Ակնհայտը՝ անհավանական
Այս շաբաթը մի քիչ «պատմականոտ» ստացվեց: Կարելի է ասել՝ պատմական իրողությունների, անհավանական պահերի ականատեսը դարձանք:
Անհավանական փաստ N1. Չէ, խոսքը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին չէ: Վերջին շրջանում իշխանության մի շարք գործողություններ և կադրային փոփոխություններ ենթադրել էին տալիս, որ պատրաստվում են հակահարձակման անցնել հակահեղափոխական ուժերի դեմ և այդ առումով ամենահարմար թեկնածուն Գագիկ Ծառուկյանն էր:
Անհավանականն այն էր, որ ՀՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ և Ծառուկյանի հանդեպ իրականացվող գործընթացը բնորոշեց քաղաքական հետապնդում: Ընդամենը մի քանի տարի առաջ այս նույն ՀՀԿ-ն մի մեծ նիստ անցկացրեց, որտեղ ազդարարվեց Ծառուկյանին փոշի սարքելու մասին: Էլ գող փիսո, էլ դոդ գլուխ, էլ անգրագետ, բամփել, ջարդել... ինչ ասես, որ չասեցին, Սերժ Սարգսյանը նույնիսկ ակնարկեց Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալի և դատվածության մասին: Հետո դրին, ուժային գործողություններ սկսեցին, Ծառուկյանին ստիպեցին մեղա գալ, իսկ հիմա այն, ինչը իրենք են արել, քաղաքական հետապնդում են համարում: Այսինքն, հերթական անգամ խոստովանում են, որ իրենց իշխանության տարիներին զբաղված են եղել քաղաքական հետապնդումներով: Սիլլոգիզմի պես մի բան է սա:
Սցիլլայի և Քարիբդայի արանքում
Անհավանական փաստ N2. Արա Սահակյանը՝ Արթուր Վանեցյանի կողքին: Չէ, անհավանականը սա չէ: Դե, եթե Դավիթ Շահնազարյանն է դարձել Քոչարյանի մոլի պաշտպան, դրանից հետո մեզ զարմացնել հնարավոր չէ: Քաղաքական դաշտում այսպիսի տրանսֆորմացիաներ շատ ենք տեսել ու դեռ կտեսնենք: Անհավանականը ուրիշ բան էր: Արա Սահակյանը ՀՀՇ-ի տարիներին խորհրդարանի առանցքային դեմքերից մեկն էր, հրաշալի էր կատարում իր գործառույթները, մեծ ծավալի աշխատանք է իրականացրել, այդ թվում՝ միջազգային ատյաններում, բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, հարգված է եղել, ծեծ է կերել, վնասվածքներ ստացել ու հիմա՝ 1996 թվականին իրեն ծեծողի կամ ծեծելու հրաման տվածների հետ միասին է Ծառուկյանին զորակցում: Այս տեմպերով հաջորդ անգամ մենք «հայրենիք» փրկողների այս խմբին Քոչարյանի զորակցության ակցիաներին էլ կտեսնենք:
Հավանական փաստ N3. Ի դեպ. քանի չենք մոռացել. օրերս քոչարյանական քարոզչության վարձկաններից մեկը հայտարարեց, թե Քոչարյանը որքան էլ վատը լիներ, կային սահմաններ, որոնք նա չէր անցնում: Օրինակ, իշխանության գալուց հետո քրեական հետապնդում չսկսեց Տեր-Պետրոսյանի և նախկին ամենաբարձր պաշտոնյաների նկատմամբ: Առավել ևս՝ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ:
Մենք այս թեմային անդրադարձել ենք, շատ ենք հիշեցրել, որ Քոչարյանը ոչ միայն իրեն մարդ դարձրած պաշտոնյաներին էր հալածում, այլև՝ նրանց ընտանիքի անդամներին: Օրինակները լիքն են. ուղղակի հիմա տեղին է հիշեցնել, որ 2008 թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո Քոչարյանի կարգադրությամբ իրավապահները լցվել էին նույն Արա Սահակյանի, նրա հոր, նրա որդու բնակարաններ, տակնուվրա արել, խուզարկել, Արային տարել դատախազություն, երբ ինքը առանձնապես ակտիվ չի եղել այդ ժամանակաշրջանում: Հարցրեք իրեն, ինքը կհաստատի: Սա էլ ձեր մեծահոգի Քոչարյանը:
Армяно оппозицо. облико морале
Պատկերացրեք, որ «Իմ քայլից» ինչ-որ մեկը CNN-ի եթերում հարցազրույց է տալիս, օրինակ՝ Լարի Քինգին: Ու ներկայացնում է Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները, պսևդոընդդիմության հարձակումները, Ծառուկյանի գործի մասին է խոսում, Մարտի 1-ի դատավարությունից, Քոչարյանի անցյալից, Հոկտեմբերի 27-ից, ընդդիմախոսներին համարում է «ռուսական պրոյեկտ»:
Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլիներ քոչարյանա-միշիկական ուժերի, նրանց կերակրած մեդիաների արձագանքը: Առնվազն, մի ամիս կաղաղակեին, հիստերիա կբարձրացնեին, CNN-ին հարցազրույց տվածին դավաճան, Սորոսի կամ ԿՀՎ-ի գործակալ կհամարեին, կմեղադրեին Արցախը ծախելու մեջ, սրբապիղծ կանվանեին:
Հաստատ, դրանում կարող եք չկասկածել: Իսկ իրենց կարելի է վազել ռուսական լրատվամիջոց, հարցազրույց տալ Ռուսաստանի ամենահեղինակազուրկ դեմքերից մեկին, լացել, Պուտինից փրկություն աղերսել, հեքիաթներ պատմել: Հնար ունենային, Սոլովյովի կոշիկները կպաչեին, որ իրենց եթեր է տվել ու լսում: Բայց սա արդեն անհավանական փաստ չէ: Սրանցից սպասելի էր: Անուններն էլ չենք ուզում տալ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020