...

... Եվ երկու դրական կերպար՝ Ռոբերտ Քոչարյան և Նաիրի Հունանյան

... Եվ երկու դրական կերպար՝ Ռոբերտ Քոչարյան և Նաիրի Հունանյան

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ

Մինչ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո կազմակերպիչների մասով գործն առանձնացված է, և նախաքննության մարմինը կազմակերպիչներ է որոնում՝ առայժմ չկարողանալով պատասխանել նույնիսկ այն հարցին, թե կա՞ն կազմակերպիչներ, թե՞ ոչ, որոշ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներով բացահայտում են, որ կա՛ն կազմակերպիչներ: Այսպես, հունիսի 12-ին «Գոլոս Արմենիի» թերթում լույս է տեսել մի հոդված՝ Ալեքսանդր Թովմասյան ստորագրությամբ, որտեղ վերջինս ջանք ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու համար, որ Վազգեն Սարգսյանն իրականում ստալինյան տիպի բռնապետ էր, իսկ Կարեն Դեմիրճյանը իր կուզի վրա խորհրդարան բերեց սոված չինովնիկներին: Եվ այս երկուսի բռնապետությունը շատ ավելի վատ էր, քան օտարների լուծը:

Ըստ հոդվածագրի՝ հոկտեմբերի 27-ը ողբերգություն էր միայն զոհերի հարազատների համար, իսկ ժողովուրդը դրա գնահատականը կտա հետագայում: Եվ ընդհանրապես, ծավալուն այս հոդվածում կան չորս բացասական կերպարներ՝ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Վանո Սիրադեղյան և Լևոն Տեր-Պետրոսյան: Եվ կան երկու դրական կերպարներ. Ռոբերտ Քոչարյան և Նաիրի Հունանյան:

Խոսքը, իհարկե, հոդվածագրի (ուհու) մասին չէ: Միշտ էլ կգտնվեն լրագրող (ուհի)ներ, որոնք, չկարողանալով վաճառել այլ բան, կվաճառեն իրենց գրիչները: Խոսքը հետևյալի մասին է:

Ենթադրենք, հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների թիկունքում կազմակերպիչներ կան: Այդ դեպքում ի՞նչ երաշխիքներ պիտի տային նրանք ահաբեկիչներին:

1. Անձնական անվտանգության ապահովում (կալանավորի համար ԱԱՆ-ի մեկուսարանից ավելի ապահով տեղ չկա):

2. Երաշխիքներ, որ որոշ ժամանակ անց հասարակական կարծիքը կշրջվի հօգուտ ահաբեկիչների, և լրատվամիջոցներն ակտիվորեն կաշխատեն այդ ուղղությամբ:

3. Լրատվամիջոցները հոկտեմբերի 27-ի զոհերին կներկայացնեն որպես հանցագործների, հետևաբար՝ ահաբեկիչները կդառնան հերոսներ:

Այսքանից հետո մի՞թե պարզ չէ, որ հոկտեմբերի 27-ի և «Գոլոս Արմենիի» թերթի այս նողկալի հոդվածի պատվիրատուները նույնն են, և եթե ցանկություն կա հայտնաբերել հանցագործության կազմակերպիչներին, դրա համար պետք է պարզապես հետաքրքրվել, թե ո՞վ է վերոհիշյալ հոդվածի իրական հեղինակը, և ո՞վ է պատվիրել այդ հոդվածը, և ո՞վ է իրականում ֆինանսավորում թերթը:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 217, հունիսի 14, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ