...

Օլիգարխների քաղաքականացումը

Օլիգարխների քաղաքականացումը

ՏՈՒՐ ՄԻԼԻՈՆ

Մինչև վերջերս շատերին էր զարմացնում, որ Քոչարյանը չի շտապում ձևավորել իր նախընտրական դաշինքը կամ, այլ կերպ ասած, իրար գլխի հավաքել այն հատուկենտ քաղաքական ուժերին, որոնք այսքանից հետո դեռ անամոթություն կունենային սատարել իրեն: Մինչդեռ Քոչարյանը շատ է սիրում ինչ-որ բան հորինել: Օրինակ՝ հայտարարում է, թե եթե «Ա1+» չլիներ, ինքը ստիպված կլիներ հորինել այդպիսին, եթե ընդդիմության միասնական թեկնածու չլինի, ինքը ստիպված կլինի հորինել այդպիսին, և այլն: Իրականում միակ բանը, որը Քոչարյանը ստիպված կլինի հորինել, իրեն սատարող քաղաքական ուժերն են:

Եվ ահա ստեղծվում է «Հաղթանակ» անունը կրող մի զարմանահրաշ կազմակերպություն, որին անդամակցում են հիմնականում հայտնի գործարարներն ու թաղային հեղինակությունները: Եվ քանի որ սույն զարմանահրաշ կազմակերպության մեջ հավաքված են հասարակության այն «առողջ» ուժերը, որոնց ուղեղներն ուղղակի ֆունկցիոնալ կախվածություն ունեն ստամոքսից, կարելի է չկասկածել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ում է սատարելու «Հաղթանակը»: Այսպիսով, Քոչարյանն ունեցավ մի ամբողջ «քաղաքական հենարան» (հեռու տնից-տեղից): 

Բայց Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե իր հետագա ճակատագիրը վստահեր միայն մի հենարանի: Եվ ահա ստեղծվում է երկրորդը. հայտնի գործարար Գուրգեն Արսենյանի նախաձեռնությամբ ստեղծվում է «Միացյալ աշխատավորական կուսակցություն» հավակնոտ անվանումով մի կառույց, որի տանիքի տակ շտապում են միավորվել բոլոր այն գործարարները, որոնց իբր չեն հետաքրքրում Հայաստանի ներքաղաքական խնդիրները: Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, այս կուսակցությանն անդամագրվելու մտադրություն ունի նաև հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը, որը հասարակությանը առավել հայտնի է իր ինտելեկտուալ վիթխարի ներուժով: Ահա և երկրորդ հենարանը: 

Բայց Քոչարյանի ինչի՞ն են պետք երկու համանման կառույցներ: Ամբողջ խնդիրն այն է, որ թեև շրջանառության մեջ գտնվող անեկդոտների ամենասիրված թեման Քոչարյանի ինտելեկտն է, այնուհանդերձ վերջինս շատ լավ հասկանում է, որ արդար ընտրությունների դեպքում նախագահ ընտրվել չի կարող: Հետևաբար՝ երկու ճանապարհ ունի. 1. ուժային մեթոդներով իր 3 տոկոսը հայտարարել 63 տոկոս և կասկածողների ականջները քաշել, 2. կանխիկ փողով գնել ընտրողների ձայները: 

Առաջին տարբերակը ցանկալի չէ: Նախ՝ որովհետև աղմուկ կլինի (Եվրախորհուրդ, միջազգային կազմակերպություններ և այլ թիթիզություններ), և երկրորդ՝ ուժային կառույցների ղեկավարներն իր վրա կոմպրոմատներ կունենան և հետագայում ինքը հերթական անգամ կդառնա անգլիական թագուհի: Մնում է երկրորդ տարբերակը. կանխիկ փողով գնել ընտրողների ձայները: Իսկ այդ դեպքում տեխնիկական խնդիրներ են առաջանում: Մասնավորապես՝ հարց է առաջանում. կոնկրետ ո՞վ պիտի կաշառի ընտրողներին: 

Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է օրենքը խախտելուն, Քոչարյանը հանճարեղ լուծում է գտնում: Եվ այս դեպքը բացառություն չէ: Իր տանիքի տակ աշխատող գործարարների «նալոգներով» ընտրողներին կաշառելու փոխարեն Քոչարյանը որոշում է, որ հենց գործարարներն էլ պետք է կաշառեն ընտրողներին: Իսկ իր ձեռքերը մաքուր կմնան (որքան էլ Քոչարյանի դեպքում աբսուրդ հնչի այս բառակապակցությունը): 

Այլ հարց է, որ ամբողջ հասարակությանը կաշառել հնարավոր չէ: Շատ-շատ՝ 20 տոկոսին: Այսինքն՝ Քոչարյանի «ձայները» դարձան 23 տոկոս: Մնացած 40 տոկոսի «պատասխանատուն» ուժային կառույցներն են: Պարզապես ողբերգությունն այն է, որ Քոչարյանի այս «նորամուծությունների» արդյունքում ընտրությունները Հայաստանում վերածվում են զուտ ֆինանսական գործարքի: Եվ միակ մխիթարությունն այն է, որ առայժմ ընտրակաշառքն առանձին հոդվածով չի մտնում բյուջեի մեջ: 

Բայց չարժե շտապել: Եվս մի քանի այսպիսի կուսակցություն, և այդ բացը կլրացվի: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 231, սեպտեմբերի 24, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ