Ամեն տարի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցը Հայաստանում նշվում է մոտավորապես նույն արարողակարգով․ պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր, այնուհետև՝ եթե հարցնող է լինում, տեսախցիկների առջև դեմքի լուրջ արտահայտությամբ վերամբարձ հայտարարություններ են անում Սպարապետի անկոտրում ոգու, Հայաստանի ընդհատված ճախրանքի, մեր պետականության թիկունքին արձակված կրակոցի և այլնի մասին։ Բայց քանի որ այս օրերին Հայաստանը գտնվում է անվտանգության առումով բարդագույն իրավիճակում՝ այս տարվա «ավանդական» ճառերում նաև աշխարհաքաղաքական ենթատեքստեր են հայտնվել։ Մեկն ասում է, որ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ՝ մենք այսօրվա պարտությունը չէինք ունենա, մի ուրիշը հայտարարում է, թե այսօր Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցողը հոկտեմբերի 27-ի հետևանքն է, և այսպես շարունակ։
Մեծ հաշվով՝ իրավացի են, իհարկե։ Բայց փորձենք հիշել, թե Հայաստանում կոնկրետ ինչն է փոխվել 1999 թ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում։ Եթե մի նախադասությամբ ասենք՝ իշխանությունն է փոխվել։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո շատ արագ կորցնում էին իշխանական իրական լծակներն ու հայտնվում անգլիական թագուհու կարգավիճակում, կամաց-կամաց երկրորդ պլան էր մղվում նաև Դաշնակցությունը, իսկ ահա հոկտեմբերի 27-ից ընդամենը ամիսներ անց Քոչարյանն իր բուռը հավաքեց իշխանությունը, Սերժ Սարգսյանը դարձավ պետության երկրորդ դեմքը, Դաշնակցությունն էլ առնվազն տասը տարով ապահովագրեց իր փափուկ տեղն իշխող կոալիցիայում։ Սա, ի դեպ, մեղադրանք չէ, սա ընդամենը հանրահայտ փաստերի արձանագրում է։
Ի՞նչ է ստացվում։ Եթե համադրում ենք այդ հանրահայտ փաստերն ու այսօր բոլոր կողմերից հնչող տեսակետները՝ ստացվում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չամրապնդեին իրենց իշխանությունն ու «փայ» չտային Դաշնակցությանը, մենք այսօրվա պարտությունները չէինք ունենա, Հայաստանն ու Արցախն էլ այս վիճակում չէին հայտնվի։ Սա մե՛նք չենք ասում, բոլորն են ասում, այդ թվում՝ այսօրվա տիտղոսակիր ընդդիմությունը։ Եվ որևէ նշանակություն չունի՝ հասկանո՞ւմ են, որ դրանով իսկ իրենք իրենց 20-ամյա իշխանությանն են մեղադրում, թե՞ չեն հասկանում։
Մի բարձրաստիճան հանրապետական էլ՝ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, փոքր-ինչ այլ կերպ է ձևակերպում․ «Այսօր մեր հայրենիքի հետ տեղի ունեցողը հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական ուշացած նպատակն էր»։ Այսինքն՝ 1999 թ հոկտեմբերի 27-ին (տեսնես այդ ժամանակ ո՞վ էր Ազգային անվտանգության նախարարը) արտաքին մութ ուժերն իրենց առջև խնդիր էին դրել կործանել Արցախն ու վտանգի տակ դնել Սյունիքը, և 23 տարի ուշացումով ի վերջո հասան իրենց նպատակին։ Շատ լավ, բայց որևէ մեկին չի՞ մտահոգում, որ փաստորեն հոկտեմբերի 27-ի ոճրագործության «կարճաժամկետ շահառուները» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին, «երկարաժամկետ շահառուները»՝ միջազգային մութ ուժերը, և ի վերջո բոլորն իրենց բաժին շահը ստացան։ Քոչարյանն ու Սերժը 20 տարի իշխեցին՝ հաջողացնելով «նեղ օրվա համար մի քանի կոպեկ հետ գցել», միջազգային մութ ուժերն էլ համբերատար սպասեցին, մինչև սրանք այնքան զզվեցնեն բոլորին, որ առաջին պատահած ճղճղան պոպուլիստը Գյումրիից քայլելով գա Երևան, ձեռքի վիրակապի վրա մանիկյուրով սրտիկ նկարի, վերցնի իշխանությունն ու Արցախով-Սյունիքով-բանով հանձնի մութ ուժերին։
Մի խոսքով, 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած 23 տարիների իրադարձությունների շղթան՝ Քոչարյան-Սերժ-Նիկոլ-կապիտուլյացիա, կարելի է ներկայացնել այսպես․ պատվեր-վճար-ժամկետներ-պատվիրատու-պատվերի կատարում։ Ու հիմա կարծես վերջին փուլում ենք։
Մարկ Նշանյան