...

«Հաղթողականության» փուչիկը պայթեց

«Հաղթողականության» փուչիկը պայթեց

ԿՈՄՊՐՈՄԱՏ

Եվ այսպես, ղարաբաղյան հարցում Քոչարյանի վարած «հաղթողական» արտաքին քաղաքականության գաղտնիքը բացահայտված է: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել է, թե այսպես կոչված «փարիզյան սկզբունքներն» իսկապես գոյություն են ունեցել, և Փարիզում Քոչարյանի և Ալիևի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն Լաչինի միջանցքը պիտի տրվի Հայաստանին, իսկ Մեղրիի միջանցքը՝ Ադրբեջանին:

Իհարկե, Ադրբեջանի նախագահի խոսքերը չարժե հալած յուղի տեղ ընդունել: Բայց մի շարք փաստեր վկայում են, որ նա ճիշտ է ասում: Նախ, եթե խոսքը հերթական քարոզչական հնարքի մասին լիներ, այս գաղտնիքը կբացահայտեր ոչ թե անձամբ Ալիևը, այլ որևէ երկրորդական-երրորդական պաշտոնյա: Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ալիևը խաբել չի կարող. նրանք մասնակցել են բանակցություններին և ամեն ինչից տեղյակ են: Բացի այդ, ժամանակին «Մեղրիի տարբերակի» գոյությունը հայ պաշտոնյաները չեն էլ հերքել: Ավելին՝ հաստատել են, որ նման տարբերակ իսկապես գոյություն է ունեցել, և ի վերջո կարողացել են «օկուպացված զուգարանների» մասին անհեթեթ խոսակցությունների միջոցով շեղել հասարակության ուշադրությունը բուն թեմայից՝ Մեղրիի միջանցքից: Մեր պաշտոնյաները նույնիսկ հպարտորեն (և որ զարմանալի է՝ շատ ճշգրիտ) նշել են փարիզյան երեք սկզբունքները: Այն է՝ 

ա. Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, 

բ. պետք է բացառվի Ղարաբաղի ուղղահայաց կախվածությունն Ադրբեջանից, 

գ. Ղարաբաղը պետք է ունենա անվտանգության միջազգային երաշխիքներ: 

Դժվար չէ նկատել, որ Մեղրին Լաչինի հետ փոխանակելուց հետո Հայաստանի համար բոլոր երեք «սկզբունքային հարցերը» լուծվում են: 

Դժվար չէ նկատել նաև, որ ազատագրված տարածքների մասին արդեն խոսք անգամ չկա: Այսինքն՝ Քոչարյանը պատրաստ է հանձնել դրանք: Ըստ Ալիևի, պրոբլեմն այն է, որ հայկական կողմը չի ցանկանում Մեղրին Ադրբեջանին հանձնել որպես «ինքնիշխան միջանցք» (այսինքն՝ որպես Ադրբեջանի մաս): 

Քոչարյանն ու իր թիմակիցներն, անկասկած, «գլխների գալիքը» գիտեին: Այսինքն՝ գիտեին, որ վաղ թե ուշ կոմպլեմենտարիզմի գաղտնիքը բացահայտվելու է, և պարզ է դառնալու, որ Քոչարյանն իսկապես հրաժարվել է ոչ միայն ազատագրված տարածքներից, այլև Մեղրիից (ինչն, ի դեպ, ՀՀ օրենքներով համարվում է պետական դավաճանություն): Նրանք հասկանում են նաև, որ արդեն եկել է այն ժամանակը, երբ բոլորն են սկսել հասկանալ, թե «ով ինչ է արել Ղարաբաղի համար, և ով է իրականում ծախում այն»: Դրա համար էլ նախօրոք են պատրաստվել՝ իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով «տեսակետներ հայտնելով», թե նախկին իշխանությունների վերադարձը կարող է ֆինանսավորվել Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից: Էշության աստիճանն այնտեղ է հասել, որ նախկիններին սկզբում մեղադրում են մի քանի միլիարդ թալանելու մեջ, հետո սկսում մտածել, թե որտեղից նրանք փող կգտնեն վերադառնալու համար: 

Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանում լրջորեն մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իմպիչմենտի գործընթացով, քանի որ Քոչարյանի պաշտոնանկությունը ոչ միայն նրա պատճառով խայտառակ վիճակում հայտնված Հայաստանին «թայմ-աուտի» հնարավորություն կտա, այլևս փաստորեն չեղյալ կհամարվեն Քոչարյանի տված խոստումները: Իսկ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ «փարիզյան սկզբունքները» բացահայտորեն բխում են իրենց շահերից: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 370, հունիս 18, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ