...

Չի բացառվում, որ Թևանյանի գործուղման փողը Նիկոլը տված լինի

Չի բացառվում, որ Թևանյանի գործուղման փողը Նիկոլը տված լինի

Հայաստանում իշխանություններ-ընդդիմություն հարաբերությունները «Բարեկենդանը» հեքիաթն են հիշեցնում, որի վերջին նախադասությունը սա է՝ «մինչև հիմա էլ մարդը կնկանն է ասում շաշ, կնիկը՝ մարդուն»։ Այս վերջին լեզվակռվի առիթը ռուսական Առաջին ալիքի եթերում Նիկոլ Փաշինյանին ցեխը կոխելու հերթական ծիսակարգն էր, որին մասնակցեց նաև Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության դրոշակը «հավատարմագրային կառավարմամբ» վերցրած Անդրանիկ Թևանյանը։ Շարունակությունը կանխատեսելի էր՝ նիկոլական իշխանությունները նրան ու նրա քաղաքական կնքահայրերին «ռուսական գործակալական ցանց» են անվանում, իսկ սրանք նիկոլական իշխանություններին՝ «թուրքական 5-րդ շարասյուն»։ 

Մեծ հաշվով՝ քաղաքական իմաստով երկուսն էլ իրավացի են, դրսերում սեփական երկրի իշխանություններին ցեխը կոխելու հակահիգիենիկ երևույթն էլ նոր չէ։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Զարուհի Փոստանջյանը Եվրոպայում Սերժ Սարգսյանին հարցեր տալիս կազինոների մասին (ի դեպ՝ զարմանալի զուգադիպությամբ, տարիներ անց Անդրանիկ Թևանյանն ու Զարուհի Փոստանջյանը հայտնվեցին նույն ուժի նախընտրական ցուցակում)։ Իսկ թե ինչու է երևույթը հակահիգիենիկ՝ կարծում ենք, բացատրելու կարիք չկա։ Այո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խայտառակություն է, բայց դա մե՛ր խայտառակությունն է, ու ամոթի այդ խարանը մեր ճակատից մե՛նք պիտի ջնջենք։ Այդ հարցում դրսից «տղա բերելն» անընդունելի է։ Ի վերջո՝ լավ հայտնի է, թե սովորաբար ինչով է ավարտվում ամեն ինչ, երբ կինն օտար տղամարդու մոտ ժամերով բողոքում է ամուսնուց․ ամուսինը դրանից ավելի լավը չի դառնում, բայց օտար տղամարդը, որպես կանոն, առիթը բաց չի թողնում, օգտվում է դրանից և շատ մանրամասն «մխիթարում» ամուսնուց դժգոհ կնոջը։ 

Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից։ 44-օրյա պատերազմից ու հատկապես Արցախի ամբողջական հայաթափումից հետո Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, խիստ բացասական է, համարյա թշնամական։ Հայաստանի «տիտղոսակիր ընդդիմությունը»՝ հիմնականում Ռոբերտ Քոչարյանի ստվերային գլխավորությամբ ու Անդրանիկ Թևանյանի դեմքով, բնականաբար, չէր կարող չհասկանալ, որ այս իրավիճակում ռուսների հետ «ձեն-ձենի տված» Նիկոլին հայհոյելը հակառակ արդյունքը կտա, ու եթե անգամ նրա գետնատարած վարկանիշն էլ չբարձրացնի՝ ընդդիմության վարկանիշը հաստատ կիջեցնի։ Ուրեմն ինչո՞ւ է խաղարկվում այս էժանագին սցենարը, որի «սյուժետային գիծը» շատ պարզունակ է՝ ընդդիմությունը Մոսկվայից «տղա է կանչում», նիկոլական քարոզչական մեքենան էլ միանգամից աղմուկ է բարձրացնում, թե «հիմա տեսա՞ք, որ ճիշտ էինք ասում, սրանք ոչ թե ընդդիմություն են, այլ ռուսական գործակալներ, որոնք մեզ ուզում են նորից ռուսական սապոգի տակ կոխել»։ 

Սա հասկանալու համար պարզապես հիշենք, որ Նիկոլի՝ ընդհանուր առմամբ շարունակաբար աղետաբեր իշխանության հինգուկես տարիների ընթացքում երկու մասշտաբային կատաստրոֆաներ են եղել․ 2020-ին՝ 44-օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտությունն ու 2023-ին՝ Արցախի ամբողջական հայաթափումը։ Առաջին աղետից հետո Նիկոլը փրկվեց ու իշխանությունը պահպանեց առավելապես այն բանի շնորհիվ, որ ասպարեզում հայտնվեց ու որպես «հիմնական այլընտրանք» ներկայացավ Ռոբերտ Քոչարյանը։ Ու հիմա, երբ Արցախը կորցնելուց հետո Նիկոլի դիրքերը կրկին շատ խախուտ են (այլ հարց է, որ հասարակությունը դեռևս չի հաղթահարել շոկը և պատասխան չի պահանջում), կարծես թե նույն «տրյուկն» է արվում՝ քոչարյանականները շտապում են «կրակել սեփական ոտքին» ու ևս մի անգամ փրկել նրան։ 

Հենց այսպես «պասերով» էլ խաղում են, որովհետև Քոչարյանը կարող է քաղաքական ֆիգուր համարվել միայն նիկոլական փնթի իշխանությունների առկայության դեպքում, իսկ Նիկոլը կարող է իշխանությունը պահպանել միայն Քոչարյանի նման արգահատելի «հիմնական այլընտրանք» ունենալու պարագայում։ 

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ