...

Լևոն Տեր-Պետրոսյանի երեք «վրիպումները»

Լևոն Տեր-Պետրոսյանի երեք «վրիպումները»

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ի նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածն առ այսօր շարունակում է մնալ հայկական քաղաքական մտքի թերևս առավել հաճախ մեջբերվող աշխատությունը։ Եվ դա հասկանալի է․ ժամանակը ցույց տվեց, որ նա իրավացի էր, ընդդիմախոսները՝ սխալ, ընդ որում՝ հոդվածում կանխատեսված աղետալի զարգացումները գրեթե ճշգրտորեն իրականություն դարձան, ու ավարտը չի երևում։

Բայց ներհայկական իրողություններին վերաբերող երեք «վրիպումների» մասին, այնուամենայնիվ, արժե խոսել։ Առաջինը հետևյալ միտքն է․ «Դժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով որևէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել»։ Ժամանակը ցույց տվեց, որ լավ էլ կարող է։ Եվ խոսքը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին չէ․ նրանք փաստացի ոչ թե Ղարաբաղն էին ծախում, այլ Հայաստանը՝ իբր Ղարաբաղը պահելու, իսկ իրականում՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որը նախ իր արկածախնդրությամբ պատերազմ հրահրեց ու կորցրեց Արցախի կեսը, հետո պաշտոնապես հրաժարվեց ամբողջ Արցախից, ինչը հանգեցրեց երեքհազարամյա հայկական բնօրրանի հայաթափման, և․․․ կարողացավ Հայաստանում պահել իշխանությունը։ Ավելին՝ նույնիսկ բողոքի կարգին ալիք չբարձրացավ։ Մի խումբ մարդիկ հավաքվեցին, մի քիչ ղալմաղալ արեցին ու «ցրվեցին տներով»։ Այո, 1997-ին նման բան պատկերացնելն անհնար էր, բայց հասարակության մեծամասնությանը «խելակորույս» դարձնելու համար, պարզվեց, ընդամենը 25 տարի էր պետք։ 

Երկրորդ միտքը հոդվածի վերջին նախադասությունն է՝ «․․․ վստահ եմ մեր ժողովրդի ողջամտությանը»։ Պարզվեց՝ պետք չէր վստահ լինել, որովհետև մինչ ինքն իր թիմով կենտրոնացել էր գլխավորի վրա և պատերազմ էր հաղթում ու փորձում երկիրը դուրս բերել փլատակների տակից, ռազմահայրենասիրական քարոզը հասցրել էր բավականաչափ լվանալ մարդկանց ուղեղները՝ այնքան, որ «ողջամտություն» և «դավաճանություն» բառերը համարյա հոմանիշներ դառնան։ 

Իսկ երրորդ «վրիպումն» այն միտքն է, թե «Միևնույն է, ազգի ճակատագիրը տնօրինելու հավակնող ցանկացած քաղաքական գործիչ կամ մտավորական վաղ թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել հայհոյախոսությունից (խոսքս հոգեկան հիվանդների մասին չէ) և ժողովրդի առջև հանդես գալ կոնկրետ հաշվարկված ծրագրով»։ 26 տարի է անցել, բայց «հիմնական քաղաքական ուժերը» շարունակում են հայհոյախոսել, իսկ կոնկրետ հաշվարկված ծրագրերի հետք անգամ չի նշմարվում։

Այս հարցերն արդիական են նաև այսօր, որովհետև նախ՝ Արցախը կորցրած ու դրանից հետո իշխանությունը պահպանած Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն այնքան ինքնավստահ է դարձել, որ հանգիստ կարող է մտածել նաև Սյունիքը և Հայաստանի այլ հատվածներ հանձնելու մասին՝ առանց վախենալու, որ կկորցնի իշխանությունը, երկրորդ՝ այսօր, ավելի քան երբևէ, մեզ կոնկրետ հաշվարկված ծրագրեր են պետք, և երրորդ՝ մեր ժողովրդի ողջամտության մակարդակը կարծես թե առանձնապես չի բարձրացել (ապացույց՝ համապետական վերջին ընտրությունների արդյունքները, որտեղ ձայների համարյա 90 տոկոսը բաշխվեց բացառապես այն ուժերի միջև, որոնք հավասարապես պատասխանատվություն են կրում հայկական անվտանգության համակարգի փլուզման ու Արցախի կորստյան համար)։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ 26 տարի առաջ մենք կարող էինք գոնե մի դաշնակից ունենալ՝ «արկածախնդրության մերժումը»։ Այն ժամանակ չստացվեց, ու այսօր տեղից վեր կացողն արձանագրում է, որ Հայաստանը ոչ մի դաշնակից չունի։ Գուցե արժե՞ 26 տարի ուշացումով վերջապես մերժել արկածախնդրությունն ու գոնե մի դաշնակից ունենալ։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ