...

Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի մասին ու ԱԱԾ-ից շատ բան գիտի

Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի մասին ու ԱԱԾ-ից շատ բան գիտի

Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորի տեսանյութի քննարկման ֆոնին՝ ԱԱԾ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ մանրամասնելով պետական դավաճանության հատկանիշներով հարուցված հերթական քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Պետական դավաճանը ունի հրթիռավորի մասնագիտություն, բարձրագույն զինվորական կրթություն, տիրապետել է ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին և ղեկավարել է զորամասի հաշվեկշռում գտնվող ռեակտիվ համակարգերից մեկը։ Հակառակորդին ծառայություններ է մատուցել ամսական 500 ԱՄՆ դոլարով։ Լրացուցիչ 4000 ԱՄՆ դոլարի դիմաց էլ խոստացել է ներկայացնել ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները և մարտական կարգադրությունները։ Սա ընդամենը մեկ դրվագ է։ Մնացածը՝ մանրամասն շարադրված է պաշտոնական հաղորդագրության տեքստում։ 

Հարց է առաջանում, եթե չլիներ պատերազմը՝ մենք իմանալո՞ւ էինք, որ բանակում վխտում են գործակալները։ Պարզ է, չէ՞, որ նրանք մեկ օրում, մեկ ամսում, անգամ մեկ տարում չեն առաջացել։ Նրանց հետ երկար աշխատել են ու հիմա չգիտենք էլ՝ նրանցից քանիսն է դեռ «ծառայության մեջ»։ Տարիներ շարունակ ՀՀ ԱԱԾ-ն զբաղված է եղել սրա-նրա վրա սիրեկանների դոսյեներ հավաքելով, ռեկետով, բիզնես հարաբերություններ կարգավորելով, իշխանության հարստանալու ճանապարհները վնասազերծելով։ Ազգային անվտանգությունը երկրում սպասարկել է առանձին անձերի անվտանգությունը՝ դառնալով ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուներից մեկը։ Հիմա էլ պարտաճանաչորեն հաղորդագրություններ է թողարկում՝ առանց խորանալու, թե ինչու ենք հասել այս օրին։ Հետաքրքիր կլիներ լսել այս համակարգի երևելիների մեկնաբանությունները։ Գորիկ Գուրգենիչը՝ Հակոբյանը, հանգուցյալ է։ Նա, ահավասիկ շատ բան կարող էր ասել այս թեմայով։ Բայց անհնար է։ Մնում է Սերժ Սարգսյանը, որն էլի չի խոսելու։ Ասելիք չունի՞։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ