...

Ներքաղաքական «ստատուս-քվո»․ կոմֆորտի գինը

Ներքաղաքական «ստատուս-քվո»․ կոմֆորտի գինը

Հիշում եք, չէ՞, լոռեցի որսորդների պատմությունը։ Երկուսով գնում են որսի, հասնում արջի որջին, մեկն ասում է՝ «սպասի մտնեմ արջին դուրս հանեմ», բայց մտնում ու դուրս չի գալիս։ Մյուսը դրսից կանչում է՝ «բա ի՞նչ եղար, արջը ո՞ւր ա», ներսից ասում է՝ «չի ուզում դուրս գա», սա ասում է՝ «լավ, գոնե դո՛ւ դուրս արի», ասում է՝ «չի՛ թողնում»։ Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի քաղաքական դաշտում մոտավորապես նույն վիճակն է․ 44-օրյա պատերազմից հետո Քոչարյանը, Սերժը, դաշնակներն ու էլի ով ասես հարայ-հրոցով լցվեցին հրապարակներն ու «կռելու ենք» գոռգոռալով մի քանի ամիս աղմուկ բարձրացրեցին, բայց չկարողացան «արջին որջից հանել», հիմա էլ ուզում են քաղաքական դաշտից դուրս գալ՝ «արջը չի թողնում»։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իշխանական քարոզիչների թոփ 10-յակում իր կայուն տեղն ունեցող Տարոն Չախոյանին «բերման էին ենթարկել» Հ1-ի տաղավար, որտեղ էլ նա հայտարարեց, թե եթե Բագրատ Գալստանյանը փորձեր առանց երկրորդ և երրորդ նախագահների աջակցության գործել, «նույնիսկ էդ 1000, 2000 հոգանոց հանրահավաքներն իրեն չէր հաջողվի կազմակերպել»։ Հասկանալի է, որ եթե իշխանական որևէ քարոզիչ ինչ-որ բան է ասում՝ իրականությունը ճիշտ հակառակն է։ Սկզբում Բագրատ Սրբազանի հանրահավաքներին ոչ թե 1000-2000, այլ մի քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում, իսկ թվերը սկսեցին կտրուկ նվազել այն բանից հետո, երբ Քոչարյանի ու Սերժի աջակցությունն ակնհայտ դարձավ, այդ աջակցությանը դեմ արտահայտվողներն էլ մեկուսացվեցին շարժումից։ Այլ կերպ ասած՝ շարժումը սկսեց մարել ոչ թե այն պատճառով, որ նիկոլական իշխանությունների նկատմամբ ատելությունը թուլացավ, այլ որովհետև նախկինների նկատմամբ ատելությունն ավելի ուժեղ էր։

Եվ ահա իշխանական քարոզչությունը միաժամանակ երկու ուղերձ է հղում։ Առաջին՝ «Քոչարյանի, Սերժի և դաշնակների ակտիվ աջակիցներն ընդամենը 1000-2000 հոգի են», և երկրորդ՝ «Բագրա՛տ Սրբազան, հանկարծ չփորձես նախկին նախագահների աջակցությունից հրաժարվել, թե չէ էդ 1000-2000 հոգուց է՛լ կզրկվես»։ Պարզ ասած՝ նիկոլական իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքական դաշտում «ստատուս-քվոն» պահպանվի, այսինքն՝ Բագրատ Սրբազանն իր 1000-2000 հոգանոց անվնաս ակցիաներով ընդդիմադիր դաշտը «զանիտ անի» (անվնաս, որովհետև նախկինների նկատմամբ ատելությունը թույլ չի տալու, որ այդ թիվը մեծանա) ու միաժամանակ թույլ չտա հասարակության համար ավելի ընդունելի ընդդիմության ձևավորում։ 

Այսօրինակ ներքաղաքական «ստատուս-քվոն», ի դեպ, նույնքան վտանգավոր է, որքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում էր, երբ Հայաստանի ու Արցախի գրեթե ողջ քաղաքական դաշտը, իշխանությունով-ընդդիմությունով-բանով, ռազմահայրենասիրական կոմֆորտի մեջ, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած՝ ձգտում էր պահպանել «ստատուս-քվոն», այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը հայտարարում էր, որ դա անընդունելի է։ Թե ինչով ավարտվեց դա՝ գիտենք։ Հիմա էլ նույն վիճակն է՝ իշխանությունով-«տիտղոսակիր ընդդիմությունով»-բանով, դարձյալ կոմֆորտի մեջ, ձգտում են պահպանել ներքաղաքական «ստատուս-քվոն»։ Իսկ արդյունքն այն է, որ իշխանությունները ծվեն-ծվեն են անում երկիրը, ու նրանց ձեռքը բռնող չկա։

Սա հնարավոր կլինի փոխել միայն մի դեպքում՝ եթե իշխանությունով-«տիտղոսակիր ընդդիմությունով»-բանով, ձեռք-ձեռքի տված հեռանան։ 

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ