...

Խափանման միջոցը՝ քաղաքական դաշտից չբացակայելու ստորագրություն

Խափանման միջոցը՝ քաղաքական դաշտից չբացակայելու ստորագրություն

Եվ այսպես, դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանի որդուց և հարսից բռնագանձել 14 միավոր անշարժ գույք, մոտ 2,7 միլիարդ դրամ, ևս 3,7 միլիարդ դրամ՝ հունական Միկոնոս կղզու առանձնատան և Տանզանիայում ձեռք բերված ընկերությունների դիմաց, և այլն։ Մի քանի օր առաջ էլ մոտավորապես նույն ծավալի բռնագանձման սպառնալիքի տակ էր հայտնվել Սերժ Սարգսյանի եղբայրը։

Նիկոլ Փաշինյանի դարդուցավը, հասկանալի է, պետությանը հասցված վնասի վերականգնումը չէ։ Եթե այդ հարցը նրան իսկապես մտահոգեր՝ նա աջուձախ քամուն չէր տա բյուջեն, պարգևավճարների անվան տակ չէր օրինականացնի ալան-թալանը, միլիոնավոր դոլարներ չէր վատնի ինչ-որ կասկածելի երգիչներ հրավիրելու վրա, աչք չէր փակի տասնյակ միլիոնավոր դոլարների անիմաստ փոշիացումն իր իսկ թիմակիցների կողմից, և այսպես շարունակ։ Ակնհայտ է, որ «արդարության վերականգնումը» նույնպես առանձնապես չի հետաքրքրում Փաշինյանին, այլապես խոշոր «ձկներն ու մկներն» ազատության մեջ չէին լինի, ու նրանց փոխարեն անազատության մեջ չէին հայտնվի երկրորդական-երրորդական դեմքերը։ 

Ուրեմն ո՞րն է այս ամենի քաղաքական նպատակը։ Հասարակությանն ուղղված քարոզչական ուղերձը հասկանալի է․ «տեսնո՞ւմ եք, ժողովուրդ ջան, թե ովքեր են հավակնում իշխանության»։ Բայց բուն նպատակը, կարծում ենք, այլ է։

Բանն այն է, որ հանրության մեջ օրեցօր ավելի ու ավելի է արմատավորվում այն համոզմունքը, որ քանի դեռ երկրորդ և երրորդ նախագահները մեկառմիշտ չեն հեռացել քաղաքական ասպարեզից՝ որևէ ընդդիմադիր շարժում հաջողության հասնել չի կարող։ Ու սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին․ բա որ հանկարծ սրանք իսկապես էլ որոշեն քաղաքականությունից հեռանա՞լ, ի՞նչ կլինի իր վիճակը։ Ու որպեսզի հանկարծ նման բան տեղի չունենա՝ որոշել է «ևս մի կռուգ» թարմացնել քրեական գործերը։ Որպեսզի հանկարծ սրանց մտքներով չանցնի «թարգել քաղաքականությունն» ու կյանքը վայելել որևէ էկզոտիկ կղզում։ Հասկանալի է, չէ՞, որ նման կարգի կոռուպցիոն մեղադրանքներից պաշտպանվելու ամենահարմար ձևն այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելն է, բայց դրա համար անհրաժեշտ է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Եթե քաղաքականությունից դուրս ես գալիս՝ այլևս չես կարող որպես քաղհալածյալ ներկայանալ ու ստիպված ես պաշտպանվել որպես սովորական քրեական հանցագործ՝ միանգամայն կանխատեսելի հետևանքներով։ Հետևաբար՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը իրենց հարազատների դեմ հարուցված գործերը որպես քաղաքական հետապնդում ներկայացնելու և նրանց «կոմֆորտ պաշտպանությունն» ապահովելու նպատակով ստիպված պիտի լինեն չհեռանալ ակտիվ քաղաքականությունից, եթե անգամ այդպիսի մեծ ցանկություն ունեն։

Այնպես որ՝ այդ քրեական գործերի «թարմացումներով» Նիկոլ Փաշինյանն իրականում մի հիմնական նպատակ է հետապնդում․ ստիպել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարունակեն մնալ «հիմնական ընդդիմություն», հասարակությանը ցույց տալ, որ հենց նրանք են իր այլընտրանքը, և այդպիսով ամրապնդել սեփական իշխանությունը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ