...

Տեր ենք

Տեր ենք

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միմյանց դեմ տարած փայլուն հաղթանակներով ասպարեզում մի ծվատված երկիր ենք թողել` որ մեզ որպես խորթերի է նայում և մենք էլ իրեն` որպես օտարի: Որպեսզի այդպես չլիներ, որպեսզի մենք բոլորս գտնեինք միմյանց, միմյանց պատկանեինք... Բայց դա չի եղել ու չի լինի. Վազգենը նրա համար չի սպանվել` որ միմյանց հայացքներում դարձյալ հայրենիք կարդանք: Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Սիրադեղյանը ասպարեզից նրա համար չեն քշվել` որ ասպարեզում դարձյալ բոլորիս հայրենիքը լիներ և մենք բոլորս իր որդիները լինեինք: 

Հրանտ Մաթևոսյան «Մի ուրացեք ձեր եղբորը», Երևան, 2002թ. 

Մեր դժվար երկրի փիլիսոփաները մեծ գրողներն են եղել: Մեծերը խոսել-զգուշացրել են, ու մենք չենք լսել: Խորենացուց մինչև Մաթևոսյան... Իսկ այսօրվա ճղճիմ թոհուբոհում ավելի ենք խլացել: Նախագահ ենք ընտրելու: Բայց մեզ համառորեն փորձում են համոզել, որ դրա իրավունքը չունենք: Բոլո՛ր միջոցներով, չխորշելով ոչնչից: Ու համոզված են` ինչքան ուժեղ լինի կեղծիքը, այնքան շուտ գլուխներս կկորցնենք, այնքան ավելի կխորթանանք մեր հայրենիքին: Այդպես իրենց պահում են զավթիչները: Չէ՛: Զավթիչներին ծառայող մարզպան-ոստիկանները: Մի առիթով Մաթևոսյանն ասաց, թե ով էլ լիներ մեր ղեկավարը, թեկուզ թուրքի լամուկ, պիտի կարողանայինք թագավոր դարձնել: Այսօրվանների մասին չէր, թող իրենց չվերագրեն հանկարծ: Որովհետև նա լավ էր տեսնում, թե ուր ենք գնում, քանի տարով ենք ետ շպրտվում: Հիշեցնեմ. լրագրող Արմեն Դուլյանը հարցրել էր. «Ժամանակին Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորում էիք հրաժարական չտալ` ասելով, թե դա Հայաստանը ետ կգցի մի երեք տարով: Կարծո՞ւմ եք արդյոք, որ Ձեր կանխատեսումը իրականացել է»: Իսկ Մաթևոսյանը պատասխանել էր. «Բայց լավ վրիպել եմ. ի~նչ երեք-չորս` յոթանասուներեք-յոթանասունչորս էի «կանխատեսելու», Խորհրդային Հայաստանի իրականությունը բացառելով, որպես թե անբնակ ամայությամբ են անցնում, որպես թե այդ ժամանակը ասես չի էլ եղել, պետք է իջնեի հարյուրամյակի խորքերը` բաց կրքերի ու անսքող հավակնությունների ժամանակը, ուր ժողովուրդը հենց անդեմ ու անանուն լուռ երկրի զանգված է որ կա և իր վրայով անմռունչ է անցկացնում իր որդիների չար խաղերը»: 

Այդպես էր 2002-ին: Բոլորս էինք կարծում, որ ժողովուրդն էլ ուժ չի գտնի ոտքի կանգնելու: Կարծում էինք` մոռացել են իրենց ընտրած նախագահին` Կարեն Դեմիրճյանին, ու Սպարապետին` Վազգեն Սարգսյանին: Ավելի մեծ ինքնախաբեության մեջ էին այսօրվա իշխանավորները` մտածելով, որ հոկտեմբերի 27-ը մոռացվել-ներվել է: 2003-ի հունվար-փետրվարյան օրերին ժողովուրդն ապացուցեց հակառակը` չի՛ մոռացել, չի՛ ներել: Ոտքի է կանգնել և ուզում է ազատվել զավթիչներից, ուզում է իրեն վերադարձնել հայրենիքը, մարդկային իր կերպարանքը: Ուզում է գտնել իր կերպարը: Խանգարելու են: Արդեն հոգեվարքի մեջ` խանգարելու են: Ու եթե մեր երկրի «խելոքները» մի կողմ չդնեն իրենց անսքող հավակնությունները, ժողովրդի մեջքը վերջնականապես կոտրելու են, իսկապես դառնալու ենք անդեմ-անհայրենիք: Բայց չեմ հավատում այսպիսի վերջաբանի: Մեր ժողովուրդն իր մեծ հոգիների կողմից պաշտպանված է: Մաթևոսյանի, Վազգենի, Կարեն Դեմիրճյանի: Այդ հոգիները սնող, այդ հոգիների համար կյանքի իմաստ դարձած ժողովուրդը պաշտպանված է: Նրանց ֆիզիկական չգոյությունը մերօրյա ֆանտասմագորիկ պայքարում, անշուշտ, ծանր հարված է: Բայց հիշատակը թարմ է, ցավը` խորին: Իսկ Մաթևոսյանի խոսքն` ավելի քան արդիական: Լսում եմ ձայնը` կարդալիս: 

«Ասում եք` վերջն ի՞նչ է լինելու: 

Նրանց տապալումը այդ կերպարի տապալումը չէ. նրանց` Վազգենի և Դեմիրճյանի տապալումը, թշնամուց որքան էլ ճիշտ ընտրված, միայն իրենց կործանումն էր. կանչելու ենք, և մեզնից և մեզնով բարձրանալու է նույն կերպարը` բանականության ու հանդուրժումի մարդը: Նրա տիրական ներկայությամբ արդեն` այլ կեցվածքի ժողովուրդ կլինենք և այլ հայրենիք»: 

Ուրեմն` պիտի ընտրենք մեր կերպարը ու մեր ընտրյալին պիտի կարողանանք տեր դարձնել ու պիտի կարողանանք նրան տեր լինել: Որ օտարի շունչը մեր հայրենիքը մեզնից չօտարի: Ամերիկա-Եվրոպա-Ռուսաստանը մեր երկրում ի՛ր շահն ունի` հաճախ մեր շահին հակառակ: Հույսներս դրանց վրա չէ:

Ահաբեկչություն-սպանություն, թալան ու երկրի անամոթ վաճառք մենք պիտի վերացնենք: Պիտի ուժեղ լինենք, որ չխորթանանք մեր հողից ու չուրանանք մեր եղբորը: 

Լևոն Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 268, Փետրվարի 11, 2003 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ