Թերթելով «Չորրորդ իշխանություն» թերթի 20-ամյա վաղեմություն ունեցող համարները՝ թվում է ժամանակը կանգ է առել։ Կարծես խոսքը երեկվա ու այսօրվա մասին է։ Այն, ինչ գրվել է 20 տարի առաջ, հենց հիմա, հենց այս պահին նույնքան արդիական է, որքան Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիներին։ Զուգահեռներ, բնականաբար, ընթերցողն ինքը կգտնի, այլապես եթե փորձենք նշել ներկայացվող հոդվածի զուգահեռները մեր այսօրվա իրականության հետ, ապա առաջաբանի փոխարեն կստանանք նույնածավալ ևս մեկ նյութ։
Այսօր իշխանություններից մի թուլաբաժին կեր ստացող քարոզչության բոլոր միջոցներն աշխարհի մեղքը սարքում են Վազգեն Սարգսյանի վրա. վաղը ոչ մեկը չի զարմանա, որ պարզվի, թե Վազգեն Սարգսյանն է կործանել Տրոյան, նաև՝ Բաբելոնը, հրահրել է երկրորդ աշխարհամարտը, կործանել է «Տիտանիկը», ծնել է Ներոնին, որդեգրել Ստալինին և ընդհանրապես՝ մեղավոր է:
Այո, Վազգեն Սարգսյանը մեղավոր էր: Մեղավոր էր, որ 98-ի իշխանափոխության հրամանատարն էր, որ հավատաց, թե իր ընկերները և հանրապետության առաջին նախագահը Ղարաբաղը ծախում են. մեղավոր էր, որ չհասկացավ, թե այն, ինչն առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր էլ ոչ ոք մեզ չի տալու, մեղավոր էր, որ ընդունեց ղարաբաղցի, իբր, անզիջում վոյիններին ու հավատաց, թե ղարաբաղցին չի կարող ծախել Ղարաբաղը: Մեղավոր էր, որ Ռոբերտ Քոչարյանին թևի տակ առած՝ հանդիպում էր բոլոր քաղաքական կուսակցություններին, իր ընկերներին ու չընկերներին և համոզում, թե այս նախագահը Ղարաբաղը չի ծախելու: Ու այսօր նրա ընկերները, որոնք համառորեն չէին ուզում ընդունել Քոչարյանին, պատմում են, թե ինչպես էր Վազգենը Քոչարյանին հետը բերում Արարատ ու համոզում, որ ընտրություններում նրան ձայն տան: Այսինքն՝ ընտրությունները կեղծեն հօգուտ Քոչարյանի, քանզի նրան ձայն տվող չէր լինելու: Ու Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ հլու հարսի պես մունջ նստում էր, որ «պապան» գործը դզի: Ու «պապան» դզեց: Բայց եթե այն ժամանակ նույն այդ ընկերների մեջ գտնվեր գոնե մեկը, որ հլու և հնազանդ չենթարկվեր Վազգեն Սարգսյանի կամքին և բացատրեր, որ այս երկրում չապրած մարդը չի կարող և իրավունք չունի դառնալ այս երկրի նախագահը, քանզի ինչքան էլ մենք մեզ հավաքական ազգի տեղ դնենք, պարզ է, որ հայաստանցին, ղարաբաղցին և սփյուռքահայը դրանք տարբեր բաներ են ու այդտեղ առանձնապես ողբերգություն չկա, ու դա բնավ չի նշանակում, թե հայաստանցին ավելի լավ հայ է, քան ղարաբաղցին: Պարզապես՝ տարբեր են ու վերջ: Ու միայն հիմա, երբ նրանց ասածն այլևս գրոշի արժեք չունի, հայտարարում են, թե Քոչարյանին այս երկրի վզին կապեց Վազգենը: Բայց Վազգենը մտածում էր, թե Ղարաբաղն է փրկում, մտածում էր, թե հաղթանակած պատերազմն է փրկում Լևոն Տեր-Պետրոսյանից: Ու Վազգեն Սարգսյանի մի հրահանգով ողջ երկրում ընտրությունները կեղծվեցին ի նպաստ անզիջում Քոչարյանի, որը Ղարաբաղը վերցնելու ու տալու էր Հայաստանին: Ու հիմա են միայն նրանք խոստովանում, որ ձայների 90 տոկոսը ստացել էր Կարեն Դեմիրճյանը, բայց իրենց հրահանգված էր ընտրությունները կեղծել՝ հանուն Ղարաբաղի:
Ու Քոչարյանն ինքն էլ սկսեց իրեն ազգընտիրի տեղ դնել և հավատալ, որ իր կուսակցություն ժողովուրդն է իրեն ընտրել նախագահ և ընտրարշավների ժամանակ իր կուսակցություն ժողովրդի հետ անկեղծանում ու անեկդոտներ էր պատմում կլիզմայի, ձվերի ու մնացած ժողովրդական բաների մասին:
Վազգեն Սարգսյանն, այո, մեղավոր էր, որ այսօր մի ողջ երկրի գավառական իշխանահոտ է բռնել. նախագահը՝ գավառեցի, մանկլավիկները՝ ստորաքարշ ու շիրայոտ: Երկիրն ընկել է գավառական կլանի փոսն ու մզզում է: Իսկ ազգընտիրը զարմացած է իր բախտավոր աստղի վրա, որ հեչից դարձավ աշխարհի մեծերի հետ բազկաթոռներում փռվող պետական այր:
Ու հիմա, երբ խորհրդարանում ամենախփնված ու ամենատգետ պատգամավորը (անունը չենք տալիս՝ մարդու գործը չփչացնելու համար) իր հետ մի կտոր հաց ուտողների շրջապատում հայտարարում է, որ 2008-ին ինքն իր թեկնածությունն է առաջադրելու նախագահական ընտրություններում, մի կտոր հացի շրջապատը փռթկում է: Իզուր եք փռթկում, ընկեր մի կտոր հացականներ: Չէ՞ որ մենք արդեն սովոր ենք լուիսքերոլյան աբսուրդին, երբ ոչինչ այլևս աբսուրդ չի թվում:
Նույնիսկ աբսուրդ չէ այն, որ այսօր ստիպված ենք Նաիրի Հունանյանի հոխորտանքը լսել, որովհետև հոխորտալու իրավունքը նրան մեր գլխին փաթաթված ազգընտիր Քոչարյանն է տվել: Ու վաղը բռունցքներս անզորությունից սեղմելով նայելու ենք, թե ինչպես այդ տգետ անասունին (ի դեպ, ես կարդացել եմ այդ կենսաբանական երևույթի գրական զառանցանքը և վստահաբար պնդում եմ, որ նա ոչ միայն տգետ է, այլև անգրագետ, այլև՝ անսահման ապուշ ու դոնդողանման ուղեղով ամեոբա) չեն գնդակահարելու, որովհետև քրիստոնյա ենք մենք, մեր նախագահն էլ մեզ հետ:
Իսկ իշխանական թուլաբաժնից օգտվող լրատվամիջոցները Վազգեն Սարգսյանի միակ մեղք Ռոբերտ Քոչարյանին երկրի վզին, որպես ճիտին պարտք դնելը թողած՝ իրենց գավառացի ու գավառամիտ տերերի պատվերն են կատարում:
Որովհետև Քոչարյանին թվում է, որ եթե գոնե մի չորս թերթ զբաղվի դիակապտությամբ ու Վազգեն Սարգսյանին աշխարհի մեղքերը վերագրի՝ դրանից իր պատիվը թռնելու է պոլիտեխնիկի կռիշը:
Իսկ ընդհանրապես՝ նորմալ երկրներում դիակապտության համար դատական պատասխանատվության են ենթարկվում ոչ միայն դիակապտողները (այս դեպքում Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին կեղտոտող խմբագիրներն ու լրագրողները), այլև դիակապտության պատվիրատուները: Չնայած, ըստ ախտաբանների, դիակապտությունը պատվիրովի չի լինում:
Ու այստեղ ևս մենք հաճելի բացառություն ենք:
Նաիրա Կարապետյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 232, հուլիսի 11, 2001թ.