբերություն Հարությունյանի, Կուտոյանի մահվան փաստով հարուցված քր. գործի մասով ՔԿ նախագահի տեղակալը հայտնել էր. «Խնդրում եմ՝ հոդվածին առերևույթ չխաբնվեք, որ եթե 110-րդ հոդված է. ունենք հետևյալ դեպքը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահի տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»: 

Նախօրեին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը 1in.am-ին հայտնել էր, թե Կուտոյանի սպանության վարկածը չի քննարկվում. միաժամանակ քննարկվել է 5 վարկած, 4 վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այսինքն, Կուտոյանին (նաև՝ Հարությունյանին), դատելով ՔՕ վերոհիշյալ հոդվածի նկարագրությունից, ինչ-որ մեկը կամ ոմանք, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով  անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի են հասցրել: 

ՔԿ նախագահը հայտնել է նաև, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ «Տեղեկատվության մասին» օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում՝ առանց իրենց համաձայնության, որևէ տեղեկություն չհայտնեն:  Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ «Հաշվի առնելով նրա կնոջ դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»,- ասել էր Հ. Գրիգորյանը։ 

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Նախաքննական մարմնի այս կեցվածքից արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ այս գործով ընթացող քննության մասին ՔԿ-ի կողմից հանրայնացվող  տեղեկատվությունը սուղ է լինելու: Չի բացառվում, որ ընդհանրապես գաղտնի պահվեն ԱԱԾ նախկին պետի մահվան հանգամանքները: Նկատենք, որ ՔԿ-ն, մի կողմից հարգելով Կուտոյանի կնոջ դիմումը, մյուս կողմից պարտավոր է հաշվետու լինել հասարակությանն ու սպասարկել վերջինիս իրազեկված լինելու իրավունքը: Հատկապես այս և այն գործերով, որոնք առնչվում են պետական պաշտոնատար անձանց մահվան բացահայտմանը: Այլապես, ինչպես ասում են` «լռության մատնված բոլոր ճշմարտությունները կդառնան թունավոր»:  

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   4630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ