«Ու եթե անգամ ի հայտ գա, որ ճիշտ է հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքը, ապա սա բնավ էլ չի նսեմացնի այսօր վանդակներում գտնվողների արժանիքները. եթե եղել են՝ եղել են վարչակարգի դեմ՝ հանուն Հայրենիքի...»:
(«Մենք քեզ սիրում ենք, Վահա՛ն», «Երևան» լրատվական կենտրոն, «Իրավունք», թիվ 15, 1997թ.):
Իսկ վանդակներում հայտնվածները մեղադրվում էին ծանրագույն քրեական հոդվածներով: «Դրոյի», «30+Վահան Հովհաննիսյան» գործերով դատավարությունները մեծ վրդովմունք էին առաջացրել թե՛ հայրենական «խոշոր» մտավորականների շարքերում, թե՛ խիստ օբյեկտիվ և քաղաքակիրթ գործիչների: Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ իռացիոնալ (բայց և բացատրելի) ատելությամբ լցված «հասարակական խավերը» ջանք չխնայեցին այս «դատերը» քաղաքականացնելու, ՀՅԴ-ականների մարդու իրավունքները պաշտպանելու համար: Հիմնական փաստարկը մեկն էր. իշխանությունները վախենում են ընդդիմությունից, դրա համար էլ ընտրություններից առաջ «փակեցին» դաշնակցությունը: Եվ ոչ ոք՝ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական «բանակներում» չփորձեց իսկապես հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Իսկ Հայաստանում այդ ժամանակվանից նախապատրաստվում էր 1999թ. հոկտեմբերի 27-ը: Ուրեմն վերականգնենք 1994-ի դեկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռուստաելույթից հետո մեր երկրում «առաջացած» մթնոլորտի «պատկերը»: Սակայն դրանից առաջ փորձենք պարզել, թե ինչու ՀՀ առաջին նախագահը իր վրա վերցրեց «Դրոյի» մասին հասարակությանը տեղեկացնելու «պարտականությունը», ինչու այդ չարեցին ազգային անվտանգության աշխատակիցները, ինչու բոլորը թաքնվեցին նրա թիկունքում, ինչու ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք ի զորու չեղավ հասկանալու երկրի ղեկավարի այդ քայլը:
1. Հայաստանի անկախացումից ի վեր բացահայտ էր ՀՅԴ պայքարը երկրի իշխանությունների դեմ, այն սքողվում էր մերթ «ազգային» չեղած գաղափարախոսությամբ, մերթ «հալածված» ժողովրդի շահերը պաշտպանելով, մերթ ռազմական բոլոր հաջողությունները իրենց կուսակցությանը վերագրելով: Սակայն իրականում նպատակը և հանձնարարականը մեկն էր՝ զրկել Հայաստանը ինքնուրույն մտածող ու գործող ղեկավարներից: Անթաքույց էր նաև պայքարի բնույթը՝ հեղափոխական-անհաշտ: Սփյուռքում վաղուց արդեն այս կուսակցությունը հայտնի էր իր տարաբնույթ կառույցներով՝ ռազմականացված-ահաբեկչական, ուրույն «տնտեսական», ինչպես նաև իր կապերով՝ աշխարհի զանազան լրտեսական կազմակերպությունների հետ: Հայրենիքից դուրս ծավալած պահանջատիրական պայքարը ԽՍՀՄ գոյության ժամանակ ինչ-ինչ ուժերի կողմից ուռճացված էր մատուցվում հայաստանյան հասարակությանը, սակայն աշխարհասփյուռ հայության մեծամասնությունը գիտեր, թե ինչ է թաքնված ՀՅԴ տեսլականի տակ, քանի որ այնտեղ էլ իրականացվում էին «ոչ հավատարիմ» հայորդիների բազմաթիվ չբացահայտված սպանություններ, տնտեսական մութ գործարքներ: Իսկ Արցախյան շարժման սկզբում ՀՅԴ գործիչները, անակնկալի եկած, չկարողացան թաքցնել իրենց վախն ու շփոթվածությունը: Հիշո՞ւմ եք Էդուարդ Հովհաննիսյանի ոգեշունչ քարոզները «Ազատություն» ռադիոկայանով, թե գործադուլ պետք չէ, ԽՍՀՄ-ը քանդել պետք չէ, անկախանալը մեզ համար դեռ շա՜տ վաղ է: Իսկ ԽՍՀՄ-ը քանդվեց, և հայաստանցիներն ընտրեցին ազատ ապրելու ճանապարհը, ընտրեցին իրենց ղեկավարներին՝ առանց դաշնակների կարծիքը հարցնելու: Ուրեմն հարկ էր «յեղափոխական» ոգին ներմուծել Հայաստան: Ու դարձյալ նույն կեղծիքի պաթոսը, թշնամիներ որոնելու և նրանց անողոքաբար պատժելու մարմաջը: Երկիրն իսկապես կանգնած էր մեծ վտանգի առջև, քանզի ստեղծված «Դրո» կառույցը ծրագրել էր բազմաթիվ քաղաքական սպանություններ: Պատժվողներից մեկն էլ, իհարկե, Վազգեն Սարգսյանը պիտի լիներ:
Եվ Հայաստանի նախագահը չէր կարող երկրի գոյությունն իսկ վտանգող այս գործընթացին չխոչընդոտել: Հայաստանի նախագահը հերթական անգամ հարվածն իր վրա վերցրեց, որովհետև ով էլ լիներ, «Դրոյի» մասին ով էլ «արտահայտվեր», դառնալու էր մահապարտ: Հայաստանի նախագահը չէր կարող չգիտակցել, որ իր ելույթն անմիջապես քաղաքական շահարկումների առարկա է դառնալու, որովհետև «Դրոն» կապված էր դաշնակցության հետ: Սակայն սա պետք է արվեր, այլընտրանք այդ պահին չկար: Ափսոս, որ մեր տեղական քաղաքագետներն ու գործիչները չկարողացան կոտրել գավառական մտածողության ստերեոտիպը և բացել 100-ամյա կուսակցության տեսլականի բուն իմաստը: Ու ստացանք այն, ինչ ունենք: Հերոսացան ընկ. Վահանն ու ընկ. Հրանտը՝ արագ-արագ հրաժարվելով «Դրոյի» հետ կապ ունենալուց: Ուրիշ էլ ի՞նչ պիտի անեին: (Նաիրի Հունանյանն էլ «նախկին» դաշնակ է): Սակայն ոչ մի վայրկյան չհրաժարվեցին ահաբեկչական նկրտումներից: Այդ են վկայում Էդ. Հովհաննիսյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրանտ Մարգարյանի բազմաթիվ ելույթները, որոնցում փորձում են տարբերակել «լավ» և «վատ» ահաբեկչությունները: Այդ է վկայում սույն կուսակցության պահվածքը հոկտեմբերի 27-ից հետո: (Օրինակ՝ «բենզինի շշերի» մասին պատկերավոր արտահայտությունը): Այդ է վկայում նաև ՀՅԴ քարոզչամիջոցների անզուսպ պայքարը զոհվածների հիշատակի դեմ և հանցագործների «իրավունքների» պաշտպանությունը: Եվ ինչպես «Դրոյից» էին երեսպաշտորեն հրաժարվում, այժմ էլ թեթևակի հրաժարվում են Նաիրի Հունանյանից: «Բոլոր հակադաշնակցական խմբակները սկզբնական շրջանում դաշնակցության մեջ ձևավորվել են իբրև այլախոհ խմբակներ, իսկ երբ անջատվել են, դարձել են հակադաշնակցական»,- վկայում է Հրանտ Մարգարյանը դատավարության ժամանակ: («Իրավունք», ապրիլ, 1996թ.): Չենք կարող չհիանալ ՀՅԴ առաջնորդների հնարամտությամբ. նախկին դաշնակների համար նրանց, երևի, չեն պատժի:
Դառնանք հոդվածի սկզբին: Ուրեմն 1994-ի դեկտեմբերից սկսած մեր «խոշոր» մտավորականներից ոմանք մտահոգ էին «Դրոյի» և նրա շրջապատի ճակատագրով: Դաշնակցության ղեկավարները հերոսական կեցվածք էին ընդունել (պահանջատեր էին ու «ազգային»), իսկ Վազգեն Մանուկյանն ուզում էր ՀՀ նախագահ դառնալ: Ու բոլորին խանգարում էր ահաբեկչությունը մերժող Լևոն Տեր-Պետրոսյանը, խանգարում էր, որովհետև գիտակցում էր՝ ինչ է լինելու «հետո»: Իսկ հետո սկսվեց չբացահայտված սպանությունների շարքը: Քաղաքական սպանությունների: Սկսվեց 1998-ից: Երբ ազատ էին արձակվել «նրանք», երբ ազգայնական դրոշներով իշխանության էին բերել Ռ. Քոչարյանին: Սկսվեց ու շարունակվեց: Բարձրակետը 1999-ի հոկտեմբերի 27-ն էր, իսկ քստմնելին՝ «Պապլավոկը»:
Ու մեր հասարակությունը սովորեց սրան: Սովորեց կեղծ պաթոսին ու փարիսեցիությանը: Սովորեց, որ հոկտեմբերի 27-ի սպանությունն իրականացնողները մարդու իրավունքներ ունեն, իսկ զոհերը՝ ոչ: Որ «Պապլավոկում» ծեծելով սպանողներն «անմեղ» են, իսկ դաշնակցական Պ. Պողոսյանը՝ մեղավոր: Այսպես է ձեռնտու թե՛ ՀՅԴ-ին, թե՛ քոչարյանամետ մտավորականներին:
Իսկ Մուշեղ Սաղաթելյանը համարձակվել էր կասկածել: Ու դրոյականներին, դաշնակներին պաշտպանող Ռ. Սահակյանը չի հավատում: «Ինչ վերաբերում է իմ չհավատալուն, ապա դա ներքին համոզմունքս է»,- «իրավաբանորեն» փաստարկում է նա ու քիչ հետո ավելացնում՝ հիշելով իր հիմնական պատվիրատուին. «Ի դեպ, այդ հեռախոսային խոսակցությունից (Նաիրի Հունանյան-Հրանտ Մարգարյան), որը կա քրեական գործում, կարելի է հետևություն անել, որ Հրանտ Մարգարյանը անակնկալի է գալիս: Հիմա, իհարկե, կսկսեն ասել, թե նա ձևացնում էր» («Հայոց Աշխարհ», 18 հունվարի, 2002թ.):
Լավ, ենթադրենք չէր ձևացնում ու «Դրոյի» հետ էլ կապ չուներ, Նաիրի Հունանյանն էլ նախկին դաշնակ է: Ենթադրենք այնքան արդար են, որ ազատվել են իրադրության փոփոխման պատճառով, այլ ոչ իրենց ձեռնասուն դատարանների փաստարկված վճռով: Ինչի՞ց են վախենում, ինչո՞ւ են այսքան ապաշնորհ ինքնապաշտպանվում: Եվ ինչո՞ւ են ցայսօր մնում «յեղափոխական»: Որովհետև կարմիր դրոշով, տեսլականով, ատելություն սերմանելով միշտ էլ հեշտ է զինված խմբեր ունենալ և յուրաքանչյուր անցանկալի իշխանության հայտարարել ապազգային ու հանուն հայրենիքի հեղափոխություն անել: Իսկ հեղափոխությունը միշտ կարմիր է, արնահոտ: Եվ վերջապես, նույն բառերով են արդարանում Նաիրի Հունանյանն ու նրա գործակիցները: Ոգին ու բառերը նույնն են: Եվ ծրագիրը գրված էր...
Լևոն Ասատրյան
«Չորրորդ իշխանություն», No 326, 22 հունվարի, 2002թ.