...

Հերթական «ղալմաղալը»՝ քաղաքական պրոցեսի փոխարեն

Հերթական «ղալմաղալը»՝ քաղաքական պրոցեսի փոխարեն

Նիկոլ Փաշինյանի համար մեծ բարեբախտություն է, որ Երևանում Արցախի ներկայացուցչություն կա, ԼՂՀ իշխանություններն էլ՝ նախագահով-բանով, բարեհաջող հասել են Երևան ու առոք-փառոք տեղավորվել այդ շենքի հարմարավետ կաբինետներում։ Դա չլիներ՝ Արցախից բռնագաղթածներն ի՛ր նստավայրի դիմաց էին հավաքվելու և դժգոհություններն իրե՛ն էին ներկայացնելու։ Ու պատահական չէ, որ իշխանական բոլոր քարոզչամիջոցները, ասես միասնական հրահանգով, Արցախի ներկայացուցչության բակում տեղի ունեցած հարայհրոցից հատկապես այն դրվագն էին առանձնացրել, որտեղ բողոքողները Սամվել Շահրամանյանին «թուրք» ու «դավաճան» են անվանում։ Քարոզչական ուղերձը հասկանալի է․ իբր՝ «իսկ Երևանում Նիկոլին էին թուրք ու դավաճան ասում, հիմա տեսա՞ք, թե ղարաբաղցիների կարծիքով ով է թուրքն ու դավաճանը»։ 

Իրավիճակն իսկապես տարօրինակ է։ Մի տարի առաջ նախկին իշխանությունները Երևանում միտինգներ էին անում՝ «Նիկոլ-դավաճան» ու «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով, մի տարի անց հենց իրենց աջակցությամբ էլ Ստեփանակերտում իշխանափոխություն տեղի ունեցավ, երկու շաբաթ չանցած՝ Արցախը հայաթափվեց, «նոր իշխանություններն» էլ հասան Հայաստան ու արժանացան «դավաճան» և «թուրք» պիտակավորումներին։ Ավելին՝ լրատվական դաշտում համառորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ընդամենը երկու շաբաթում Արցախի «նոր իշխանությունները» հասցրել են ահռելի յուրացումներ անել, հսկայական գումարներով պետության համար անհատներից տներ ու անգամ ռեստորանային համալիրներ առնել՝ լավ իմանալով, որ մի քանի օր անց դրանք մնալու են թշնամուն, և այլն, մի խոսքով՝ ամեն ինչ արել են «առուփախի» դասական կանոններով։ 

Այդ բոլոր փաստերով, բնականաբար, գործեր են հարուցվելու (Նիկոլ Փաշինյանն այդպիսի հնարավորությունը բաց չի թողնի), բայց շատ ավելի կարևոր է այլ հարց՝ իսկ քաղաքական դատավարություն լինելո՞ւ է։ 

Վստահաբար՝ չի լինելու։ Տեղի է ունենալու այն, ինչ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեպքում։ Հասկանալի է, չէ՞, որ Արցախի կործանման և Հայաստանի այսօրվա բզկտված վիճակի հիմքերը դրվել են 1998-ի պետական հեղաշրջմամբ, բայց ուշադրություն դարձրեք՝ Նիկոլի իշխանության տարիներին այդ փաստով քաղաքական պրոցես (դատավարություն) սկսելու փորձ անգամ չի արվել։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչի մեջ ասես մեղադրվել են՝ կաշառք, փողերի լվացում, «դիզվառելիքի գործ» և այլն, բացի իրենց գործած ծանրագույն հանցանքից (հետևանքների ծանրության առումով)։ Ամենայն հավանականությամբ՝ այս դեպքում էլ է նույնը լինելու, և Արցախի վերջին իշխանությունները, Սամվել Շահրամանյանով-պետնախարարով-բանով, շատ-շատ մեղադրվելու են «առանձնապես խոշոր չափերի» յուրացումների համար։ Այդպես շատ ավելի հարմար է։ Նախ՝ շոուն ավելի դիտարժան կլինի, երկրորդ՝ եթե քաղաքական պրոցես սկսվի, շատ արագ կպարզվի, որ Արցախի վերջին իշխանություններն ընդամենը «մեծ դավաճանության» փոքրիկ դետալն էին, վերջին շտրիխը, իսկ բուն դավաճանությունը սկսվել էր 1997-ին և Նիկոլ Փաշինյանի կողմից վիրտուոզ ձևով ավարտին հասցվել 2020-ի նոյեմբերին, ապա «նոտարական կնիքով» վավերացվել 2022-ին՝ Պրահայում։ 

Բայց Նիկոլ Փաշինյանին Արցախը չի հետաքրքրում ու երբևէ չի էլ հետաքրքրել, հետևաբար՝ նրան չեն հետաքրքրում նաև Արցախի կործանման քաղաքական պատասխանատուները։ Նրան հետաքրքրում է միայն իր իշխանությունը, ուստի Քոչարյանից ու Սերժից սկսած՝ մինչև Արցախի վերջին իշխանություններ, իրեն հետաքրքրում են զուտ այն տեսանկյունից, թե որքանո՞վ կարող են վտանգավոր լինել իր իշխանության համար, ու ինչպե՞ս չեզոքացնել այդ վտանգները։ Իսկ չեզոքացնելու տեսանկյունից «կոռումպացված թալանչիների» խոսույթը շատ ավելի արդյունավետ է։

Այնպես որ՝ քաղաքական պրոցես մի ակնկալեք։ Դրա համար առնվազն քաղաքական մտածողություն է պետք, որն այսօրվա «քաղաքական դաշտում» իսպառ բացակայում է։ 

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ