...

Դեպի սահմանադրական բռնապետություն

Դեպի սահմանադրական բռնապետություն

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Քոչարյանը շտապում է: Շատ է շտապում: Նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը: Ինչո՞ւ: Մի կողմ թողնենք այն անհեթեթությունը, թե իբր դա Եվրախորհրդի պահանջն է, և Հայաստանը, անդամակցելով Եվրախորհրդին, նման պարտավորություն է ստանձնել: Դա կեղծիք է: Ավելին` մի քանի ամիս առաջ Եվրախորհրդի պատասխանատուներն իրենք են հայտարարել, թե սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը ոչ թե իրենցն է, այլ ՀՀ իշխանություններինը: Ուրեմն ինչո՞ւ է Քոչարյանն ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը:

Այս հարցին պատասխանելու համար նախ ընդունենք հետևյալ անհերքելի ճշմարտությունները: 

1. Հոկտեմբերի 27-ի գործով դատավորը կամ ամբաստանյալները, իհարկե, կարող են հերթով հիվանդանալ, բայց այդպես շատ երկար շարունակվել չի կարող, վաղ թե ուշ դատավարությունը պետք է ավարտվի: Իսկ դա հղի է անկանխատեսելի հետևանքներով, որովհետև ամբաստանյալներին «վերջին խոսքի» իրավունք է տրվելու: 

2. Հասարակությունը համոզված է, որ նախագահական ընտրություններն անցկացվել են ահավոր խախտումներով, և Քոչարյանը լեգիտիմ չէ: Նույն կարծիքին է նաև միջազգային հանրությունը: Նման պայմաններում Քոչարյանը երկար դիմանալ չի կարող: 

3. Վաղ թե ուշ Քոչարյանը ստիպված է լինելու ղարաբաղյան հարցում հստակ դիրքորոշում արտահայտել: Ընդ որում, ինչպիսին էլ լինի այդ դիրքորոշումը, հասարակությունը դա չի ընդունելու: 

Ինչպե՞ս է Քոչարյանը չեզոքացնելու այս սպառնալիքները: Ըստ էության, նա իր անձը կարող է փրկել միայն պատերազմի միջոցով: Պատերազմը, իհարկե, կործանարար կլինի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար, բայց կարելի է չկասկածել, որ Քոչարյանը հանուն իր իշխանության ամրապնդման նման «մանրուքները» հաշվի չի առնի: Պարզապես անհրաժեշտ է նախապես այս սցենարի համար փոխել Սահմանադրությունը: Տեսեք, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում: Նախ, պատերազմական վիճակ հայտարարելու դեպքում նախագահական և խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենում: Ընդ որում, պատերազմական վիճակը կարող է ձգվել անվերջ: Երկրորդ` պատերազմական իրավիճակում իրավապահ մարմիններն իրավունք են ստանում, ասենք, առանց դատախազի սանկցիայի ներխուժել ցանկացած մարդու տուն, խուզարկել, ձերբակալություններ իրականացնել և այլն: «Բնականաբար»` քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների գործունեությունը կասեցվում է: Մի խոսքով` հաստատվում է կատարյալ բռնապետություն: 

Իսկ ո՞րն է Քոչարյանի փրկության սցենարը: Ադրբեջանում նոր նախագահական ընտրություններն այսպես թե այնպես անխուսափելի են: Նոր նախագահը, անկասկած, պիտի ձգտի շատ եռանդուն կերպով լուծել ղարաբաղյան խնդիրը: Քոչարյանը, իհարկե, որևէ տարբերակ չի ընդունի` դրանով իսկ անխուսափելի դարձնելով պատերազմի վերսկսումը: Բնականաբար, արտակարգ դրություն և պատերազմական վիճակ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ընդ որում, կարելի է չկասկածել, որ պատերազմի առաջին իսկ օրը Քոչարյանը զորքերի մի մասը կուղարկի ոչ թե ճակատ, այլ Երևան, և նրա բոլոր քաղաքական հակառակորդները կհայտարարվեն ազգի դավաճաններ, որոնց էլ, հասկանալի է, «պո զակոնու վոեննոգո վրեմենի...»: 

Այդպիսով, մոռացության կմատնվի և՛ Քոչարյանի լեգիտիմության հարցը, և՛ հոկտեմբերի 27-ը, և՛ ներքաղաքական պայքարը: Դաշնակցական մամուլն ու հեռուստատեսությունը Քոչարյանին կներկայացնեն որպես ազգային հերոս, որը թեև նավթային ստոր շահերին զոհ գնաց, բայց բարոյական հաղթանակ տարավ: Այդ ընթացքում Ղարաբաղի ու Հայաստանի մի զգալի մասը մենք, իհարկե, կկորցնենք, բայց փոխարենը տակը մնացած 10-15 հազար քառակուսի կիլոմետրի վրա Քոչարյանը կսարքի փոքրիկ ու կազմակերպված բռնապետություն: Իր և դաշնակների համար ուտելիք միշտ էլ կգտնվի: Եվ նոր ընտրությունների մասին էլ խոսք չի գնա. չէ՞ որ արտակարգ դրությունը կշարունակվի: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 454, Մայիսի 13, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ