Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է նախապես «ավելորդ բաներից ազատված» Եռաբլուր ու Վազգեն Սարգսյանի երբեմնի զինակիցներով (Անդրանիկ Քոչարյանով, Գագիկ Մելքոնյանով, Սասուն Միքայելյանով-բանով) շրջապատված՝ ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին։ Սա, նկատենք, բավականին արտառոց քայլ է, որովհետև, մեղմ ասած, հեչ չի տեղավորվում իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականության շրջանակներում։
Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածել Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ դարձած Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելու պահին (բացի նրանից, իհարկե, որ կադրերում ավելի համոզիչ երևա), կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ է մտածել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին։
Բանն այն է, որ առ այսօր այդ ահաբեկչության վերաբերյալ հանրության շրջանում երկու հիմնական վարկած է շրջանառվում։ Ըստ առաջին վարկածի՝ այն կազմակերպել էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու դաշնակները (այդ կասկածներն առ այսօր վերջնականապես չեն փարատվել), իսկ ըստ երկրորդ վարկածի՝ կազմակերպիչներ չկային, հեղինակները «մի խումբ ռոմանտիկներ» էին, գործն էլ «ուչաստկովիի գործ էր»։ Հարց՝ այս երկու վարկածներից ո՞րն է ավելի հավանական համարում Նիկոլ Փաշինյանը։
Ենթադրենք՝ նա հավատում է «մի խումբ ռոմանտիկների» վարկածին ու վստահ է, որ Քոչարյանը, Սերժն ու դաշնակները դրա հետ կապ չունեն։ Շատ լավ, բայց Նիկոլ Փաշինյանը միաժամանակ համարում է, որ 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի ու Հայաստանի այսօրվա վիճակի հիմնական մեղավորը Քոչարյանն է, իսկ նա չէր կարող Հայաստանում իշխանություն զավթել առանց Վազգեն Սարգսյանի առանցքային դերակատարման, հետևաբար՝ իր պատկերացմամբ, Վազգենն էլ է այսօրվա վիճակի հիմնական մեղավորներից մեկը, գուցե նույնիսկ՝ ամենահիմնականը։ Ուրեմն էլ ինչո՞ւ է գնում ու հանդիսավորությամբ հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին։ Առավել ևս, որ Վազգեն Սարգսյանն էական դերակատարում է ունեցել արցախյան առաջին պատերազմում ու մեր տարած հաղթանակում, ինչը, Նիկոլ Փաշինյանի ու նրա «քաղաքական թիմի» (այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանի, Գագիկ Մելքոնյանի, Սասուն Միքայելյանի ու Վազգենի մյուս նախկին զինակիցների) տրամաբանությամբ, էապես վնասել է մեր անկախության կայացմանը, հետևաբար՝ «հակապետական արարք» էր։ Մարդ է՞լ ինչ-որ բան «հակապետական» հռչակի, հետո գնա դրա հիմնական դերակատարներից մեկի շիրիմին խոնարհվի։
Իսկ եթե նա չի հավատում «մի խումբ ռոմանտիկների» վարկածին ու վստահ է, որ ահաբեկչության մեջ այնուամենայնիվ Քոչարյանի, Սերժի ու դաշնակների «մատը խառն էր», ուրեմն ինչո՞ւ են իր՝ իշխանության հասնելուց 6 տարի անց այդ մարդիկ հայտնվել ոչ թե կալանավայրում, այլ Ազգային ժողովում։ Սա էլ հո ապօրինի ունեցվածքի կամ կաշառակերության հարց չէ, որ վաղեմության ժամկետով-բանով «ջրեն» կամ «ապացույցների անբավարարության հիմքով» արդարացնեն։ Ավելին՝ այդ ինչպե՞ս է հաջողացրել այնպես անել, որ խորհրդարանում իր ուժից ու այդ երեքից բացի ուրիշ ոչ մեկը չլինի, ո՞նց է արել, որ, ասենք, Քոչարյանի որդին ԱԺ-ում լինի, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ոչ։
Երևի ամեն դեպքում ծաղիկներ խոնարհելու պահին Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել է երախտագիտության զգացումով։ Չլիներ Վազգեն Սարգսյանի աջակցությունը կամ տեղի չունենար հոկտեմբերի 27-ը՝ ոչ Քոչարյանի՛ տասնամյա նախագահությունը կլիներ, ոչ Սերժ Սարգսյանի, հետևաբար՝ ինքն էլ չէր կարող նրանց «մերժելով» դառնալ վարչապետ։
Մարկ Նշանյան