Հաշտություն իրականության հետ
Անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հարցազրույցներից մեկում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, խոսեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ակտիվացումից, նշեց, որ Ծառուկյանն ու Քոչարյանը կրկին միացան:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հարցազրույցներից մեկում անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին շրջանում ակտիվ շփումներին:
Մեզ այս դեպքում ոչ թե հարցազրույցների բովանդակությունն է հետաքրքրում, այլ այն, որ այսօրվա իշխանություններն արդեն որպես կայացած փաստ են համարում այն, որ Ռ. Քոչարյանն ազատության մեջ է: Այսինքն, ոչ խոսք, ոչ մեկնաբանություն այն մասին, թե ինչպես ստացվեց, որ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող անձը հանկարծ ազատ արձակվեց: Էլի մեկնաբանեք Ռ. Քոչարյանի հայտարարությունները, հարցազրույցները, բայց հանրությանը բացատրեք, թե նոր Հայաստանում, ինչպես իրենք են շատ հաճախ անվանում, ոնց եղավ, որ այսպես եղավ:
Իսկ չեն խոսում այդ մասին, որովհետև պիտի ընդունեն, որ տապալել են երկրում դատաիրավական բարեփոխումների գործընթացը, չեն իրականացրել անհրաժեշտ քայլեր, որպեսզի մեր դատական իշխանությունից դուրս շպրտվեն այն դատավորները, որոնք տարիներ շարունակ հլու-հնազանդ սպասարկել են նախկին իշխանություններին: Նույնը՝ Սահմանադրական դատարանի հարցում: Մի երկու հոգու հանել-ավելացնելը դեռ բարեփոխում չէ, և մենք դեռ սրա հետ կապված ճգնաժամային իրավիճակների ականատես կդառնանք:
Աննախադեպ լռություն
Նմանապես Քոչարյանի հետ կապված զարգացումները որևէ կերպ չի մեկնաբանել նաև Նիկոլ Փաշինյանը: Եթե հիշում եք, 2019-ին նա հանրությանը կոչ արեց դատարանների մոտ հավաքվել, երբ հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը պատրաստվում է «Մարտի 1-ի» գործն ուղարկել Սահմանադրական դատարան: Իսկ հիմա, երբ Քոչարյանը սկուտեր է քշում, աջուձախ հարցազրույցներ տալիս, իշխանություններին մեղադրում հազար ու մի ղալաթների մեջ, բան չի ասում: Հասկացանք. հուլիսի մարտական գործողությունները և Տավուշի մարզում բարձունքներ վերցնելը մեր բազմահազարամյա պատմության մեջ աննախադեպ հաղթանակ էր, հասկացանք, որ Արցախը Հայաստան է ու վերջ, որ այսպիսի հրաշալի իշխանություն կյանքում չենք ունեցել, բայց այդ ամենը չի տալիս այն հարցի պատասխանը, թե նախկին իշխանության հանցագործներից որևէ մեկն ինչու առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել:
Ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև դեռ իրենց օրակարգն են թելադրում իշխանություններին: Սա երևի նաև նրանից է, որ նախկինները գիտեն իրենց անելիքը, իսկ ահա իշխանությունները՝ ոչ:
Դաշնակ դառնալու արվեստը
Ընդհանրապես, մեր երկրի առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ առ այսօր իշխանությունների հստակ դիրքորոշումներ չենք լսել: Արցախի հարցն է, հարևան երկրների հետ հարաբերությունները, քաղաքական համակարգի տեսլականը: Այսինքն, ինչ-որ բաներ ասում են, բայց դրանք ոչ թե դիրքորոշում են, այլ՝ կենացներ: Մեր բազմահազարամյա պատմությունը, Սևրի պայմանագիրը, մեր հողերը, հայուգենը և այլն: Մանրից դաշնակ են դառնում: Կարծես այս ամենով նախկին իշխանությունների առջև արդարանան, թե՝ չէ էլի, իզուր եք մտածում, թե մենք Արևմուտքի դրածոներ ենք, Սորոսի գործակալ ենք, Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդն ենք: Չէ՜, չկա տենց բան, հեսա, պե՞տք է քրֆել սորոսականներին, քրֆում ենք, պե՞տք է մուննաթ գալ լևոնականների վրա, մուննաթ ենք գալիս, հլը որպես բոնուս՝ Սևրի հողերի հարցն ենք բարձրացնում:
Կանայք հանուն պատերազմի
Երևի նաև սրանով էր պայմանավորված վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի... ախր չգիտենք էլ, թե ինչ անուն տանք: Ավտոմատը ձեռքին, կամուֆլյաժով ֆոտոսեսիա է անում: Ով նայում է, մնում է շշմած, թե էս ի՞նչ էր: Ինքը իմիջմեյքերներ, խորհրդականներ չունի՞: Մեկն ասեր. տիկին Աննա, ախր ծիծաղի առարկա եք դառնալու, բոլորը ձեզ ծաղրելու են, շատ թեթևսոլիկ է երևում:
Ու սա այն դեպքում, երբ անցած տարի Աննա Հակոբյանը նախաձեռնել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի ուղերձը հետևյալն էր՝ ինչպես ինքն էր հայտարարել. «Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, միջնորդներին որպես կին և մայր հորդորել և պահանջել Ղարաբաղյան հակամարտության պարագայում երբևէ չգնալ ռազմական ճանապարհով, թույլ չտալ ռազմական գործողություններ և փորձել հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, բանակցային սեղանի շուրջ»:
Հիմա այդ լուսանկարները խաղաղության քարո՞զ էին: Սա հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կո՞չ էր: Հետաքրքիր է, որ արտասահմանում այս լուսանկարները տեսնեն, ի՞նչ են մտածելու: Եթե իրավիճակ է փոխվել, ասեք, մենք էլ իմանանք: Կամ նախաձեռնեք «Կանայք հանուն պատերազմի» արշավ, դպրոցներում էլ առաջին դասարանից սկսած բոլորին զենք կրել սովորեցրեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020