Փաշինյանական իշխանությունները Ղարաբաղը հանձնելու տարբեր տարեթվեր են նշում՝ ըստ տվյալ պահի քաղաքական նպատակահարմարության։ Եթե պետք է՝ ասում են, որ «Ղարաբաղը հանձնվել է» դեռևս 1991 թվականին, եթե պետք է՝ որպես «հանձնման տարեթիվ» 1996 թվականն են նշում, կամ՝ 1997-ը, կամ՝ 2000-ը, կամ՝ 2004-ը, 2011-ը, 2016-ը, և այլն։ Միայն թե 2018-ից առաջ լինի։ Ընդդիմությունն էլ ի՛ր հերթին է տարբեր տարեթվեր նշում, ու բոլորը՝ 2018-ից հետո։ Եվ դարձյալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։
Իրականում Ղարաբաղը հանձնելը եղել է մեկ-միասնական գործընթաց, որն իրականացվել է ընդամենը երկու փուլով (երկրորդ փուլն իր հերթին իրականացվել է երկու առանձին դրվագներով), ու դրանցից յուրաքանչյուրը և՛ կոնկրետ տարեթիվ ունի, և՛ կոնկրետ պատասխանատուներ։
Առաջին փուլը՝ տեսանելի հեռանկարում Ղարաբաղն անխուսափելիորեն կորցնելու քաղաքական գործընթացի մեկնարկը, տրվել է 1997-ի աշնանը, երբ ԼՂՀ իշխանությունները վերջնականապես մերժեցին կարգավորման փուլային տարբերակը, ավելի ճիշտ՝ դրա երկրորդ, խմբագրված տարբերակը, ու ամիսներ անց էլ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացրեցին։ Կոնկրետ պատասխանատուները՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյան, ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյան, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյան, պաշտպանության նախարար Սամվել Բաբայան։ Թե դրան հաջորդած 20 տարիների ընթացքում ովքեր սպանվեցին, ովքեր հայտնվեցին բանտերում, ովքեր ահռելի հարստություն կուտակեցին և այլն՝ արդեն էական չէ։ Էական չէ նույնիսկ այն, թե այդ 20 տարիների ընթացքում ավելի շատ ովքեր էին կարգավորման բանակցությունների իմիտացիայով զբաղվում՝ մերո՞նք, թե՞ ադրբեջանցիները, որովհետև գործընթացի ընդհանուր տրամաբանությունն էլ էր կանխատեսելի (ու ճշգրտորեն կանխատեսված), ավարտն էլ․ այդ ընթացքում կարգավորման՝ մեզ առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրը նախորդից ավելի վատն էր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունն էլ անընդհատ փոխվում էր ի վնաս մեզ։
Երկրորդ փուլի առաջին դրվագը սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին և ավարտվեց նոյեմբերի 9-ին։ Թիվ մեկ պատասխանատու և մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան։ Ինչու պատասխանատու՝ որովհետև այդ պահին արդեն երկուսուկես տարվա վարչապետ էր և հանրային վստահության բավարար ռեսուրս ուներ ցավոտ զիջումների գնով հակամարտությունը կարգավորելու համար, բայց գիտակցաբար երկիրը տարավ պատերազմի։ Ինչու մեղավոր՝ որովհետև նրա (շատերի կարծիքով՝ միտումնավոր) փնթի ու տհաս ղեկավարման արդյունքում ջախջախիչ պարտություն կրեցինք ու կորցրեցինք բանակի կեսը, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների 70 տոկոսը և ավելի քան 4 հազար երիտասարդ կյանք։
Երկրորդ փուլի երկրորդ դրվագը սկսվեց 2023-ի սեպտեմբերի 19-ին և ավարտվեց հաջորդ օրը։ Պատասխանատուներ՝ Նիկոլ Փաշինյան (որը դա համարեց «Ադրբեջանի ներքին գործը») և դրանից ընդամենը օրեր առաջ Ղարաբաղում իշխանափոխություն իրականացրած ինչ-որ անհասկանալի խմբակ՝ Սամվել Շահրամանյանի, նրա թիմի հայաստանյան «պապաների» ու Դաշնակցության գլխավորությամբ։
Վերջ, սա է, մնացածը լոլոներ են։ Ու հիմա, երբ այս շատ կոնկրետ անուն-ազգանուններով մեղավորները թուքները շաղ տալով հատ-հատ քննարկում են «դետալները» ու դրանցից յուրաքանչյուրի համար մեղադրում միմյանց, դրանք ընդամենը սեփական կաշին փրկելու խղճուկ փորձեր են։ Այդպես բանդայի անդամներն են դատարանի դահլիճում ցուցմունքներ տալիս միմյանց դեմ՝ փորձելով հնարավորինս մեղմ պատիժ ստանալ կամ ընդհանրապես խուսափել պատասխանատվությունից։
Իսկ մեր դեպքում գործը դեռ անգամ «դատարանի դահլիճ» չի հասել։ Որովհետև դատավորների դերը ստանձնել են բանդայի այն անդամները, որոնք իրականում ճաղավանդակի մյուս կողմում պիտի լինեին՝ դատվողների հետ նույն նստարանին։
Մարկ Նշանյան