Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, որ իր՝ «թալանը վերադարձնելու» խոստումը շատ դանդաղ է կատարվում, գործընթացը ձգձգվում է, գործերը կան, արդյունքները՝ ոչ, ժողովուրդը հիասթափված է, և այլն։ Ու գրեթե միաժամանակ հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում Գագիկ Ծառուկյանից բռնագանձել ընդհանուր առմամբ մի քանի հարյուր միլիոն դոլարի ունեցվածք։
Ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանին սկսեց խիստ մտահոգել այս թեման, և արդյո՞ք սա ուղղակիորեն կապված է «արդարության վերականգնման» հետ։ Հասկանալի է, որ ժողովրդին տված մյուս խոստումները (խաղաղության դարաշրջան, անվտանգություն, բարեկեցության աճ, Արցախի համար՝ «անջատում հանուն փրկության» և այլն) նա կատարելապես ձախողել է, ու միակ բանը, որ տեսականորեն դեռ ի վիճակի է անել՝ «թալանը վերադարձնելն» է, բայց արդյո՞ք խնդիրը ժողովրդին տված խոստումն է։ Այն ժողովրդի, որի կարծիքն իրեն արդեն առանձնապես չի հետաքրքրում, որի հետ նա «հաղորդակցվում է» բացառապես հարյուրավոր թիկնապահների թիկունքից, սեփական իշխանության պահպանումն էլ կապում է ոչ թե ժողովրդի աջակցության, այլ ոստիկանական մահակների հետ։
Խնդիրն այն է, որ Հայաստանում կան ահռելի ռեսուրսներ ունեցող մի քանի խոշոր ֆինանսատնտեսական խմբեր, որոնցից յուրաքանչյուրը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար որոշակիորեն վտանգավոր է։ Այդ խմբերը հայտնի են․ Ռոբերտ Քոչարյան՝ իր շրջապատով, Սերժ Սարգսյան՝ իր շրջապատով, «Տաշիր պլյուս Գազի Կարեն» պայմանական անվանումով թևը, Ռուբեն Վարդանյանը, և իհարկե՝ «Գագիկ Ծառուկյան պլյուս խնամիներ» (Խաչատուր Սուքիասյան, Հովիկ Աբրահամյան, Անդրանիկ Մանուկյան) պայմանական անվանումով խումբը, որը ֆինանսական ու մարդկային ռեսուրսների առումով թերևս ամենահզորն է։ Նիկոլ Փաշինյանի շրջապատում, իհարկե, նույնպես կայծակնային արագությամբ հարստացողների պակաս չկա, բայց նրա «բուրգը» դեռևա չի ձևավորվել, հետևաբար՝ նա պիտի փորձի հերթով չեզոքացնել մյուս «բուրգերը», որովհետև հասկանում է, որ Հայաստանի նման երկրում այդ ահռելի ռեսուրսները չեն կարող քաղաքականությունից դուրս մնալ, ոչ էլ իրական ներքաղաքական պայքարն է հնարավոր այդ շրջանակներից դուրս։
Իսկ ինչպե՞ս չեզոքացնել։ Քոչարյանի դեպքում՝ առանձնապես բարդ չէր։ Մի քանի քրեական գործեր հարուցվեցին, հետո Քոչարյանն ինքը ձախողվեց, ավելի ուշ՝ ձախողվեց Անդրանիկ Թևանյանի դեմքով, հետո որդին բանտից եկավ ԱԺ, և վերջ՝ վերահսկելի ընդդիմություն դառնալու շրջափուլն ավարտված է։ Սերժ Սարգսյանի դեպքում՝ գործեց մոտավորապես նույն սխեման։ «Տաշիր պլյուս Գազի Կարեն» թևը շատ զգուշավոր է ու աշխատում է առայժմ մնալ ստվերում, Ռուբեն Վարդանյանի հարցը «հանգուցալուծվեց» շատ անսպասելիորեն՝ նրա հովանավորած քաղաքական ուժն ընտրություններում ձախողվեց, ինքն էլ հայտնվեց Բաքվի բանտում․․․ Մնաց «Գագիկ Ծառուկյան պլյուս խնամիներ» խումբը, որից Նիկոլ Փաշինյանն ամենաշատն է զգուշանում։ Նախ՝ որովհետև ռեսուրսներն իսկապես ահռելի են, երկրորդ՝ այդ խմբի մի մասն իր իշխանության ներսում է և հարմար պահի կարող է միավորվել իշխանությունից դուրս գտնվող թևերի հետ, հետևաբար՝ ֆորսմաժորային իրավիճակների (ասենք՝ «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում նոր զիջումների) դեպքում կարող է բողոքի հզոր ալիք բարձրացնել և դա զուգակցել սոցիալական ու ֆինանսական ցնցումներով։
Բայց Նիկոլ Փաշինյանը հիշում է նաև, որ 2015-ին, երբ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունեինք», Գագիկ Ծառուկյանը նախ փորձեց ընդվզել, ապա ճնշումների ներքո նահանջեց ու որոշ ժամանակով նույնիսկ «փակեց քաղաքականության էջը»։ Երևի հենց սա հիշելով էլ այսօրվա իշխանությունները նախապես «ցրցամ են տվել» մի քանի հարյուր միլիոն դոլար բռնագանձելու գործը (զուգահեռաբար՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ակնարկով, որ դա ոչինչ չի նշանակում, գործը կարող է տասնամյակներով քննվել)։
Այնպես որ, ինքներդ գնահատեք՝ սա ավելի շատ «արդարության վերականգնմա՞ն», թե՞ Նիկոլ Փաշինյանի իշխանության «պրոֆիլակտիկ» ամրապնդման գործընթաց է։
Մարկ Նշանյան