«Մենք ըստ էության արձանագրեցինք, որ Հայաստանի պետական իշխանության մակարդակով 1990 թվականից մինչև 2018 թվականը հետևողականորեն հրաժարվել ու քայքայել են պետության հիմունքները, էդ հետո պարզեցինք, որ մենք մեր բոլոր ջանքերով ի վիճակի չենք վերականգնել, հակառակ դեպքում էդ քննադատությունները էդ շեշտադրումներով չէին հնչի»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի նիստում օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հավասարության նշաններ է դնում 1990-ականների ու 2000-ականների սկզբի ու վերջի իշխանությունների միջև՝ նրանց հավասարաչափ մեղադրելով պետության հիմքերը քայքայելու մեջ։ Խեղաթյուրում է ինֆորմացիան, կեղծում է ակնհայտ փաստերն ու սկսում է մանիպուլյացիան, որի թիրախում է հայտնվում միջին վիճակագրական քաղաքացին։ Այստեղից էլ ծնվում է՝ դե խեղճն ինչ աներ, նախկիններն արդեն ավերել էին մոտիվով հանրային կարծիքը։ Հանրային կարծիքում գերիշխող այս իռացիոնալ մոտեցումը կարելի է փոխել։ Նախ պետք է խոսակցություն սկսել հետևյալի մասին․
Ա․ Հայաստանի երրորդ հանրապետության երեք իշխանություններն իրենց բնույթով և ոճով, ինչպես նաև առաջնորդներն իրենց տիպաբանությամբ ոչ միայն տարբեր են, այլև հակադիր համեմատական են։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են ինչ-որ պահի ունենալ ընդհանուր շահեր, բայց նրանք պետության ու քաղաքական վարքի տարբեր փիլիսոփայությունների կրողներ են։
Բ․ Պետք է քննարկել պատմական կոնկրետ իրավիճակներում կոնկրետ դերակատարների կոնկրետ գործողությունները։ Հանրության հետ պետք է խոսել օրինակներով։ Եվ միայն այս դեպքում, երբ շատերն իրենց աչքի առաջ կունենան օրինակներ, հնարավոր է փրկվեն մանիպուլյացիոն ախտահարումից։
Գ․ Պետք է արագ հակազդել Փաշինյանի մանիպուլյացիոն հայտարարություններին։ Խոսքն այն մասին չէ, որ պատասխան հայհոյանք հնչի։ Հայհոյելու հարցում Փաշինյանն առայժմ անգերազանցելի է։ Խոսքը մանիպուլյացիան փաստերով կոտրելու, այն հանրային տարածումից զրկելու պատրաստակամության մասին է։ Սա ծանր ու պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է հեղինակավոր ու վստահելի դեմքերի՝ իրարից անկախ, բայց համախմբված ջանքը։ Այն աշխատող դեղամիջոց է ախտահարված հանրային օրգանիզմի պարագայում։
Գոհար Վեզիրյան