...

Բռնապետի աշունը

Բռնապետի աշունը

ԸՆԴԴԵՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ

Սադամի արձանը տապալվեց, և իրաքցիները հերթ էին կանգնում` տապալված արձանի վրա թքելու համար: Ցանկացած բռնակալի վերջը սա է: Երբ ՀՀ իշխանությունները, Լենինի արձանը հանելուց հետո քանդեցին նաև պատվանդանը, հին կոմունիստների ու հավի ուղեղով քաղքենիների մի հսկայական բանակ բողոքում էր` «բայց ի՞նչ կարիք կա քանդել պատվանդանը, դա արվեստի ստեղծագործություն է, թող մնա` վրան ուրիշ արձան կդնենք»: 

Մինչդեռ իշխանությունները փորձում էին պատվանդանը քանդելու միջոցով ժողովրդի միջից արմատախիլ անել որևէ մեկին կուռք դարձնելու գաղափարը: Չստացվեց: Հաղթեց ազգային մտածողության «ասիական մոդելը»: Ու հիմա կարմրաթուշ կուսակցապետիկները, հաստաքամակ տեռորիստները, նոմենկլատուրային «մտավորականները», պատգամավոր դարձած թաղային մունդռիկներն ու ուսանողական միությունների երկնագույն ակտիվիստները (մի խոսքով` բոլոր նրանք, ում բնորոշելու համար ժողովուրդը կասկածի տակ է առնում նրանց մայրերի բարոյական նկարագիրը) ձեռք-ձեռքի տված` իրենց համար նոր կուռք են սարքում: 

Իսկ ինքը` «նոր կուռքը», վախենում է: Եվ այն էլ ո~նց է վախենում: Սարսափում է ամեն ինչից, սարսափում է բոլորից և յուրաքանչյուրից: Կիլոմետրանոց փշալարեր, սաղավարտավոր զորքեր, զրահամեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, կարմիր բերետավորներ... Ընդ որում, Քոչարյանի սարսափը միանգամայն հիմնավորված է: Նա հո շատ լավ գիտի, որ ժողովուրդն ատում է իրեն, գիտի իր իրական վարկանիշը, գիտի, որ ոչ իր կրթությունն է համապատասխանում նախագահի պաշտոնին, ոչ ինտելեկտը, ոչ կարգավիճակը, ոչ ստացած ձայները, ոչ անցած քաղաքական ուղին: Նա հո գիտի, որ փշալարերն ու կարմիր բերետավորներն այսուհետ իր կյանքի անբաժան ուղեկիցներն են լինելու թե՛ աշխատավայրում, թե՛ տանը, թե՛ սրճարանում: Նա հո գիտի, որ ինքն այլևս երկրի ղեկավարման հետ որևէ կապ չունի. ինքը ժամանակ առ ժամանակ ձևի համար այստեղ-այնտեղ է գնալու` հսկայական պահակախմբով, ինքն ընդամենը ժողովրդի համար որոշ անհարմարություններ է ստեղծելու, որովհետև ճանապարհները փակվելու են, և վերջ: Իսկ երկիրը ղեկավարելու են նրանք, ովքեր իրեն նստեցրել են այդ աթոռին. նույն հաստաքամակ տեռորիստները, նույն թաղային մունդռիկները... Ինքն այլևս նույնիսկ պետության խորհրդանիշ չէ, որովհետև պետության մյուս խորհրդանիշները` օրհներգը, դրոշը, զինանշանը, ընդունվել են նորմալ ընտրության արդյունքում: Իսկ իրեն մնում է ժամանակ առ ժամանակ փշալարերով պաշտպանված որևէ շենքում հարցազրույց տալ մանրակրկիտ խուզարկության ենթարկված որևէ լրագրողի և սարսափից ծամածռված դեմքով սպառնալիքներ տեղալ սրա-նրա հասցեին: 

Սադամի ռեժիմն ուժով տապալվեց, որովհետև Իրաքում նավթի հսկայական պաշարներ կան: Հայաստանում նավթ չկա, և հազիվ թե դրսից որևէ մեկը տապալի Քոչարյանի ռեժիմը: Թե Հայաստանի տիպի երկրներում ինչ վախճան են ունենում բռնակալները` շատ լավ նկարագրված է Մարկեսի «Նահապետի աշունը» վեպում: Ափսոս` քչերն են կարդացել: Մինչդեռ վեպն ասես այսօրվա Հայաստանի մասին լինի: Ե՛վ այն, թե ինչպես է անգրագետ գավառացին դառնում երկրի պրեզիդենտ, և՛ այն, թե ինչպես են նրա բոլոր հակառակորդները հերթով զոհվում` մեկը «պատահաբար» խեղդվում է գետում, մյուսը նռնակով «ինքնասպանություն» է գործում, և՛ այն, թե ինչպես է նրա մայրը պրեզիդենտական պալատի սրահներում հավ պահում ու պատշգամբից լվացք կախում, և՛ այն, թե ինչպես են մարդիկ իմանում, որ բռնակալը մեռել է` նրա պատշգամբում պարզապես կով է հայտնվում, ու գիշանգղեր են հավաքվում... 

Հրայր Ավետիսյան

Հ.Գ. «Չորրորդ իշխանությունն» այսուհետ հատվածաբար իր 6-րդ էջում կհրապարակի Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը` Հայաստանի «զարգացման» հետագա ընթացքը ցույց տալու նպատակով: Հուսով ենք, ազատ և պատասխանատու լրատվամիջոցները պատասխան հոդվածներ չեն գրի, և ՀՀ արդարադատության նախարարությունը դատի չի տա քաղաքացի Գաբրիել Գարսիա Մարկեսին` պահանջելով հերքում տալ: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 285, ապրիլի 11, 2003 թ

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ