ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը և դրա վերաբերյալ Քննչական կոմիտեի պաշտոնական վարկածը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեցին:
Գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, նախաքննությունը շարունակվում է, սակայն ոմանք, չվստահելով պաշտոնական վարկածին, պնդում են, որ տեղի ունեցածը սպանություն էր` «Կուտոյանին օգնել են ինքնասպան լինել», և մի շարք փաստարկներ են բերում հօգուտ իրենց վարկածի: Ըստ այդմ` հոգեպես պինդ ու կայուն, մարդկային ու մասնագիտական առումով խիստ դրական բնութագրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չէր շրջանառվում որևէ քրեական գործով, արտերկիր ուսումնառության էր մեկնել, ուներ ընտանիք, մանկահասակ զավակ, չէր կարող դիմել նման ծայրահեղ քայլի: Եվ եթե անգամ գնացել է այդ ճակատագրական քայլին, ապա դրա համար լրջագույն պատճառներ են եղել: Մենք զերծ ենք մնում տեղի ունեցածի վերաբերյալ որևէ դատողություն ու եզրակացություն անելուց` դա անելու պատասխանատվությունը համապատասխան մասնագետներին ու քննչական մարմիններին թողնելով, և կփորձենք վերհանել այն ուշագրավ իրադարձություններն ու տեղեկատվական հոսքերը, որոնք այս կամ այն կերպ առնչվել են ԱԱԾ-ին և նախորդել են Կուտոյանի անժամանակ մահվանը:
«Մարտի 1»-ին վերաբերող ոչնչացված ու վերականգնված փաստաթղթեր
2019թ. մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանն իր գործունեության մեկամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»: Այդ ժամանակ ԱԱԾ պետը, ինչպես գիտենք, Գ.Կուտոյանն էր: «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն էն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին։ Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետևանքների պետք է բերի»,- ասաց Փաշինյանը։
Մի քանի ամիս անց` օգոստոսի 7-ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է «Մարտի 1»-ի գործի քննությանը։ «Փաստաթղթերի անհետացման հետ կապված՝ իրականացվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել է ՀՔԾ և միացվել է «Մարտի 1»-ի գործի քննությանը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։ Հարցին, թե նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են այդ փաստաթղթերի վերականգնումից հետո, Վանեցյանը պատասխանեց. «Եկեք ես մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ, որ այո՛, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային, որոնց վերաբերյալ առաջիկայում, կարծում եմ, նախաքննություն իրականացնող մարմինը կհայտարարի»։ Հարկ է նշել, որ փաստաթղթերի պահպանումն ու ոչնչացումը որևէ մեկի կամայական որոշմամբ տեղի չի ունենում, այլ կարգավորվում է «Արխիվային գործի մասին օրենքով» և ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշմամբ:
Հոկտեմբերի 23-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ ասել էր. «Քրեական գործ չկա… տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որի օրինակները եղել են, վերականգնվել են»: «Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են, և այդպիսի փաստարկում չկա, որ … Մի ծառայությունից մյուս ծառայություն է, չէ՞, գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել էր ԱԱԾ փոխտնօրենը:
Դատելով Վանեցյանի` ավելի վաղ արած հայտարարությունից, որ վերականգնված փաստաթղթերը վերաբերել են «Մարտի 1»-ի գործին ու ընդգրկվել հարուցված գործում, նշանակում է, որ դրանք պարունակել են կարևոր փաստական տվյալներ: Որոշ ժամանակ անց, հղում անելով իր աղբյուրներին, նույն թերթը գրեց, որ վերականգնվել է այդ փաստաթղթերի մի մասը միայն, իսկ այս հարցի առնչությամբ ԱԱԾ է հրավիրվել ու հարցաքննվել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը, որը պաշտոնից ազատվել է 2011-ի նոյեմբերին: (Տարիներ առաջ` 2012-ին, մամուլում գրվեց, որ նրա ազատման պատճառը եղել է «սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելը, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելը»): Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննել են նաև ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնք կոնկրետ անուն են տվել՝ մատնացույց անելով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ու տեղեկացնելով, որ հենց նա է ասել, որ ոչնչացնեն այդ նյութերը:
Կա՛մ Կուտոյանն է ոչնչացրել, կա՛մ Գորիկ Հակոբյանը
Կուտոյանի սպանությունից մոտ մեկուկես ամիս առաջ` դեկտեմբերին 7-ին, հրապարակվեց Բարսեղյանի աղմկահարույց հարցազրույցը թերթին, որում նա մանրամասնել էր, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Այդ հարցազրույցը, չգիտես ինչու, պատշաճ ուշադրության չարժանացավ ու «մարեց» տեղեկատվական հոսքում, մինչդեռ Բարսեղյանը կարևոր բացահայտումներ է անում: «Այս տարի (նախորդ տարի-խմբ.) ես երեք անգամ ցուցմունք եմ տվել ՀՔԾ-ում, ամեն անգամ մոտավորապես 5 ժամ, եղել եմ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի՝ Մուշեղյանի մոտ և ցուցմունք եմ տվել Մարտի 1-ի առնչությամբ և բացահայտել եմ Մարտի 1-ի գործը: Այդ ցուցմունքներում ես մանրամասն բացահայտել եմ Մարտի 1-ի նախնական պատմությունը և մարտի 1-ից հետո ընկած իրադարձությունները և ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առնչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի, և այնտեղ շատ մանրամասն նշել եմ կարևոր իրադարձություններ: «Իսկ ոչնչացված նյութերի մասով կմանրամասնե՞ք»` հարցին ԱԱԾ նախկին պաշտոնյան պատասխանում է. «Մարտի 1-ի առնչությամբ, երբ 2008 թվականի փետրվարին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, ԱԱԾ-ն՝ հանձինս ինձ և Սահմանադրական կարգի պահպանման գլխավոր վարչության, Գորիկ Հակոբյանին ոչ մի բացասական երևույթ հանրահավաքների վերաբերյալ չի զեկուցել: Այդպիսի տեղեկատվություն մենք չենք ունեցել և չենք զեկուցել: Մենք գաղտնալսել ենք ամբողջ դաշտը՝ օֆիսներով, գրասենյակներով, հարցազրույցներով, տեղեկատվական ամբողջ ցանցը. ոչ մի այդպիսի տեղեկատվություն չի եղել: Փետրվարի 28-ին Գորիկ Հակոբյանը և ես վիճել ենք: Երեք ժամ ես Գորիկ Հակոբյանին խնդրել եմ ուժ չկիրառել, ղեկավարությանը զեկուցել, որպեսզի ժողովրդի նկատմամբ ուժ չկիրառվի, բայց փետրվարի 28-ին վերջնական որոշման վերաբերյալ ինձ Գորիկ Հակոբյանն անձամբ հայտնեց»:
Բարսեղյանն այնուհետ հավելում է. «Մինչև Մարտի 1-ը իմ առաջարկով մենք քրեական գործ ենք հարուցել ԱԱԾ-ում, և ես առաջարկեցի ղեկավարներին կարճ ժամանակով ձերբակալել, ժողովրդին թողնել ինքնահոսի, կամաց-կամաց մարել, գործընթացն առանց ուժի թողնել, որպեսզի ժողովուրդը հանգիստ հեռանա: Նրանք չհամաձայնեցին: Երբ արդեն որոշվեց ուժ կիրառել մարտի 1-ին՝ առավոտյան 6-ին, դրանից առաջ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց ինչ-որ հիմքեր ստեղծել, ես հրաժարվեցի, ասացի, որ այդպիսի հիմքեր չկան: Մենք երեք ժամ վիճեցինք, ու նա որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը՝ ուժ կիրառելու վերաբերյալ: Քոչարյանի հետ Գորիկ Հակոբյանը հիմքեր ստեղծեց: Եվ այդ հիմքերը ստեղծվեցին ոչ թե մարտի 1-ին, այլ շատ ուշ: Ապրիլ-մայիսին ինչ-որ տեղեկանքներ ստեղծեցինք, հանձնարարեցի՝ իմ աշխատակիցները տեղեկանքներ ներկայացրեցին, որ, իբր, հանրահավաքներում ուժ է կիրառվել, և այդ փաստաթղթերը առանց գրանցելու դրեցինք մեր ընթացիկ գործերում: Այնուհետև Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետին թվով, այն ուղարկել ոստիկանություն: Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին: Եվ ես Մարտի 1-ի վերաբերյալ երբ ցուցմունք եմ փոխանցել, և՛ ԱԱԾ-ում, և՛ քննչական ծառայությունում նշել եմ, որ գրանցման մատյաններում գրանցման համարը կեղծված է, այն փաստաթղթի, որով մենք գրություն ենք ուղարկել Հայկ Հարությունյանին, որ, իբր, նախապատրաստվում են հանրահավաքներում ուժ կիրառել: Երկրի անվտանգության համար ես շատ կարևոր քայլ արեցի: Երբ Մարտի 1-ի քրեական գործն արդեն հարուցված էր, ես հետին թվով տեղեկանքներում նշեցի հարուցված քրեական գործի համարը, որպեսզի ցույց տամ, որ դա արված է հետին թվով: Գորիկ Հակոբյանը դա հասկացավ, բայց չկարողացավ ընդդիմանալ ինձ»:
Լրագրողի հաջորդ հարցին` ա՞յդ փաստաթղթերն են ոչնչացվել, Բարսեղյանը պատասխանել էր. «Այդ փաստաթղթերի օրիգինալները Գորիկ Հակոբյանը զեկուցեց Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Հետ բերեց և չվերադարձրեց ինձ: Վրան գրեց. «Президенту доложено»: Հետո պահեց իր սեյֆում: Երբ ես արդեն ԱԱԾ-ում չէի ու իրենց ինտրիգների պատճառով դիմում էի գրել ու դուրս եկել, նրանք այդ փաստաթղթերը ոչնչացրել էին՝ կա՛մ Կուտոյանն է ոչնչացրել, կա՛մ Գորիկ Հակոբյանը: Հնարավոր է՝ Կարապետ Դավթյանի հանձնարարությամբ Կուտոյանն է ոչնչացրել, կամ Գորիկ Հակոբյանը թույլ չի տվել, որպեսզի հասնի Կարապետ Դավթյանին: «ԱԱԾ տնօրենի տեղեկալն ասաց, որ ոչնչացված փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է: Դրանցում կա՞ն Ձեր նշած փաստաթղթերից»:
«Այո, ես դրանց կրկնօրինակները պահել էի: Երբ ինձ հրավիրեցին ԱԱԾ, ես կոնկրետ մատնանշեցի այն տեղերը, որտեղ նշված են այդ տեղեկանքները, ըստ որոնց՝ իբր, տվյալներ ենք ստացել, որ ուժ է կիրառվելու, և ստիպված եղանք մարտի 1-ին կիրառել: Ես հետին թվով նշված փաստաթղթերի տեղերը ասեցի, և ԱԱԾ տեսչական մարմինը դրանք հայտնաբերեց: Ես տեղերը ասացի նաև ՀՔԾ-ին: Ես օժանդակել եմ, որպեսզի այդ ամբողջը լինի»: (Բարսեղյանը միայն այս մասին խոսելով չի սահմանափակվել, անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու Սարգսյանի կողմից «հողեր հանձնելուն»): Ասվածից կարելի է փաստել, որ Մարտի 1-ի դեպքերին առնչվող փաստաթղթերի կեղծման գործընթացում, փաստորեն, բացի ոստիկանությունից, ինչի մասին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, ներգրաված է եղել նաև ԱԱԾ-ն: Այսինքն՝ երկու ուժայինները, որոնք վարչապետ Սարգսյանին էին ենթարկվում, իսկ Մարտի 1-ի գործով, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը առայժմ վկայի կարգավիճակ ունի: Եվ բացի այդ` եթե ծառայողական քննության շնորհիվ են վերականգնվել ոչնչացված փաստաթղթերը, ապա դրանց ոչնչացումը տեղի է ունեցել ապօրինի, այլապես կմատնանշվեր այն իրավանորմը, համաձայն որի էլ տեղի է ունեցել ոչնչացումը:
Նկատենք, որ ըստ ՔԿ-ի` Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ հաղորդագրության, քննությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց «2019թ. դեկտեմբերի 9-ին, Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան»: Այսինքն, նրա` ՀՀ վերադառնալը ժամանակագրական առումով տեղի է ունեցել այն շրջանում, երբ հրապարակվեց Բարսեղյանի հարցազրույցը: Արդյոք սա պատահակա՞ն համընկնում է: Ըստ ՔԿ-ի. «Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի վերջերին Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին»:
Ընդգծենք, որ ԱԱԾ նախկին աշխատակցի հարցազրույցի հրապարակումից օրեր անց` դեկտեմբերի 18-ի գիշերը, հարձակում տեղի ունեցավ «Ժողովուրդ» և ArmLur.am կայքի խմբագրության վրա: Խմբագրություն ապօրինի ներխուժած անձը կամ անձինք ամբողջությամբ տակնուվրա էին արել այն, մինչ օրս բացահայտված չեն արարքի հեղինակները:
Շարունակելի
«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020