Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը նշել է Բագրատ Սրբազանի շարժման ձախողման հիմնական պատճառը, այն է՝ վերջինս չի կարողանում ազատվել «նախկին նախագահների ստվերներից և ուրվականներից»։ Ըստ նրա՝ «երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից», որովհետև «ժողովրդի ճնշող մեծամասնությունը նրանց անունը լսել չի ուզում», ու եթե դա չեն անում, նշանակում է՝ իրենք ոչ թե հայրենիքի մասին են մտածում, այլ սեփական իշխանության։
Իյա, իրո՞ք։ Ընդամենը երեքուկես տարի՞ պահանջվեց այս պարզ իրողությունն ընկալելու համար։ Իսկ հիշո՞ւմ եք, թե երեքուկես տարի առաջ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին, ինչ էր առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ճիշտ է, առաջարկում էր, որ երեք նախկին նախագահները միասնաբար չմասնակցեն ընտրություններին, ու այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը չի կարողանա «նախկինների վերադարձը» շահարկելով վերարտադրվել։ Բայց՝ չէ, երկրորդ և երրորդ նախագահները համարեցին, որ «իշխանությունը գետնին գցած է», «Նիկոլը էսօր-էգուց ա», մտան ընտրապայքարի մեջ ու Նիկոլի համար իդեալական մրցակիցներ դարձան՝ մոտավորապես «բոքսի տանձիկի» կարգավիճակով։ Հետո էլ հայտնվեցին խորհրդարանում ու առ այսօր իրականացնում են նույն «բոքսի տանձիկի գործառույթը»։ Այդպես չանեին՝ Նիկոլը չէր վերարտադրվի, Արցախը չէր հայաթափվի, Հայաստանն այսքան չէր նվաստացվի, որևէ մեկի լեզուն էլ չէր պտտվի Արցախի վերացումը «Հայաստանի իրական անկախության օր» հռչակել։
Ամենացավալին այն է, որ նույնն էլ այսօր է կատարվում։ «Երկրորդ և երրորդ նախագահների ստվերներն ու ուրվականները» թթվի քարի պես ծանրացել են քաղաքական դաշտի վրա ու թույլ չեն տալիս, որ նորմալ ընդդիմություն ձևավորվի, իսկ արդյունքն այն է, որ առավելագույնը 14-15 տոկոս վարկանիշ ունեցող ու գրեթե համընդհանուր ատելություն վաստակած նիկոլական իշխանությունը նորանոր կորուստների ու նվաստացումների է տանում երկիրը։ Հետաքրքիր է՝ այդ «ստվերներն ու ուրվականները» գոնե գիտակցո՞ւմ են, որ երեքուկես տարի առաջվա հորդորն անտեսելով ու դրանով իսկ Նիկոլի վերարտադրությանը նպաստելով՝ հավասարապես նրա հետ կիսում են անցած երեքուկես տարիների աղետաբեր կորուստների պատասխանատվությունը։
Իհարկե, գիտակցում են։ Բայց նրանց ոչ թե կորուստներն են հետաքրքրում, այլ դրանց արդյունքում իրենց՝ իշխանությունը վերադարձնելու հնարավորությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի օգտագործում է նրանց այդ «թթվիքարությունն» ու շարունակում կուշտ կերած մարդու բութ ու երջանիկ դեմքով հեծանիվ քշել տարբեր մայրաքաղաքներում։ Ի՞նչ ունի վախենալու, ինքն իր «հաճախորդներին» լավ է ճանաչում։ Չէ՞ որ մի ժամանակ էլ ինքն էր նրանց «հաճախորդը»։
Մարկ Նշանյան