...

Քաղաքական սկլերոզ՝ ղարաբաղյան սրացումով

Քաղաքական սկլերոզ՝ ղարաբաղյան սրացումով

ՄԻ ՓԱԹԵԹ ՍՈՒՏ

Այն, որ Քոչարյանի հիվանդությունների ցանկում սկլերոզը բացակայում է՝ հայտնի է: Նույնիսկ ամենամեծ չուզողության դեպքում հնարավոր չէ այդ մարդուն մեղադրել հիշողության կորստի մեջ: 

Նա հրաշալի հիշում է, թե անցյալ դարի ո՞ր տարում իրեն ով է թարս նայել. և ոչ միայն հրաշալի հիշում է, այլև այսօր արդեն հերթով «մուռ» է հանում բոլոր թարս նայողներից: Ուստի, ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է հավատալ, թե Քոչարյանը մոռացել է և չի հիշում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման չորս տարբերակ է եղել, այլ ոչ թե երեք, ինչպես համեստորեն հայտարարում է Քոչարյանը: 

Ի դեպ, Քոչարյանը «մոռացել» է ոչ թե ընդհանուր պետության կամ քիվեսթյան տարբերակի գոյության մասին, այլ մոռացել է 97-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած «փաթեթային» տարբերակի մասին, որը Քոչարյանը, լինելով ՀՀ վարչապետ, մեծ շուխուրով մերժել էր: Ավելին, նա հայտարարել էր, թե այդ տարբերակը պարտվողական է, և ղարաբաղյան կողմը դա երբեք չի ընդունելու: 

Անգլիացի հոգեբան Ֆորենսը բավականին վատ կարծիքի է այն մարդկանց մասին, որոնք փորձում են ուրիշի նվաճումը ներկայացնել որպես իրենց սեփականը՝ հենվելով ժամանակի վրա ու մտածելով, թե ժամանակը մոռացնել կտա՝ ո՞վ է իրականում դրա հեղինակը: 

Հայտնի է, որ աշխարհը լիքն է գրագողերով, որոնք, գայթակղվելով, ասենք, Պուշկինի մի բանաստեղծությամբ, այն նույնությամբ արտագրում և ներկայացնում են իրենց սիրեցյալին՝ հրաշալի իմանալով, որ եթե տվյալ սիրեցյալը բութ չէ՝ հաստատ գլխի է ընկնելու պլագիատի մասին: Բայց նրանց մեջ այնքան մեծ է ուրիշի արածը սեփականաշնորհելու մղումը (որը, ըստ Ֆորենսի, հոգեկան շեղման տարատեսակ է), որ չեն դիմանում այդ գայթակղությանը: Այսօր Ֆորենսը մեզ հետ չէ, այլապես մենք նրան կհարցնեինք, թե ինչպե՞ս է հնարավոր մոռանալ ընդամենը 97-ին երկրի համար ճակատագրական առաջարկները, իսկ դրանից մի քանի տարի անց արդեն սեփականաշնորհել ուրիշի արածը և այն ներկայացնել որպես սեփական հանճարի տիտանական նվաճում: Եթե Ֆորենսը մեզ հետ լիներ, ապա նա գուցե և բացատրեր, որ Քոչարյան Ռոբերտն այսօր, իբր, մոռացել է 97-ի փաթեթային տարբերակի մասին, որը հենց ինքն էլ մերժել է, որովհետև այն, ինչին այսօր կարող է ինքը հասնել՝ 97-ի փաթեթայինի վատթարագույն կրկնությունն է: Փոխարենը, կարելի է հանգիստ հայտարարել, որ 97-ին ոչ մի փաթեթային էլ չի եղել և առավելագույնը, որ կարողացել են պոկել Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ դա 2002-ի կամ 2003-ի փաթեթային տարբերակն է: Որտեղ, ի դեպ, ի տարբերություն 97-ի փաթեթայինի, գլխավոր դերակատարը Մեղրիի միջանցքն է, որին արտգործնախարար Օսկանյանն ու նախագահ Քոչարյանը քնքշորեն անվանում են կոմունիկացիաների տրամադրում մեր հարևաններին: 

Այսօր Քոչարյանը հաղթականորեն ակնարկում է, որ իր դիվանագիտական հանճարի շնորհիվ եռանախագահողները դեմ չեն նաև փաթեթային տարբերակին, համաձայն որի Ղարաբաղը իրավունք է ստանում ունենալ սեփական բանակ, զինանշան, օրհներգ, Սահմանադրություն, ցամաքային կապ Հայաստանի հետ, ինչպես նաև միջազգային անվտանգության որոշակի երաշխիքներ: 

Այո, բայց այդ ամենը առաջին նախագահը առաջարկել է դեռ 97-ի փաթեթային տարբերակում, որտեղ մի մեծ առավելություն կար՝ բացակայում էր Մեղրին, մինչդեռ նույն այդ հաղթական Քոչարյանն այդ առաջարկը մերժողներից առաջինն է եղել: Բայց քանի որ հասարակության հիշողությունը ցեցը կերել է, ու այս հասարակությունը սիրում է նույնիսկ իր բնակարանի տարականների առատությունը բարդել նախկին իշխանությունների գլխին, շատ հանգիստ կարելի է հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդամենը երեք տարբերակ է եղել, իսկ 97-ի փաթեթայինը պարզապես երազ էր, ուղեղի մորմոք: Ու հասարակությունը կհավատա, քանզի այդ ազիզ առիթով Քոչարյանը երևի մի նոր անեկդոտ պատմի իր ռեպերտուարից, ասենք, թե 97-ի փաթեթայինի մասին հիշեցնողները ո՞ր քաղաքի ռեստորաններում են հորինել նման փաթեթի պատմությունը: Հետո մի քանի քյարթու պատմաբաններ և պալատական քաղաքական վերլուծաբաններ քոչարյանանպաստ թերթերում լավաշ հարցազրույցներ կտան ու կպատմեն, որ 97-ին ոչ մի փաթեթ էլ չի եղել, կամ եղածը դավաճանական առաջարկներ էին, որոնք էլ մերժվել են ազգի հերոս Քոչարյանի կողմից: 

Այդուհանդերձ, անգլիացի հոգեբանից սահուն անցում կատարենք լուսակերտցի Նարգիզ տյոտյային. հիշողության մասնակի կամ ամբողջական կորստի դեպքում, եթե նշյալ կորուստը ձեռք է տալիս պացիենտին, Նարգիզ տյոտյան առաջարկում է շարունակել սեփական անձը դնել ռետինե շլանգի տեղ: Բայց նաև, որպես պարկեշտ տյոտյա, զգուշացնում է, որ չի բացառվում ինչ-որ մեկը վերցնի ու պարզապես ծակի նշյալ շլանգը: Հետևանքների համար պատասխանատվությունը Նարգիզ տյոտյան իր վրա չի վերցնում: 

Ուստի, Ռոբերտ Քոչարյանին հիշեցնում ենք՝ 97-ի փաթեթայինի մասին հիմնավորապես մոռանալուց առաջ մտածել դրա հետևանքների մասին, հատկապես, որ 97 թիվը ո՛չ քարե դար է, ոչ էլ խորը միջնադար, որ հնարավոր լինի պատմությունը կեղծել ըստ քոչարյանական հայեցողության: 

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 379, հուլիս 19, 2002 թ.

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ