...

Քաղաքական գործիչների ամանորյա ուղերձները

Քաղաքական գործիչների ամանորյա ուղերձները

Այս օրերին ով չի ալարում՝ ամփոփում է անցնող տարին։ Թեև, մեծ հաշվով, ամփոփելու բան առանձնապես չկա, և անկեղծ լինելու դեպքում կարելի էր սահմանափակվել ընդամենը մի բառով կամ դրա բարեհունչ տարբերակով՝ «հոռի»։ Եվ այնուամենայնիվ՝ փորձենք կռահել, թե ինչպես են անցնող տարին ամփոփելու քաղաքական գործիչները։

Նիկոլ Փաշինյան․ Սիրելի ժողովուրդ, 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանի Հանրապետության համեմատաբար հպա՛րտ քաղաքացիներ։ Ճագարի տարին, բնականաբար, մեզ համար աննախադեպ բարենպաստ էր։ Թվարկեմ կարևորագույն ձեռքբերումները։ Նախ՝ Հայաստանի բնակչության թիվն աննախադեպ աճ արձանագրեց՝ ավելանալով շուրջ 105 հազարով։ Երկրորդ՝ անցնող տարում բացահայտվեցին Ղարաբաղի կորստի համար մեղավոր ևս 15 ինստիտուցիոնալ կառույցներ և հանցախմբեր, որոնցից 4-ը՝ միջազգային, 5-ը՝ ներքաղաքական, 6-ը՝ էթնոմշակութային։ Այդ ժամանակահատվածում ես շուրջ 18 միջազգային այցեր կատարեցի, որոնցից 11-ի ժամանակ նաև լավ հաց կերանք։ 

Սիրելի ժողովուրդ։ Անկեղծորեն խոստովանեմ, որ 2023-ին որոշ ռազմավարական խնդիրներ հաջողվեց լուծել միայն կիսով չափ։ Օրինակ՝ առայժմ մեզ հաջողվել է իրականացնել «ղարաբաղյան խնդիրը լուծենք և հասնենք խաղաղության» ծրագրի միայն կեսը․ Ղարաբաղի խնդիրը լուծել ենք, բայց խաղաղություն չկա։ Որոշ խնդիրներ էլ լուծել ենք մասնակի փոփոխություններով։ Օրինակ՝ խոստացել էինք, որ նախկին թալանչիներն իրենց հանցանքների համար պատասխանատվություն են կրելու, և իսկապես էլ կրել են, բայց՝ ոչ թե պատասխանատվությունը, այլ դատը։ Թեև, եթե անկեղծ լինեմ, նրանց դատելու ցանկությունը չի նշանակում նրանց չդատելու ցանկության բացակայություն, և որոշ հիմնադրամներին նրանց փոխանցած գումարների չափի նկատմամբ իմ բացասական վերաբերմունքը չպիտի ընկալվի որպես հնարավոր դրական վերաբերմունք այդ գումարների մեծացման դեպքում։

Սիրելի հայրենակիցներ։ Ցավոք՝ 2023-ին նաև լրջագույն կորուստներ ունեցանք։ Կոնկրետ ես Իջևանում մի աշխատանքային բանկետի ժամանակ կորցրել եմ հեռախոսիս «զարյադըշնիկը»։ Բայց ես լիահույս եմ, որ եկող տարում Ոստիկանության գվարդիայի ուժերով ազգովի կվերականգնենք իմ այդ աննախադեպ կորուստը։ Բարին ընդ ձեզ։

Ռոբերտ Քոչարյան․ Սիրելի ժողովուրդ։ Չհաշված մանր-մունր կորուստները՝ 2023 թվականը բարեհաջող տարի էր։ Նախ՝ դատարանում կռեցի և ապացուցեցի, որ ժամկետանց կաշառակեր եմ, և յոռգրորթը՝ տղաս դարձավ պատգամավոր։ Եկող տարի էլ եմ դատարանում կռելու և ապացուցելու եմ, որ իմ դեմ հարուցված թալանի մեղադրանքները վազդուշնի շարիկներ են, իսկ ընտանիքիս անդամներին պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույքը օրինական է։ Սիրելի ժողովուրդ, եթե եկող տարի որոշեք իշխանափոխություն իրականացնել ու ինձ բերել իշխանության, ես ռոումինգի մեջ եմ։ Բայց հանկարծ Թևանյան Անդոյի միջոցով չկապվեք, միայն չերեզ Լյով։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Սերժ Սարգսյան․ Սիրելի հայրենակիցներ, հիմա ինձանից ամանորյա ուղերձ եք ակնկալում, որ ի՞նչ անեք։ Տեսա՞ք, որ ես ճիշտ էի։ Ասում էի, չէ՞, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հիմա նայեք, Ադրբեջանի կազմում Արցախ կա՞։ Չկա։ Ճիշտ է, մինչև հիմա դեռ «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» չեն երգում, բայց Ավետ Բարսեղյանին արդեն հանձնարարել եմ, հետն էլ նկար ունեմ։ Ինչ վերաբերում է կապիտուլյանտին, ապա ժողովուրդը, իհարկե, ոտքի է կանգնելու և տապալելու է նրան։ Այ այդ ժամանակ առաջինը ինձ տեղյակ կպահեք, որովհետև հունական կղզիների ռոումինգը թանկ ա։ Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը։

ՀՅԴ․ Անցնող տարուայ մէջ Հայրենիքին պատուհասած աղետնէրեն մեծագոյնը, անկասկած, Արցախի կորուստն էր։ Այնուհանդերձ, Սեպտեմպեր ամսուան մէջ յաջողեցանք Արցախին մէջ համախոհութեամբ իշխանափոխութիւն իրականացնել, որու շնորհիւ ալ ընդամենը տասը օր անց Հայ Դատի և Պահանջատիրութեան աշխարհագրութիւնը մեծապէս ընդլայնուեցաւ՝ իր մէջ նէրառելով նաև Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Լիահույս ենք, որ 2024-ին պիտի նույնպիսի համախոհութեամբ Հայաստանին մէջ ալ իշխանափոխութիւն մը իրականացնենք։ Գալ տարի Ստեփանակերտին մե՛ջ։

Գագիկ Ծառուկյան․ Սիրելի ժողովուրդ, Գագիկ Ծառուկյանը ինչ անում ա՝ ժողովրդի համար ա անում, որ ասենք թե համապատասխան էդքան եկեղեցի եմ կառուցում, սպորտսմեններին ավտո եմ տալիս, ինքնստինքյան գալիս են բիզնեսներս ստուգում։ Մենք պիտի ռուսների հետ է՛լ լավ լինենք, էն մյուս ռուսների հետ է՛լ, ամերիկացիների հետ էլ, որ ասենք թե համապատասխան Հայաստանը ոտքի կանգնի։ Ու եթե մեր միասնությանը պետք ա, որ բոլոր կուսակցությունները փակվեն՝ հարց չկա, նաղդ փակող եմ, եթե պետք ա, որ օլիգարխների դղյակները․․․ բայց պետք ա՞ որ։ Արմա՛ն, էս մասը կջնջես։ Սիրելի ժողովուրդ, պարոն Ծառուկյանը ինքնստինքյան բոլորիդ Նոր տարին շնորհավորում է և ցանկանում ամենայն բարգավաճում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ