ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է
Ժանրի կանոնները թելադրում են, որ պետք է լինեն անհայտ և հայտնի գործոններ:
Հայտնի են, անշուշտ, զոհը կամ տուժողը, հաճախ՝ հանցագործության վայրն ու պայմանները, հազվադեպ՝ հանցագործը: Հայկական սահմռկեցուցիչ դետեկտիվում «պարզված» են վերոնշյալ բոլոր «հանգամանքները»: Մնում է մեկ X, և այս X-ը պատվիրատուն է:
X= պատվիրատու հավասարման լուծումն այնքան խրթին է, որ հայաստանյան շատ քաղաքական գործիչներ անթաքույց կամ հոգու խորքում այն անլուծելի են համարում: Որևէ հավակնություն չունենք «գործից անջատված մասով» քննությունն ուղղորդելու կամ ճնշում գործադրելու դատավարության վրա: Քավ լիցի: Պարզապես...
Յուրաքանչյուր քաղաքական սպանություն ունենում է իր նախապատմությունը: Հոկտեմբերի 27-ի հրեշավոր հանցագործությանը նախորդող շրջանն առանձնանում է որպես հակասական, դրամատիկ, ողբերգական դեպքերով լեցուն ժամանակահատված: 1998թ. Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Բոլորին պարզ էր, որ այն չէր իրականանա առանց զոհերից մեկի՝ Վ. Սարգսյանի աջակցության: ՀՀ պաշտպանության հզոր նախարարի միջոցով Ռ. Քոչարյանը զբաղեցրեց մեր երկրի նախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ ՀՀ առաջին նախագահի հրաժարականից անմիջապես հետո, բանտից ազատվեցին ՀՅԴ անդամները, որոնք այնտեղ էին հայտնվել «Դրոյի» գործով: Իսկ այս գործում կար մի հետաքրքիր «ցուցակ», որտեղ մահվան դատապարտված քաղաքական գործիչների ցանկը գլխավորում էր Վ. Սարգսյանը: «Դրոյի» գործունեությունը բացահայտվել էր 1994 թվականին, ուրեմն՝ սպարապետն այն ժամանակ արդեն շատ էր խանգարում որոշ ուժերի:
1998թ. օգոստոսին սկսվեց պետական պաշտոնյաների սպանությունների մի շարք, որոնցից ոչ մեկը, սակայն, չբացահայտվեց: Հանրապետության դատախազ Հ. Խաչատրյանը փայլուն գիտնական էր և չէր կարող խամաճիկ դառնալ որևէ ոչ լեգիտիմ իշխանավորի ձեռքին՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու նպատակով: Այսպիսի գլխավոր դատախազն, անկասկած, խոչընդոտելու էր հայոց պետականությունը խարխլող բոլոր անօրինական գործողություններին: Ընդ որում՝ այս կարգի մասնագետը վտանգավոր է նույնիսկ պաշտոնանկ արվելուց հետո, շատ բան գիտեր և չէր լռելու:
1998-ին են բաժին ընկնում նաև երկու բարձրաստիճան սպաների՝ Վ. Խոռխոռունու և Ա. Մարգարյանի սպանությունները: ՊՆ նախարարի տեղակալը՝ Վ. Խոռխոռունին, ներքին զորքերի հրամանատարը՝ Ա. Մարգարյանը, Վ. Սարգսյանի զինակիցներն էին: Նրանց չգոյությունը, մահից հետո նրանց անունների շուրջ ծավալվող ուղղորդված բամբասանքը ունեին միայն մեկ միտում՝ թուլացնել Վ. Սարգսյանի դիրքերը:
Սակայն այդպես չեղավ: 1999-ին հանրապետության քաղաքական կյանքում տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ. Վ. Սարգսյանի և Կ. Դեմիրճյանի դաշինքը խառնեց շատ-շատերի խաղաքարտերը: Առաջին հայացքից տարօրինակ էր, որ Ռ. Քոչարյանին իշխանության բերողը ԱԺ ընտրություններին է գնում նրա հակառակորդի հետ: Կրկնում եմ՝ տարօրինակ էր միայն առաջին հայացքից: Քանի որ հայոց բանակը կերտած գործիչը շատ լավ էր գիտակցել պետության շահը և վերագնահատել հենց իր անցյալը: Կարեն Դեմիրճյանն ուներ պետական իշխանության անգնահատելի փորձ, անվերապահորեն ընդունելի էր ժողովրդի համար և շատ հավասարակշիռ քաղաքական գործիչ էր:
1999թ. մայիսյան ընտրությունները հուսախաբ արեցին հատկապես ՀՅԴ-ին, որը հավակնում էր շատ ավելի ձայների, քան ստացավ: Այդ ընտրություններից հետո հանրապետությունը փաստորեն ղեկավարում էր վարչապետը՝ Վ. Սարգսյանը, իսկ ԱԺ-ում դժվար թե որևէ մեկը կարողանար իր կամքը փաթաթել Կ. Դեմիրճյանի վզին: Մեկ կարևոր հանգամանք ևս. այս երկու գործիչներն էլ Հայաստանում իշխանության էին եկել լեգիտիմ ճանապարհով, նրանց իշխանությունն այդ տեսակետից անխոցելի էր թե երկրի ներսում, թե անդրօվկիանոսյան պետդեպարտամենտների համար:
Եվ ուրեմն՝ նրանցից ազատվելու ճանապարհը մեկն էր...
Ամփոփենք. 1. չնայած ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանը պնդում է, որ սպանության մասին սկսել է մտածել 1999-ի օգոստոսից, իսկ նախաքննական ցուցմունքներից երևում է, որ ծրագիրը կազմվել է ն.թ. մարտից, Վ. Սարգսյանն արդեն 1994-ին կար «Դրոյի» ցուցակում՝ որպես զոհ:
2. 1998-ին Հայաստանում սպանվեցին մարդիկ, ովքեր աջակցելու էին նրան: Այս հանցագործությունները մնացին անպատիժ:
3. 1999-ին երկրում փոխվեց իրավիճակը: ԱԺ ընտրություններից հետո պետության ղեկը փաստացի անցավ հոկտեմբերի 27-ին սպանված Վ. Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ձեռքը: Պարզ էր, որ հանրապետության համար կենսական խնդիրները պետք է լուծվեին հատկապես նրանց միջոցով:
Հանցագործությունից մի քանի ամիս անց իշխանությունը Հայաստանում դարձավ միաբևեռ: Ռ. Քոչարյանը կարողացավ չեզոքացնել, իշխանությունից հեռացնել քիչ թե շատ իրեն ընդդիմացողներին: Զոհերի հարազատները՝ վարչապետ դարձած Ա. Սարգսյանը, քաղաքական առաջին քայլերն անող Ս. Դեմիրճյանը, հոկտեմբերի 27-ին հաջորդած առաջին ամիսներին կատարեցին իրենց բուֆերային դերը: Եվ դեռ շարունակելու են կատարել...
X= պատվիրատու հավասարումը նախաքննական մարմինը չի լուծել, չի լուծելու նաև դատաքննությունը: Իսկ Նաիրի Հունանյանը պաշտպանում է Ռ. Քոչարյանին: Ինչու՞, ի՞նչ է ակնարկում...
Լևոն Ասատրյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 193, մայիսի 3, 2001 թ.