...

Ի վերջո ովքե՞ր և ինչքանո՞վ «ծախեցին Ղարաբաղը»

Ի վերջո ովքե՞ր և ինչքանո՞վ «ծախեցին Ղարաբաղը»

Դժվար է ասել, թե ով է հորինել «թուրքին՝ հող, հային՝ փող» ասացվածքը՝ թուրքե՞րը, թե՞ հայերը, բայց վերջին 25-30 տարիներին հայկական քաղաքական խոսույթի առանցքային թեման «Ղարաբաղը ծախել-չծախելն» էր, իսկ ինչ-որ բան «ծախելն» անպայմանորեն նաև ֆինանսական բաղադրիչ է ենթադրում, այսինքն՝ կոնկրետ գին, որը ծախողները պիտի ստանային «ապրանքի» դիմաց։ Խոսքը, հասկանալի է, պարզ կոմերցիոն գործարքի մասին չէ՝ «փողը փոխանցեցիր, ապրանքը ստացար» սկզբունքով (թեև, ըստ Լուկաշենկոյի, նման բան էլ է եղել․ Ալիևը Ղարաբաղի դիմաց Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել)։ Խոսքը շատ ավելի բարդ սխեմաների մասին է։ Բայց քանի որ անգամ այսօր՝ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, մարդիկ հայրենիքի կորուստը թողած՝ ավելի շատ «ֆինանսական բաղադրիչի» մասին են խոսում (ով ինչքան փող թռցրեց, ով ինչքան կորուստ ունեցավ, ով պիտի հատուցի այդ կորուստները, ինչքան փող «կխնայի» Հայաստանն ու ինչի վրա կծախսի, և այլն), արժե անդրադառնալ նաև ա՛յդ հարցին։ Պարզ ասած՝ ժամանակը ցույց տվեց, թե իրականում ով էր ծախում Ղարաբաղը, բայց պետք է հասկանալ նաև, թե ի վերջո ինչքանո՞վ և ի՞նչ մեխանիզմներով ծախեցին։

Կրկնենք՝ խոսքը պարզունակ գործարքի մասին չէ։ Բայց մեծ հաշվով՝ նույնպիսի գործարք է, երբ իրականացնում ես ինչ-որ քաղաքականություն, որն ի վերջո անխուսափելիորեն հանգեցնելու է Արցախի կորստին, ընդ որում՝ ինքդ շատ լավ գիտակցում ես դա, բայց քանի որ այդ ընթացքում լինելու ես իշխանության և ինչ-որ իքս գումար ես վաստակելու՝ գնում ես այդ ճանապարհով։ Այդ իքս գումարն էլ հենց «Ղարաբաղի գինն» է։ Ընդ որում՝ կոնկրետ թիվ նշելը չափազանց բարդ է, որովհետև անգամ մոտավորապես հնարավոր չէ հաշվել, թե 1997-ից առ այսօր քանի միլիարդ դոլար են վաստակել Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։ Բայց որոշ թվեր այնուամենայնիվ հայտնի են։ Օրինակ՝ ըստ միջազգային կառույցների գնահատականների, 1998-2018 թվականներին միայն ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս է բերվել առնվազն 20 միլիարդ դոլար։ Վստահաբար՝ մի այդքան էլ «ներդրվել է» Հայաստանում։ Հասկանալի է, որ այդ ամբողջ գումարը չի կարելի միայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերագրել, բայց վստահաբար՝ առնվազն կեսը նրանց մերձավորների ձեռքով է անցել։ 2018-ի «թավշյա, ոչ բռնի» խեղկատակությունից հետո իրավիճակն առանձնապես չի փոխվել, դեռ մի բան էլ՝ հարյուր միլիոնավոր դոլարների «պարգևավճարներն» են գումարվել, այսինքն՝ «Ղարաբաղը ծախելու» դիմաց ստացվող գումարների հոսքը շարունակվել է։ Ձևերը գուցե փոխվել են, բայց բովանդակային առումով մեծ տարբերություն չկա, օրինակ, հունական կղզի առնելու, սատկած առյուծ հեծնելու, Բադեն-Բադենի կամ աշխարհի ամենաթանկ կուրորտներում «տժժալու» միջև։ Գումարային արտահայտությամբ էլ, եթե շատ մոտավորապես հաշվենք, 1997-2023 թվականների ընթացքում օրվա իշխանություններն ու իրենց «նեղ կռուգը» ստացել են 35-50 միլիարդ դոլար։

Իսկ որ դա հենց «Ղարաբաղի գինն» է՝ ակնհայտ է։ Չէ՞ որ այդ ժամանակահատվածի ընթացքում ցանկացած պահի կարելի էր գնալ համարձակ քայլերի և հասնել շատից-քչից տանելի լուծումների, որոնցից յուրաքանչյուրը հաստատ ավելի լավը կլիներ, քան այն, ինչ ունենք այսօր։ Չեն արել, որովհետև «իրենց կասեին դավաճան», այսինքն՝ դա կվտանգեր իրենց իշխանությունը և հնարավորություն չէր տա ստանալ իրենց փայը «Ղարաբաղի վաճառքից»։ Իսկ թե այդ 35-50 միլիարդ դոլարից որ մասն է ստացվել Քոչարյանի, որը՝ Սերժի և որը՝ Նիկոլի օրոք, արդեն էական էլ չէ։ Փաստն այն է, որ 26 տարի շարունակ Ղարաբաղը ծախել են, ամեն մեկն իր փայը ստացել է, մի ամիս առաջ էլ «նոտարական վավերացմամբ» գործարքն ավարտին են հասցրել։ 

Պարզապես Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ «թղթի տակ» այնուամենայնիվ ի՛ր ստորագրությունն է, ու վախենալով հետևանքներից, ժողովրդին այդ գործարքից ինչ-որ տոկոս է առաջարկում, հայերեն ասած՝ «թուլափայ»։ Արցախցիներին՝ աջակցության տեսքով, ՀՀ բնակչությանը՝ «նիսյա» (խաղաղություն կլինի, լավ կապրենք, բոլորիդ կենսամակարդակը կբարձրանա)։ 

Իրականում այ այսպե՛ս ծախեցին Ղարաբաղը։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ