Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացված «սենսացիոն ձայնագրությունը», ու բոլորովին այլ կարգի սենսացիա ակնկալող հասարակությունը կարգին հիասթափվեց։ Անգամ կարծիքներ հնչեցին, թե իրականում այդ բացահայտումն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի օգտին էր, թե Սերժ Սարգսյանը դրանով նրբորեն աջակցեց նրան, և այլն։
Թե ինչու էին կարծիքները հակասական՝ հասկանալի է։ Որովհետև այդ բացահայտումն իրականում և՛ Նիկոլ Փաշինյանի դեմ էր, և՛ հենց Սերժ Սարգսյանի ու նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի։ Ի վերջո խոսքն այն մասին էր, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 20 տարիների ընթացքում ղարաբաղյան կարգավորման տրամաբանությունը «տարածքներ կարգավիճակի դիմաց»-ից նախ դարձել էր «տարածքներ խաղաղության դիմաց», ապա՝ «տարածքներ ոչնչի դիմաց»։ Այսինքն՝ գնալով ներկայացվող առաջարկները մեզ համար ավելի ու ավելի վատն էին դարձել, ինչը նշանակում է, որ միանգամայն իրավացի էր Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարում էր, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում, և այն, ինչ հիմա (1997-ին) մերժում ենք, հետագայում խնդրելու և չենք ստանալու։ Այսքանով այդ ձայնագրությունը «կոմպրոմատ» էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ընդ որում, նաև հարց է առաջանում՝ բա եթե 2018-ի մայիսի 12-ին Ռուսաստանի առաջարկածն այդքան լավ բան էր, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ինքը մինչ այդ չէր ստորագրում դրա տակ։
Հիմա՝ Նիկոլ Փաշինյանի մասին։ Այդ ձայնագրությունում նա փաստորեն խոստովանում է, որ իր միակ մտահոգությունը եղել է դավաճանի պիտակից խուսափելը, և նա փորձել է «գեղցու շուստրիությամբ» խուսափել դրանից՝ անգամ իրեն գժի տեղ դնելով։ Լավ, ենթադրենք՝ մարդն ընդամենը մի քանի օրվա ղեկավար էր ու չէր հասկանում, որ միջպետական հարաբերություններում այդ տրյուկները չեն անցնում։ Ենթադրենք՝ չէր հասկանում, որ չի կարողանալու «թռնել» և «հայտնվել այլ տեղում»։ Առանց երկար-բարակ մտածելու ռիսկի է դիմել, կայացրել է սխալ որոշում, և այդ սխալի արդյունքում կորցրել է Արցախի 75 տոկոսը, կործանել է մի ամբողջ սերունդ, անպաշտպան է թողել Հայաստանի Հանրապետության սահմանները, բառիս բուն իմաստով «ասֆալտին է փռել» Հայաստանի միջազգային հեղինակությունը և այլն։ Ի՞նչ պիտի աներ նորմալ մարդն այդ իրավիճակում։ Պիտի ներողություն խնդրեր, փորձեր բացատրել, որ կատարվածը ոչ թե դավաճանության, այլ ընդամենը հիմարության արդյունք է, մեկառմիշտ հեռանար քաղաքականությունից ու գլուխը կախ սպասեր դատավճռին։ Բայց՝ չէ։ Նա հպարտանում է իր աղետաբեր սխալի արդյունքներով, աջուձախ մեղադրում է բոլորին՝ իրենից բացի ու բացահայտորեն սպառնում է քաղաքացիական պատերազմով, եթե իրեն հնարավորություն չտան շարունակել «կոնվեերից թռնելու» փորձերը։ Հա, բայց ի՞նչ է պատահել, կարելի է ևս մեկ անգամ իրեն գժի տեղ դնել, ու «ջանդամը», թե այս անգամ էլ կարող է Սյունիքը Զանգեզուր դառնալ, Վարդենիսը՝ Բասարգեչար։ Միևնույն է՝ էլի մեղքն իրենից բացի բոլորի վրա է բարդելու, ինչպես «դժբախտ-դժգույն» Շուշիի անկման համար է հերթով բոլորին մեղադրում (որը կպավ՝ կպավ)։
Հ․Գ․ Ի դեպ՝ Շուշիի անկման մասին։ Հասկանալի է, որ դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ու դա որևէ մեկի «գրպանը գցել» չի հաջողվելու։ Ռոբերտ Քոչարյանն էլ հիմնավոր կասկածներ է հայտնում, թե հնարավոր է՝ դրա դիմաց 5 միլիարդ դոլար վճարած լինեն։ Միայն մի նկատառում։ Հասկանալի է, չէ՞, որ անառիկ բերդաքաղաքաը գրավելը տասնապատիկ ավելի բարդ է, քան պաշտպանելը։ Բայց 25 տարի շարունակ տեղից վեր կացողը հայտարարում էր, թե Շուշին ազատագրել ենք Հայաստանի ղեկավարից թաքուն։ Բա ի՞նչ էր պատահել, 2020-ին էլ Հայաստանի ղեկավարից թաքուն պաշտպանեիք, թող ինքը ինչքան ուզում է՝ Ալիևին խոստանար հանձնել։ Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։
Մարկ Նշանյան