5 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Կանխավ հայցում եմ ընթերցողներիս ներողամտությունը, քանի որ պիտի անդրադառնամ իրենց քաջ ծանոթ դեպքերին: Նաև կանխավ զգուշացնում եմ` կարոտախտ չունեմ երկրիս անցյալի ոչ մի հատվածի նկատմամբ: Ուրեմն և` որևէ գործչի հանդեպ:
1998թ. փետրվարի 3-ին Հայաստանում «իշխանափոխության» սկիզբ դրվեց: Պետք է խոստովանենք, որ փոփոխությունների էր սպասում հայ հասարակության մի ստվար հատված: «Նախկին» իշխանություններին հավերժորեն ընդդիմադիր հայտնի քաղաքական գործիչները հորթային հրճվանք էին ապրում` կարծելով, որ իրենց հավակնությունները բավարարելու ժամանակը եկել է: Իսկ «նախկինները» պատվով ընդունեցին պարտությունը. երևի բարոյակա՞ն հաղթանակ էր...
Ղալմաղալի մեջ չլսեցին, չուզեցան ըմբռնել առաջին նախագահի հրաժարականի խոսքը: Այնինչ Տեր-Պետրոսյանի վերջին ճառում ամեն ինչ հստակորեն ասված էր:
1. Հանրապետության նախագահը հրաժարական էր տալիս Սահմանադրությանը հակասող պատճառաբանությամբ` «հայտնի» ուժերի ճնշմամբ.
2. իշխանության էր գալիս պատերազմի կուսակցությունը (սա նրա բնորոշումն է. մենք բազմիցս պնդել ենք, որ ՀՀ-ում իշխանությունը զավթել է տեռորի կուսակցությունը).
3. պարզ էր, որ չի լուծվելու Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռորոշ խնդիրը. խաղաղության պայմանագիր չեն ստորագրելու:
Հինգ տարի հետո մենք ունենք այն, ինչի արժանի էինք: Տնտեսական աճի մասին տափակ խոսակցությունները չեն կարող քողարկել ո՛չ արյունալի հանցագործությունները, ո՛չ չլուծված հիմնախնդրի պատճառով ստեղծված սպառնալիքը` պատերազմի սպառնալիքը, ո՛չ էլ համատարած հուսալքությունն ու բարոյազրկումը:
Մի քիչ ուշադիր լինելու դեպքում կարող եք արձանագրել. Քոչարյանն իր իշխանության 5 տարիների մասին չի խոսում. ինքն իրեն նվաճումներ է վերագրում միայն վերջին 2.5 տարվա կտրվածքով: Եվ ճիշտ էլ անում է. միայն 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց նրա անձի անվերահսկելի վերելքը...
Կարոտախտ չունեմ. որևէ մեկին, առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելն անիմաստ եմ համարում (ումի՞ց և ինչո՞ւ): Սակայն ստիպված եմ արձանագրել. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետևանքով մենք կորցրինք երկրի զարգացման իրատեսական հեռանկարը, զրկվեցինք վիճակը ճիշտ գնահատող ղեկավարից, զրկվեցինք ահաբեկչությունը արգելող իշխանությունից, զրկվեցինք արտաքին աշխարհին արժանապատիվ ներկայանալու հնարավորությունից: Հիմա դարձել ենք գերտերությունների կցորդը և արագորեն օկուպացվում ենք դրանցից մեկի կողմից:
Այս ամենը, հարգելի՛ ընթերցողներ, դուք ինձնից լավ գիտեք: Ձեզնից շատերն են զգում, հասկանում, որ եթե «հրաշքով» չազատվենք տեռորի կուսակցությունից, ապա այն մոտ ժամանակներին կվերածվի պատերազմի կուսակցության: Եվ մեր հազարամյա բազում պարտություններին կավելանա ևս մեկը, վերջինը, վճռորոշը:
Այս անգամ ոչ միայն տարածք կկորցնենք, այլև երկիր, կկորցնենք մեր ինքնությունը, կկորցնենք հայրենիք ունենալու իրավունքը` բյուրավոր զոհերի գնով:
Մտածելու ժամանակ չունենք. լրջանալու պահը վաղուց է եկել և կարծես` երկար է տևում: Կրկնում եմ` ժամանակ չունենք:
Լևոն Ասատրյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 266, Փետրվարի 4, 2003 թ.