...

Ինչպե՞ս դառնալ «ժիզնեննի» նախագահ

Ինչպե՞ս դառնալ «ժիզնեննի» նախագահ

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ

Բոլորն այն կարծիքին են, թե մենք չենք ուզում Ռոբերտ Քոչարյանի լավն ու ամեն ինչ անում ենք, որ նա ամեն օր «նյարդանա»: Ուստի այսօր որոշել ենք խոսել Քոչարյանի լավի մասին, որպեսզի նա «չնյարդանա» ու միշտ «լավատեսական» մնա: 

Եվ այսպես՝ ի տարբերություն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը չգիտեր, թե ինչպես է պետք վարվել հայ մտավորական կոչվող աջաբսանդալի հետ, այս մի նախագահն անմիջապես Ստեփանակերտից Երևան հասնելով, ըմբռնեց սույն աջաբսանդալի բաղադրությունն ու միանգամից յուրացրեց այն ուտելու ձևը: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքով անգամ չէր կարող անցնել, որ ազգի մտավորականներին գրպանում պահելու համար շատ քիչ բան է պետք՝ մի քիչ կեր ու մի քիչ փող: Իհարկե, գերադասելի է, որ այդ մի քիչը հնարավորինս շատ լինի: 

Այս նախագահը դա հասկացավ, ու հայեցի մեդալների, շքանշանների և զնաչոկների շարքը համալրվեց այն հաշվարկով, որ հերիքի ազգի բոլոր մտավորականների դոշին: 

Իսկ առաջին նախագահը դա չէր հասկանում և պատճառն այն չէր, որ նա ափսոսում էր երկրի ժեշտը. պարզապես նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարկառուն մտավորականին կարելի է հավացնել 20 գրամ ժեշտով: Ահա այս հարցում առաջին նախագահը դրսևորեց քաղաքական լուրջ անհեռատեսություն, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի մեդալային հեռատեսությունը միանգամից «դզեց» ազգի սերուցքին: 

Սակայն երկու նախագահների տարբերությունը միայն սրանով չի ավարտվում. Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չհասկացավ, որ ժողովրդի հետ պետք է խոսել ժողովրդին ընկալելի բառապաշարով և ոչ մի ինտելեկտ. պատկերացնո՞ւմ եք ազգը ինչքան կսիրեր Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե նա վիզկապը վզին, մկրատը ձեռքը ման գար քաղաքով պատահած բանտիկը կտրելու համար, իսկ իր ժողովրդի հետ շփվեր անմիջական, առանց ավելորդ կիրթ թիթիզությունների, ապավինելով կլիզմային, ձվերին ու գարշոկին: Ժողովուրդն անմիջապես նրա մեջ կտեսներ իր ծոցից ելած բալային ու ըմբռնումով կմոտենար, իսկ պետական լրատվամիջոցները կարձանագրեին՝ «նախագահն, ինչպես միշտ, անկեղծ էր»: Համենայնդեպս, երբ Քոչարյանը քաղաքապետարանում գարշոկն ու տազը խառնեց իրար, «Հայլուրը» որդիաբար հուզվեց՝ «նախագահի խոսքն անկեղծ ու անմիջական էր, ինչպես միշտ»: 

Ու պատկերացնո՞ւմ եք, թե «Հայլուրն» ինչպե՞ս կհուզվեր, եթե սույն հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը խոսեր նաև վատ աշխատողների, ասենք, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի և այլ անպատասխանատուների ձվերից, իր կուսակցություն ժողովրդին բացատրելով, թե իրականում ի՞նչն է խանգարում վատ աշխատողին: Գոնե լավ է, որ հանդիպումը երկու ժամից ավարտվել է, ու Քոչարյանը չի հասցրել անցնել ձվերին: 

Մինչդեռ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարողանա իր ենթակաների հետ խոսել խիստ ձվային, բայց հայրական հոգածությամբ, անհանգստանալով վերջիններիս լավ աշխատանքին խանգարող հանգամանքների մասին: Քոչարյանը կարողանում է, ուստիև՝ փառք ու պատիվ նրան: 

Բացի այդ՝ տեսա՞ք, թե ինչ ֆուրոր արեց Քոչարյանը համալսարանի դասախոսների հետ հանդիպման ժամանակ: Նա անկեղծորեն հայտարարեց, որ ինքը «փլիսոփա» չէ, բայց Ղարաբաղը մերն է: Իսկ առաջին նախագահը, նույն դասախոսների հետ հանդիպման ժամանակ, մի քանի ժամ այդ դասախոսներին բացատրել է Ղարաբաղի հակամարտության խնդիրը, նաև նրանց հետ խոսել հենց այն գաղափարական ոլորտից, որի գծով այս մի նախագահը «փլիսոփա» չէ, և այդ դասախոսներն էլ առաջին նախագահին Ղարաբաղի մասին հարց տալուց առաջ ներողություն չեն խնդրել, ինչպես եղավ այս նախագահի դեպքում: 

Չէ, Ռոբերտ Քոչարյանն ուրիշ է: Մի՞թե չէր կարող Լևոն Տեր-Պետրոսյանն ամիսը մեկ ազգի մտավորականներին հավաքել «Օջախ» ռեստորանում, կերակրել ու ամեն մեկի ջեբը ծրարով փող դնել: Կարող էր, չէ՞, բայց նրա մտքով նման բան չէր անցնում, մինչդեռ պետք է անցներ: Թերևս առաջին նախագահը միամտաբար մտածում էր, որ մտավորականի ջեբը փող դնելով նա կստորացնի նույն այդ մտավորականին: Իզուր, հայ մտավորականը սիրում է, երբ իր քաղաքական ինքնագիտակցությունը խթանում են դրամով կամ տարադրամով: 

Չհասկացավ դա առաջին նախագահը, ուստիև ազգի մտավորականությունը նրան չներեց: Կամ, կարող էր, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանը իր ժողովրդի սիրտը հուզելու համար ասել, որ, ասենք, Սենեկան «Բիթլզ» խմբի չորս անդամներից մեկն է. կարծում եք ժողովուրդը կմտածեր, թե նախագահն անգրագե՞տ է. բնավ, նա գորովանքով կլցվեր իր անտեղյակ նախագահի նկատմամբ, որը ազգի մասին մտածելու հորձանուտում չի հասցնում գիրք կարդալ, ինչպես, օրինակ, նախագահ Քոչարյանը, որն այնքան տանջվեց ազգի դարդերով, որ չնկատեց անգամ, թե ինչպես Մաքիավելին եկավ ու հասավ 18-րդ դար: 

Տարբերությունները երկու նախագահների միջև, ինչպես տեսնում եք, անհամեմատելի են և սույն համեմատության մեջ պարզապես չի կարելի չնկատել Քոչարյանի լավը: Ուստի Քոչարյանին հասնելու համար, որպես սկիզբ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է դիմում ներկայացնի Պոլիտեխնիկի հեռակա էլեկտրատեխնիկական ֆակուլտետում սովորելու համար: Դրանից հետո արդեն կգա կլիզմաների և բառաչող կովերի ողջ ֆոլկլորը յուրացնելու դժվարին և պատասխանատու պահը: Ամենավերջում՝ կմնա դառնալ նաև վոյին ու վսյո: 

Նաիրա Կարապետյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 345, մարտի 22, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ