...

Նիկոլ Փաշինյանի ամանորյա երազը

Նիկոլ Փաշինյանի ամանորյա երազը

Տոնական սեղանը գցած՝ սպասում են հյուրերին։ Մարզերից բերած երեխաների հետ արդեն լուսանկարվել են, ամեն մեկին մի-մի մանդարին տվել ու ճամփել տուն, Աննան կառավարության պահուստային ֆոնդից ստացված բլինչիկներն է տապակում, ինքը արդեն որերորդ անգամ մանրամասն լվացվում է (աչքերի տակ մի քիչ կարմիր բիբար էր քսել, որ ամանորյա ուղերձի կադրերում հուզված երևա) ու միաժամանակ հետևում, որ բուդը բարակ-բարակ կտրեն․․․ 

Վերջապես դռան զանգը տալիս են։ Միջանցքից լսվում է Աննայի ձայնը․ «յա, համեցեք, պարոն Քոչարյան․․․ էս պարտադիր է՞ր, ինչի՞ եք նեղություն քաշել․․․ մարդ կուղարկեինք՝ կգար կբռնագրավեր․․․ Բա էս ինչի՞ եք մենակ․․․ Իշխանը Դուբայում ա՞․․․»։ Քանի դեռ հյուրը ճաշասենյակ չի մտել՝ ինքը արագ գլխին է քաշում տնական արաղի բաժակն ու ընդառաջ գնում։ Բայց դեռ Քոչարյանի հետ պաչ-պռոշտի չարած՝ զանգը նորից են տալիս։ Այս անգամ դուռն ինքն է բացում․ «յա, Սերժ Ազատի՞չ, էս պարտադիր է՞ր, ինչի՞ եք նեղություն քաշել․․․ Աննա, նայի էն բլինչիկը չվառվի․․․»։ Հյուրերին հրավիրում է ճաշասենյակ ու ինքը նորից դուրս գալիս միջանցք․ «յա, Գագիկ Նիկոլաևի՞չ, էս ինչի՞ եք նեղություն քաշել․․․ էս չհասկացա, Քոչարյանին ու Սերժին ոսկուց առյուծներ էիր նվիրում, ինձ խո՞զ․․․ հա, էս ավելի ծանր ա՞, էդ ուրի՛շ բան․․․ բա էս ինչի՞ ես մենակ, խնամիներդ ո՞ւր են․․․»։

Վերջապես բոլորը հավաքվում են ու նստում սեղանի շուրջ։ Ինքը մի կերպ ոտքի է կանգնում ու բաժակ բարձրացնում․ «Ես ուզում եմ այս բաժակով խմել հեղափոխական արժեքների կենդանի կենացը։ Աննա, էն իշլին է՛լ բեր։ Բայց զգույշ կուտեք, մեջը ղսմաթ կա, 100 դրամանոց, 200 դրամանոց, 500 դրամանոց․․․ ում ինչ ղսմաթ ընկավ՝ էնքան միլիոն պիտի փոխանցի Աննայի հիմնադրամին։ Կերեք, կերեք, անուշ արեք։ Ռոբերտ Սեդրակիչ, մի՛ քաշվի, մի հատ է՛լ վերցրու․․․»։ Այդ պահին ուշացած սենյակ է մտնում Խաչատուր Սուքիասյանը, սուսուփուս տեղ զբաղեցնում սեղանի շուրջ, պիջակի ծոցագրպանից հանում տնից բերած իշլի քյուֆթան ու դնում իր ափսեի մեջ։ «Էդ հաստատ մեջը 10 դրամանոց ա, չէ՞», բարկանում է ինքը ու ձեռքով նշան անում ոստիկանապետին, որը տոնածառի տակ կանգնած՝ համբերատար սպասում է, թե երբ պիտի թույլ տան ոտանավոր արտասանել։ Սա անմիջապես վազում է խոհանոց ու մի դույլ իշլի բերում-լցնում Գռզոյի ափսեի մեջ․․․ 

Քիչ անց սենյակ է մտնում Ձմեռ պապը, խորհրդավոր լռության մեջ մոտենում իրեն, դեմքը մոտեցնում իր դեմքին ու սկսում դանդաղ պոկել մորուքը․․․ Ինքը միանգամից սփրթնում է ու նստած տեղը խուճապահար ետ-ետ քաշվում․․․ Աթոռը շրխկում է գետնին, ինքը փռվում է հատակին, Ձմեռ պապը կռանում է իր վրա, ձեռքը դանդաղ մտցնում պարկի մեջ․․․ Պատկերը միանգամից աղոտանում է․․․ 

Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ