Իքի-բիրների աղբանոց
Անցնող շաբաթը ավելի կարծրացրեց մեր կարծիքն այն մասին, որ ներքաղաքական դաշտը գնալով ավելի է նմանվում աղբանոցի: Նույնիսկ Անկախության տոնը որևէ կերպ չազդեց դրա վրա: Համոզմունքների, գաղափարների, արժեքների վրա խարսխված որևէ բանավեճ, նույնիսկ բանավեճի կուլտուրա չկա: Սա կորոնավիրուսից ավելի վատթար աղետ է, երբ տգիտությունն ու անբարոյականությունն են մոլեգնում երկրում:
Հեղափոխությունից 2,5 տարի անց մենք պետք է բոլորովին այլ բնույթի, այլ մակարդակի և´ իշխանություն ունենայինք, և´ ընդդիմություն: Ու փոխանակ իշխանությունները այնպիսի նշաձող դնեին, որ ներկայիս ընդդիմությունը անելիք չունենա, ինքն է իջնում այդ ընդդիմության նշաձողին:
Ի վերջո ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ հայրենիքը «փրկելու» առաքելությունը ստանձնել են Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը: Եվ, բնականաբար, Դաշնակցությունը: Էլ ի՞նչ հայրենիքի փրկություն՝ առանց դաշնակցության: 130 տարի է, փրկում, փրկում, բայց վերջը չի երևում: Հիմա այս եռյակը հոկտեմբերի 8-ին հանրահավաք է հրավիրել, որտեղ պահանջելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ասենք, Ծառուկյանը հասկացանք, իրեն որպես թնդանոթի միս են օգտագործում, ու նրան բրթբրթող ուժերը թքած ունեն, թե ԲՀԿ ղեկավարը ի՞նչ է շահելու և ի՞նչ է կորցնելու այս գործընթացի հետևանքով: Դաշնակցության մասով էլ է ամեն ինչ պարզ. սրանք որ ժամանակին Թալեաթի հետ են հայրենիք փրկել, հիմա ի՞նչ խնդիր ունեն նույնը չանել Ծառուկյանի և Վանեցյանի հետ: Ամենահետաքրքիրը Արթուր Վանեցյանի դեպքում է: Հրանտ Տեր-Աբրահամյանը դիպուկ էր նկատել. երկու օր առաջ կուսակցություն է բացել, այսօր արդեն հրաժարական է պահանջում: Առանց ներկայացնելու, թե իրենցից ինչ են ներկայացնում, ինչ գաղափարների կրող են, ինչով են աչքի ընկել, քաղաքական ինչ գործունեություն են իրականացրել: Ոչ մի բան: Բայց հրաժարական են պահանջում:
Դասական, նորմալ քաղաքական դաշտում «Հայրենիքը» անելիք չէր ունենա, բայց մերը նորմալ չէ: Այստեղ զառը ոնց գցում ես, իքի-բիր է դուրս գալիս:
Թշնամուս թշնամին ընկերս է
Մի ուրիշ բան էլ նկատեցինք այս շաբաթ: Քոչարյանա-միշիկական քարոզչամիջոցներն ու նրանց մանկլավիկները սկսել են ամեն օր Ալիևից և ադրբեջանական լրատվամիջոցներից մեջբերումներ անել: Ալիևը սա ասեց, այն ասեց, հաքին.ազ-ը սա գրեց, բացահայտեցին Նիկոլի դավադրություններն ու Արցախ հանձնելու ծրագրերը: Էդ որ մենք լինեինք, մեզ հաստատ դավաճան կհանեին: Բայց իրենց կարելի է: Եթե այդ դաշտում տեղավորվածները դավաճանել են իրենց ընկերներին, իրենց անցյալը, համոզմունքները, ավազակապետության դեմ պայքարում իրենց զինակիցներին, հիմա ի՞նչ է եղել, կարելի է նաև Ալիևին օգնության կանչել: Վանոն ասում էր, չէ՞. ընկերոջ ուրացումը ավարտվում է հայրենիքի դավաճանությամբ:
Մի հատ ղազ կա, անունն էլ չենք ուզում տալ, այնպիսի վստահությամբ է պատմում, թե Ալիևն ու Փաշինյանը ինչ են խոսել միջազգային հարթակներում, կարծես նրանց սուրճ տվողը ինքն է եղել և արանքում էլ գրի է առել նրանց խոսակցությունը: Ու այս ղազերը հիմա ղազավաթ են հայտարարել մեր երկրին, թե մեր վերջը վատ է լինելու, պատերազմ է սկսվելու, բա հիմա ինչ ենք անելու: Իրար հերթ չտալով տարածում են. շուտով սով կսկսվի: Հետո՝ հեսա սահմանները բացեն, ազգի կեսը կքոչի: Ու սրան ավելացավ պատերազմի անոնսը: Այնպիսի փութաջանությամբ են դա տարածում, թող անհամեստ չթվա, բայց մեր տպավորությամբ, կարծես ցանկանում են, որ սով լինի, արտագաղթ, պատերազմ: Դաշնակցա-ղազական ուժերի համար դրախտային պայմաններ կստեղծվեին: Ոնց որ 1990-ականների պատերազմի ժամանակ:
Երկու կրակի արանքում
Ու այս աղբանոցում մարդ չգիտի, թե ինչպես իրեն պահի: Ձեն չես հանում, քոչարյանականները քիչ է մնում, գլխիդ նստեն: Մեր գլխավոր ալբանացին հարցազրույցների շքերթ է անցկացնում, դատողություններ անում, պատմում, թե ինչպես էր Մեղրին պատրաստվում հանձնել, տենց էլի, նորմալ է, խնդիր չունի, մի քիչ էլ գնա, «Հոկտեմբերի 27»-ից էլ կխոսի: Կարող է ասել՝ լավ եմ արել:
Իսկ թե որ ձեն ես հանում, Նիկոլ Փաշինյանն անմիջապես հիշեցնում է, որ ինքը հեղափոխություն է արել՝ ի տարբերություն ոմանց: Խոդի է գցում աննախադեպ, բացառիկ, պատմական նվաճումների իր շարքը, մտցնում մեր աչքը: Ասում ենք, հա, ապրես, հեղափոխություն ես արել, դու ես արել, մեկ էլ նրանք, ում դու կնշես, մնացածները մայիսի 32-ին են պատահաբար իմացել հեղափոխության մասին, բայց հիմա դու պետության ղեկավար ես, դա էլ հո քոնը չէ՞, այդ պետությունը: Մի քիչ էլ մերն է, մենք էլ ինչ-որ իրավունքներ ունենք. խոսելու, պահանջելու, քննադատելու: Վերջն այնքան է անելու, մարդ ասի՝ կրակն ենք ընկել ձեր հեղափոխության ձեռը:
Լավ, ինչ-որ է, սա կարդացեք ու գնացեք սեքսով զբաղվեք. մինչև 2050 թիվը 5 միլիոն դառնալու գործ է բացվել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020