...

Անհրաժեշտ պաշտպանության սկզբունքը

Անհրաժեշտ պաշտպանության սկզբունքը

ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ էության, ընդդիմությունը վաղուց պիտի հասկացած լիներ, որ այս իշխանությունների դեմ «Սահմանադրության շրջանակներում» պայքարելն անիմաստ է: Եվ եթե ընդդիմությունն իսկապես մտադիր է պայքարել բացառապես Սահմանադրության շրջանակներում, իշխանությունները կարող են թեթևացած շունչ քաշել և նույնիսկ մի կուշտ ծիծաղել այդպիսի օրինապաշտության վրա: «Սահմանադրական պայքարը» Քոչարյանին հնարավորություն է տալիս ոչինչ չանել. նրան մնում է ընդամենը քաղաքի այս ծայրից այն ծայրը մի քանի մետր փշալար տեղափոխել և վերջ: 

Օրինակ, Գրետա Սարգսյանը տասը օր նստացույց արեց և ոչնչի չհասավ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը... ոչինչ չարեց: Այդ ակցիան ընդամենը հերթական անգամ բացահայտեց գործող նախագահի բարոյական կերպարը, բայց չէ՞ որ որևէ մեկի համար դա նորություն չէր: 

Ժողովուրդը ցանկանում է օր առաջ ազատվել Քոչարյանի իշխանությունից: Ժողովուրդը դա ապացուցեց երկու անգամ` փետրվարի 19-ին և մարտի 5-ին, իսկ հիմա ապացուցում է ամեն ուրբաթ` մասնակցելով հանրահավաքներին ու ընդդիմությունից կոնկրետ քայլեր պահանջելով: Ժողովուրդը չնվազող ակտիվությամբ մասնակցում է հանրահավաքներին` գիտակցելով հանդերձ, որ ամեն հանրահավաքից հետո 30-40 հոգու բռնում են: Թող ներեն ինձ ընդդիմության ղեկավարները, բայց ամեն ուրբաթ նրանք իրենց «լոլոն» են կարդում «սահմանադրական պայքարի» մասին, և հասկանալի չէ` դրանով ուզում են դո՞ւր գալ Քոչարյանին, վախենո՞ւմ են, թե՞ իսկապես հավատում են, որ այդ ձևով հնարավոր է հասնել հաջողության: Գիտակցո՞ւմ են արդյոք ընդդիմության ղեկավարները, թե ինչ պատասխանատվություն են ստանձնել` համաժողովրդական պայքարն առաջնորդելու հայտ ներկայացնելով: Գիտակցո՞ւմ են արդյոք, որ պիտի կամ տրամաբանական ավարտին հասցնեն համաժողովրդական պայքարը, կամ իջնեն հարթակից ու գնան տուն, որովհետև խնդիրը ոչ թե իրենց իշխանության հասնել-չհասնելու հարցն է, այլ Հայաստանի ապագան: 

Իսկ թե ինչպես են վարվում իշխանությունները` մենք չենք նկարագրի: Փոխարենը կհիշեցնենք, թե ինչպես նացիոնալ-սոցիալիստները Գերմանիայում հասան լիակատար իշխանության և հաշվեհարդար տեսան ընդդիմության հետ: 1933թ. փետրվարի 27-ին, Հիտլերի կանցլեր նշանակվելուց 27 օր անց և պառլամենտական ընտրություններից վեց օր առաջ, Ռայխստագում հրդեհ բռնկվեց: Չգիտես ինչպես հրշեջներից շուտ տեղ հասած Գյորինգը հայտարարեց, թե հրդեհը կազմակերպել են կոմունիստներն ու Գերմանիայի ազգային կուսակցությունը: Արդյունքում` քաղաքական հետապնդումներ, հաշվեհարդար, և նացիոնալ-սոցիալիստների լիակատար հաղթանակը: «Զարմանալիորեն», յոթ ամիս անց «նախաքննության մարմինը» պարզեց, որ Գյորինգի «կանխատեսումը» ճիշտ էր: Միայն 1945-ից հետո պարզվեց, որ իրականում հրդեհը հենց ֆաշիստներն էին կազմակերպել, բայց մինչ այդ Գերմանիան հիմնովին ավերվել էր, զոհվել էր 10 միլիոն մարդ... Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: 

Թե ինչ գին է վճարում Իրաքի ժողովուրդն այն բանի համար, որ այդ երկրի ընդդիմությունը ժամանակին պայքարում էր բացառապես Սահմանադրության շրջանակներում` տեսնում ենք ամեն օր: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ մենք Սահմանադրության շրջանակներից դուրս գալու կոչ ենք անում: Իհարկե` ոչ: Մենք կոչ ենք անում գործել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սահմաններում` հաշվի առնելով նաև այն փաստը, որ նույնիսկ ամենաժողովրդավարական համակարգեր ունեցող երկրներում գործում է «անհրաժեշտ պաշտպանության» սկզբունքը: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 281, մարտի 28, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ