...

Նույն կարգախոսով դավաճանածների «ներտեսակային պայքարը»

Նույն կարգախոսով դավաճանածների «ներտեսակային պայքարը»

Այն, ինչ այս օրերին կատարվում է մեզ հետ, «հիմա որևէ բան զիջելու կարիք չկա, կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք» տխմարության ուղիղ հետևանքն է։ Այդպես մենք 1997-ին ձեռքից բաց թողեցինք արժանապատիվ խաղաղության հնարավորությունը, այդպես մենք ձեռք թափ տվեցինք հետագայում մեզ առաջարկված մյուս տարբերակների վրա, որոնցից յուրաքանչյուրը, ճիշտ է, նախորդից ավելի վատն էր, բայց ամեն դեպքում՝ կատաստրոֆա չէր ենթադրում, այդպես մենք 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի անգամ հրաժարվեցինք կանգնեցնել աղետը, որովհետև մեզ, իբր, ստիպում էին դրա դիմաց հանձնել Շուշին (իսկ ինչո՞ւ համաձայնվել, քանի դեռ Շուշին մերն է, այ հենց որ գրավեն՝ այն ժամանակ էլ կհամաձայնվենք), այդպես սեպտեմբերի 19-ի աղետից հաշված օրեր առաջ Արցախում մի քանի արկածախնդիրներ հեղաշրջում արեցին ու Աղդամ-Ասկերան ճանապարհին բետոնե բլոկներ շարելու «ֆլեշմոբ» կազմակերպեցին՝ կտրականապես մերժելով «ինտեգրման թեմայով» Ադրբեջանի հետ որևէ երկխոսություն (իսկ ինչո՞ւ համաձայնվել, քանի դեռ Պաշտպանության բանակում մի քանի հազար կռվող կա, իսկ գյուղերում՝ մի քանի տասնյակ հազար խաղաղ բնակիչ, այ հենց որ բանակը ջախջախվի, գյուղերն էլ դատարկվեն՝ այն ժամանակ կգնանք Եվլախ)․․․  

Միայն թե չասեք՝ լավ, եղածը եղած է, եկեք անցյալի սխալների վերլուծությունը թողնենք հետոյին ու կենտրոնանանք այսօրվա վիճակի վրա։ Բանն այն է, որ միայն առաջին հայացքի՛ց կարող է թվալ, թե այս ամենն անցյալի հարց է։ Իրականում «կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք զիջել» տխմարագույն «ռազմավարությունն» այսօր էլ ընթացքի մեջ է։ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտորեն սպառնում են ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը», Ռուսաստանը բաց տեքստով հայտարարում է, որ Արցախի հետ կատարվածը «լավ դաս էր» բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն երես թեքել իրենցից, ու միաժամանակ զգուշացնում է, որ «հայերը շուտով էլի կխնդրեն փրկել իրենց», «դասը սերտելու» վերջնաժամկետն էլ կարծես թե ուրվագծվում է՝ Գրանադայում կայանալիք հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ու որի ընթացքում Հայաստանի իշխանությունները «չեն բացառում» խաղաղության համաձայնագրի ստորագրումը կամ առնվազն որևէ առանցքային համաձայնության կայացում։ 

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է նույն տրամաբանությամբ․ «ինչո՞ւ միջանցքի հարցում զիջումներ անենք ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի դեռ բանակ ունենք, միջազգային հանրությունն էլ հետևողականորեն սատարում է մեր տարածքային ամբողջականությանը, այ երբ որ կհարձակվեն և ուժով կբացեն միջանցքը, միջազգային հանրությունն էլ դա խստորեն դատապարտելուց բացի ոչինչ չի անի, այն ժամանակ էլ կզիջենք»։ Բա հո թույլ չի՞ տալու, որ իրեն դավաճան ասեն։ Բա Քոչարյանը, Սերժն ու Վազգենը 1997-ին հո թույլ չէի՞ն տալու, որ իրենց «հողատու» ասեն, բա 2020-ի հոկտեմբերի 5-ին կամ 19-ին Նիկոլը հո թույլ չէ՞ր տալու, որ իրեն դավաճան ասեն, բա 2023-ի սեպտեմբերի 1-ին Արցախի ներկա ու նախկին «ռազմաքաղաքական ղեկավարությունը» հո թույլ չէ՞ր տալու, որ իրենց դավաճան ասեն։ 

Արդյունքում՝ այս կոնտինգենտը, ամեն մեկն իր ղեկավարման ժամանակահատվածում հնարավոր ամեն ինչ փլուզելով (Նիկոլը դեռ շարունակում է պաշտոնավարել, դրա համար էլ դեռևս կործանելու «ասպարեզ» ունի), ոչ միայն չպատժվեց, այլև ամեն մեկն իր «ֆան-կլուբն» ունի։ Սրանք էլ իրար դավաճան են անվանում ու իրարից փրկում երկիրը։ Երկիր, որից համարյա բան չի մնացել՝ իրենց բոլորի կողմից հավասարապես ընդունված «կզիջենք, երբ ստիպվա՛ծ կլինենք զիջել» տխմարության պատճառով։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ