...

Իմ կուսակցությունը մեռած հոգիներն են

Իմ կուսակցությունը մեռած հոգիներն են

ՏՈ՛ՒՐ ՄԻԼԻՈՆ

Մի քանի օր առաջ վիճպետվարչության նախագահ Ստեփան Մնացականյանը ակնհայտորեն սեփական կամքին հակառակ մամուլի ասուլիս հրավիրեց և կարմրատակած, աչքերը գետնին հառած և կմկմալով ներկայացրեց 2001թ. հոկտեմբերին «անցկացված» մարդահամարի տվյալները: Դիտորդների կարծիքով, ամեն ինչ ճիշտ էր, բացի ասուլիսի օրվանից: Այն պետք էր հրավիրել ապրիլի 1-ին, և ամեն ինչ նորմալ կլիներ:

Եվ այսպես, պարզվեց, որ ըստ մարդահամարի, հաշվառման պահին ՀՀ-ում առկա է եղել 3 միլիոն մարդ: Բայց, ըստ պրն Մնացականյանի, իրենք տեղեկություններ են հավաքել մոտ 3 միլիոն 450 հազար մարդու մասին: Թե ինչ է նշանակում «տեղեկություններ են հավաքել» արտահայտությունը՝ մնում է անհայտ: Ասենք՝ հաշվառվողներից մեկը ասել է, որ իր բաջանաղի խնամին Օմսկում կոշիկի գործ է անում, և հաշվառողներն իսկույն փութաջանորեն «հավաքել են այդ տեղեկությունը»: Բայց սա դեռ մի կողմ թողնենք:

Ակնհայտորեն, մարդահամարի վերջնական «արդյունքների» պատվերն իջեցված էր նախօրոք: Այսինքն՝ հանձնարարված էր անել ամեն ինչ, որպեսզի հաշվառման պահին ՀՀ-ում հայտնաբերվի առնվազն 3 միլիոն մարդ: Այլապես իշխանությունները պարզապես խայտառակ կլինեն: Հո չի՞ կարող Քոչարյանը ամբողջ աշխարհին ներկայանալ որպես 2 միլիոնանոց խղճուկ մի երկրի նախագահ: Մանավանդ որ չորս հարևաններից երեքի հետ ունի ոչ թե սահման, այլ ռազմաճակատի գիծ: Բացի այդ՝ պետք էր ինչ-որ կերպ հիմնավորել, ասենք, 10 տոկոսանոց տնտեսական աճը և 44 հազար նոր աշխատատեղերը: Թե չէ անհարմար բան կստացվեր: Եթե հրապարակվեին իրական թվերը, կպարզվեր, որ նման տնտեսական վերելքի արդյունքում երկրի բնակչությունը երկու անգամ պակասել է: Ճիշտ է, հիմա էլ անհարմար բան է ստացվում այլ տեսանկյունից. պարզվում է, որ Հայաստանից հեռացել է ընդամենը 950 հազար մարդ, բայց այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի հայերի թիվն ավելացել է երկուսուկես միլիոնով: Երևի ոգևորված Քոչարյանի տնտեսական աճով, Ռուսաստանի բոլոր հնարավոր տունգուսներն ու կորյակները հայեցի նկարագիր են ձեռք բերում:

Բայց ինչու՞ հենց 3 միլիոն: Այն դեպքում, երբ ցանկացած տարոնականի համար էլ պարզ է, որ Հայաստանում ապրում է մոտ 2 միլիոն մարդ: Պատահակա՞ն է արդյոք այս թիվը: Իրականում այս թիվը (3 միլիոնը) ճշգրիտ հաշվարկի արդյունք է: Բացատրենք: Ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը ստանալու է առնվազն մեկ ձայն (իր սեփական ձայնը): Հիմա հաշվենք:

Հայաստանում առկա է 2 միլիոն մարդ: Այսինքն՝ 1.2 միլիոն ընտրող (ընտրողների թիվը սովորաբար կազմում է բնակչության թվի մոտ 60 տոկոսը): Սովորաբար, ընտրություններին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցողների մոտ կեսը: Այսինքն նախագահական ընտրություններին մասնակցելու և Քոչարյանի ազգանունը ջնջելու է ուղիղ 600 հազար ընտրող:

Իսկ եթե բնակչության թիվը ներկայացվում է ոչ թե 2, այլ 3 միլիոն, ընտրողների թիվը համապատասխանաբար դառնում է 1.8 միլիոն: Այսինքն՝ ավելանում է ուղիղ 600 հազարով: Կասկած չկա, որ հենց այս 600 հազարն էլ իրենց չեղած ձայնը մեծ խանդավառությամբ կտան Քոչարյանին: Իսկ հաղթանակի համար նրան պետք է ուղիղ 50 տոկոս՝ պլյուս մեկ ձայն (իր սեփական ձայնը): Մեր նորօրյա Չիչիկովը, անկասկած, լավ է հաշվել սա և կարող է նախագահ «ընտրվել» մեկ ձայնով:

Այնպես որ, մարդկանց աշնանն են հաշվում, իսկ քվեները՝ գարնանը:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 336, փետրվարի 9, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ