ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՄԵԿՆ Է
Ովքե՞ր են հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները: Բոլորը գիտեն: Բայց շարունակում են փնտրել: Փնտրելը լավագույն ինքնապաշտպանությունն է: Որովհետև հաջորդը կարող են իրենք լինել:
Մոպասանը մի պատմվածք ունի՝ «Փքաբլիթը» («կօՔՍՈ»): Գլխավոր հերոսուհին մասնագիտությամբ մարմնավաճառուհի է, բայց, որպես հայրենասեր ֆրանսուհի, հրաժարվում է մասնագիտական ծառայություններ մատուցել թշնամական (գերմանական) բանակի սպային: Վերջինս իր հերթին հրաժարվում է ազատ արձակել ֆրանսիացիների խմբին: Արդյունքում բոլոր «հայրենասեր» ֆրանսիացիները մարմնավաճառուհուն համոզում են կատարել իր մասնագիտական պարտականությունները, բայց հայտնվելով ազատության մեջ՝ երես են թեքում նրանից: Մոտավորապես նույնը տեղի է ունեցել Հայաստանում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին: Եվ քանի որ «Ովքե՞ր են կազմակերպիչները» հարցի պատասխանն ըստ էության գիտեն բոլորը, ավելի արդիական է մեկ այլ հարց. «Ովքե՞ր են նպաստել հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը»: Պարզ ասած՝ Հայաստանի ո՞ր քաղաքական ուժերի գաղափարական ուղղվածությանն ու գործելաոճին էր համապատասխանում այդ ոճրագործությունը, և ո՞ր ուժերն էին դժվարանում թաքցնել իրենց անասնական հրճվանքը:
Հոկտեմբերի 27-ը համապատասխանու՞մ էր Դաշնակցության գաղափարներին ու գործելակերպին: Միանշանակ: Կուսակցությունը, որի անդամները երդվում են ոչ թե Սահմանադրության, այլ ատրճանակի վրա, անկասկած, կողջուներ «մի խումբ ռոմանտիկների» նման քայլը: Պատահական չէ, որ Նաիրի Հունանյանը հենց Հրանտ Մարգարյանին էր զանգում՝ թե մենք մեր բաժին գործն արել ենք, եկեք տեր կանգնեք:
ԱԺՄ-ին հոգեհարազա՞տ էին այս գործողությունները: Անկասկած: 96-ի սեպտեմբերին հենց նրանք էին խոստանում ծառերից կախել երկրի ղեկավարներին, ու հենց նրանք ներխուժեցին ԱԺ շենքը՝ հաշվեհարդար տեսնելով խորհրդարանի ղեկավարության նկատմամբ: Պատահական չէ, որ հոկտեմբերի 27-ին ոճրագործը Վազգեն Մանուկյանի ելույթներից էր մեջբերումներ անում՝ քաղաքական կուրսի փոփոխության ու ոտաբոբիկ երեխաների մասին:
Հոգեհարազա՞տ էր այս ամենը ՍԻՄ-ի համար: Անկասկած: Վերջինիս պաշտոնաթերթ «Իրավունքը» տարիներ շարունակ քարոզչական նախապատրաստություն էր իրականացնում՝ մանրամասն նկարագրելով, թե հատկապես ինչ եղանակով պետք է ջարդել իշխանավորներին: Եվ պատահակա՞ն է արդյոք, որ Նաիրի Հունանյանը ախպերավարի գրկախառնվում էր Հայկ Բաբուխանյանի հետ, իսկ վերջինս էլ դատարանում թաքնվում է նույն «Իրավունքի» հետևում՝ թե իբր այդ ամենի նպատակը թերթը վարկաբեկելն է...
Եվ վերջապես՝ հոգեհարազա՞տ էին այս մեթոդները անձամբ Ռոբերտ Քոչարյանի համար: Միանշանակ: Դա բացահայտվեց ավելի ուշ՝ «Առագաստ» սրճարանում: Քոչարյանը հայտարարեց, թե եթե Պողոս Պողոսյանը մեռած չլիներ, ինքը նրան մի երկու բան կասեր: Ի՞նչ եք կարծում, այս բառերի հեղինակը ներքաղաքական պայքարում Սահմանադրությա՞մբ կառաջնորդվեր, թե՞ ջեբկիրների օրենքով:
Հոկտեմբերի 27-ը Հայաստանի համար քաղաքական ջրբաժան էր: Ջրբաժան՝ այն իմաստով, որ մի կողմում հավաքվեցին նորմալ մարդիկ, մյուս կողմում՝ քաղաքական տականքը: Եվ ամենևին նշանակություն չունի, թե կոնկրետ ով է կազմակերպել ոճրագործությունը: Ճիշտ այնպես, ինչպես նշանակություն չունի, թե Մոպասանի պատմվածքում ում փաստարկն է վերջնականապես համոզել հերոսուհուն:
Մանավանդ որ կոնկրե՛տ կազմակերպիչների մասին գիտեն բոլորը:
Հրայր Ավետիսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 380, հուլիս 23, 2002 թ.